Անփորձին ընտրելով. ով կզբաղեցնի արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում տեղի կունենա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթ: Նշենք, որ Լ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը Սմբատ Դաղբաշյանն է եւ կենտրոնը ղեկավարում էր 2001 թվականից:

Ըստ որոշ տեղեկությունների` արյունաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին իր թեկնածությունն առաջադրել է նաեւ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Սակայն ինքը` Սերգեյ Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սուտ են այս տեղեկությունները. «Ես չեմ առաջադրվել եւ մտադրություն էլ չունեմ իմ թեկնածությունն առաջադրելու»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի էր ունեցել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ընտրության մրցույթ, որին մասնակցել էր Սերգեյ Խաչատրյանը: Ի դեպ, նա մրցույթը անցած թեկնածուներից է եղել, սակայն, չգիտես թե ինչու, առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը որոշեց նշանակել երիտասարդ, բայց կառավարման փորձ չունեցող Հովակիմյանին: Եւ զարմանալի չէ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Արման Հովակիմյանն ու Արսեն Թորոսյանը մտերիմ ընկերներ են:




Լրահոս