Փորձում են կոծկել. կրակոցը հնչել է ԼՂՀ նախկին նախագահի նվիրած զենքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերմանէր ենթարկել չորս անձի` կանխելով վիճաբանության հնարավոր ողբերգական հետեւանքները:

Այսքանով իրավապահների բացահայտումը չէր ավարտվել. դեպքի վայրի զննությամբ եղեւնու տակ հայտնաբերվել էր հրազեն, որն իրավապահները առգրավել էին. «Ատրճանակի օրինականությունը ճշտվում է: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ստացել ատրճանակի տիրոջ ինքնության վերաբերյալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եւ, ահա, դեպքից անցել է մեկուկես ամիս, սակայն այս գործով ոչ միայն մանրամասներ չեն հայտնում, թե ովքեր էին Վերնիսաժում կրակոցների կիզակետում հայտնված 4 անձինք, ինչն էր վիճաբանության պատճառը, այլեւ ըստ մեր տեղեկությունների` փորձ է արվում «թեման արագ փակել»:

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթին այդ միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` կրակոցների կիզակետում է եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը: Ի դեպ, վերջինիս եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, 2018 թվականի ավագանու ընտրություններում ընդգրկված է եղել ՕԵԿ ցուցակում:
Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավը մեկ այլ հանգամանք է` դեպքի վայրից հայտնաբերված ատրճանակի պատկանելիությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայտնաբերված զենքը, որից այդ օրըհնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ասել է թե` Վերնիսաժում կրակոցը հնչել է պարգեւատրված զենքից: Թե ում է Ղուկասյանը նվիրել, մեզ չհաջողվեց պարզել: Միայն հայտնի դարձավ, որանձը,որին Արկադի Ղուկասյանը նվիրել էր զենքը, իրավապահներին ցուցմունք է տվել, որինքը զենքով չի կրակել, այլ վիճաբանության ժամանակ զենքը իր ձեռքից ընկել է, եւ ընկնելու արդյունքում է կրակոց արձակել: Այդ դեպքում, իհարկե, անհասկանալի է՝ ինչպես է այն հայտնվել եղեւնիների տակ:

Ինչեւէ, իրավապահները չեն գաղտնազերծում, թե վիճաբանության մասնակիցներից կոնկրետում է Արկադի Ղուկասյանը նվիրել զենքը: Դեռ ավելին` հաշվի առնելով, թե ինչ ցուցմունքներ են տվել վիճաբանության մասնակիցները` վարկածներ կան այն մասին, որ իրավապահները ամեն ինչ անում են այս գործին հնչեղություն չտալու եւ արագ «փակելու» համար:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում այս քրեական գործը, արդյոք գործով կան մեղադրյալներ եւ այլ մանրամասներ: Սակայն ՔԿ-ից, ի պատասխան մեր հարցադրումների, հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեր այն հարցին, թե որդյոք «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից հայտնեցին, որ նման բան չկա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրինյան եղբայրներին իրավապահները կանչել են հարցաքննության, եւ վերջիններս հայտնել են, որ միջադեպի հետ կապ չունեն, այլ պարզապես այդ ժամանակ նշված հատվածով անցնելիս են եղել: Ճի՞շտ են արդյոք եղբայրների ցուցմունքները, թե՞ ոչ, պարզ կդառնա քննությամբ, եթե քննությունը տարվի օբյեկտիվ: Մնում է հուսալ, որ միջադեպի մասնակիցները կհայտնվեն մեղադրյալի աթոռին:

Քնար Մանուկյան




Լրահոս