ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վաճառել զբոսանավ, որը սպասարկում էր ՀՀ բարձրագույն ղեկավարությանը:
Որոշման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել որոշման ընդունում՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցերե փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 143 372 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` մեկնարկային գին սահմանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 90 915 000 դրամ շուկայական արժեքը»:
Որոշման նախագծում նշված զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում: Ըստ կառավարության` վերը նշված նպատակով զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա: