ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակումը հասարակական-քաղաքական շրջանակներում դժգոհություն է հարուցել: Սա այն պարզ պատճառով, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին Կարապետյանը լուրջ պաշտոններ է զբաղեցրել: 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Կարապետյանը եղել է այն ժամանակ Երեւանի կայազորի պետի՝ Յուրի Խաչատուրովի տեղակալը: Իսկ Խաչատուրովին, հիշում եք, մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու համար:
Ավելի ուշ` արդեն 2016թ., Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը եւ ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց աշխատանքից, քանի որ շատերը նաեւ նրան էին համարում հիմնական պատասխանատուներից:
Ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո աշխատանքից ազատված պաշտոնյաներից Կարապետյանը միակն էր, որ ավելի ուշ պաշտոն ստացավ. Սերժ Սարգսյանի հետ ընկերական կապերի շնորհիվ դեռ նրա պաշտոնավարման օրոք Կարապետյանը դարձավ ՌԴ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ: Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կարեւոր պաշտոն է վստահում նրան, ինչն էլ տարակուսանքների, մտահոգությունների տեղիք է տվել:
Բայց շատ ավելի մտահոգիչ էին վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունները, երբ մեկնաբանել է Կարապետյանի նշանակումը: «Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկ պատասխանատու չէ:
Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձություների արդյունքում, նրանք ասում են, որ Սարգսյանն արդար դատավոր է եւ արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Կարապետյանն իր պարտականություններն ապրիլյան պատերազմի ժամանակ պատշաճ է կատարել, վարչապետը պատասխանեց, թե գնահատականեր տալ չի կարող. «Գաղտնի նյութերին ծանոթանալով` այս պահի դրությամբ չեմ գտել տվյալ, որ մենք ունեցել ենք հետախուզական տվյալների պակաս»:
Փաստորեն, ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել՝ հայկական հետախուզությունն ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի զինուժի տեղաշարժի մասին ժամանակին ներկայացրել է զեկույցներ, բայց նախկին իշխանության ներկայացուցիչներն ընթացք չեն տվել՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն կամ անտարբերություն: Թե ինչ հետեւանքներ ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, հիշում եք բոլորդ՝ 100-ից ավելի զոհ, 8 հարյուր հեկտար տարածքի կորուստ, հարյուրավոր վիրավորներ:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պետք է հետեւեն իրավական գործողությունները: Պետք է ապրիլյան պատերազմից առաջ նախկին իշխանությունների գործողությունները դարձնել իրավական քննության առարկա եւ քրեական գործ հարուցել այդ կապակցությամբ պարզելու՝ եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունները բավարար քայլեր ձեռք չեն առել` ռազմական լայնածավալ գործողություններն պատրաստվելու եւ դիմակայելու կամ այդ գործողությունները կանխելու ուղղությամբ:
Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ արվել են (չնայած կասկածում ենք), ապա հարկավոր է պարզել՝ ինչո՞ւ նման ծանր հետեւանքներ ունեցանք: Ճիշտ է, այդ դեպքում «խմորը կարող է շատ ջուր քաշել» ու հասնել մինչեւ այն ժամանակվա ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյան:
Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, ապա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս թավշյա հեղափոխության օրերին ռուսական շրջանակների հետ շփումներում բավական ակտիվ է գտնվել՝ փորձելով դիմակայել ՀՀԿ իշխանությունների մանիպուլյացիաներին: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները սկզբում ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանում այդ օրերին տեղի ունեցող համաժողովրդական ընդվզումները ներկայացնելու որպես արեւմուտքի կազմակերպած գունավոր հեղափոխություն:
Եւ Արշակ Կարապետյանը, լինելով ՀՀ ռազմական կցորդ, ներկայացրել է իրականությունը` հանգստացնելով ռուսական շրջանակներին: Թե ինչու է Կարապետյանն այդպես վարվել` հաշվի առնելով նրա կապերը նախկին իշխանությունների հետ, դժվար է ենթադրել: Միգուցե հասկացել է պահի լրջությունն ու որոշել է գործել: Ենթադրվում է` նա թավշյա հեղափոխությունից հետո հարցաքննվել է նաեւ մարտի 1-ի գործով, ի վերջո, Կարապետյանն այդ ժամանակ կարեւոր պաշտոն է զբաղեցրել ու առնչվել է 0038 գաղտնի հրամանին, տիրապետել է որոշակի տեղեկատվության:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ