ԱՄՆ-ում քաղաքական կարգը անտեսանելի ցնցումների մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ամռանը կայացած հանրաքվեից հետո Միացյալ Թագավորությունը ապրում է քաղաքական անկայունության ու տնտեսական անորոշության շրջափուլում` պայմանավորված Եվրամիությունը լքելու նախաձեռնության հետ: Թեպետ բրիտանացիների 52 տոկոսը կողմ քվեարկեց ԵՄ-ից դուրս գալուն, սակայն անցած ամիսներն ապացուցեցին, որ դա ոչ միայն դյուրին, այլեւ անգամ խելամիտ որոշում չէ: Այսօր ՄԹ-ի քաղաքական ողջ համակարգը, կարելի է ասել, պարալիզացված է` չկողմնորոշվելով ինչպես դուրս գալ ստեղծված փակուղուց, մինչդեռ վերջնական որոշում կայացնելուն մնացել է մոտ 100 օր:

2019թ. մարտի 29-ին նախատեսված է ԵՄ-ի ու ՄԹ-ի պաշտոնական ապահարզանը, որը կարող է լինել կա՛մ պայմանագրով, կա՛մ առանց պայմանագրի: Վերջինի դեպքում թեեւ կողմերից ոչ մեկը չի շահում, սակայն ՄԹ-ն ավելի մեծ կորուստներ է կրելու` անխուսափելիորեն մեկուսանալով մայրցամաքից: Դա թերեւս ամենավատ հեռանկարն է, եթե ՄԹ-ի կառավարությունը չի ցանկանում մի քանի տարի ծախսել զրոյից հարաբերություններ կառուցելու համար: Այս տեսանկյունից ԵՄ-ի համար իրավիճակը այնքան էլ աննպաստ չէ` չհաշված ֆինանսական որոշ կորուստները:

Ավելին` կարծիքը, թե ՄԹ-ի դուրս գալը կարող է զգալիորեն թուլացնել ԵՄ-ն ու շղթայական մասնատման սպառնալիք հարուցել, կարծես իրականություն չի դառնում: Միությունը լքելու միտք ունեցող բոլոր անդամները այս երկուսուկես տարվա ընթացքում իրենց աչքով տեսան ու համոզվեցին, որ ԵՄ-ն լքելը խիստ բացասական հետեւանքներ ունեցող գործընթաց է եւ «ազգային շահերի սպասարկման» ցանկություններով առաջնորդվելը դեռ հարցի լուծում չէ: Այս համատեքստում հատկանշական է դառնում ՄԹ-ի ներքին քաղաքական իրավիճակը, երբ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը հստակորեն չեն պատկերացնում խնդրի լուծման մեխանիզմները: Հանրաքվեն` որպես կայացած փաստ, կոնկրետ պատասխանատվություն է դրել կառավարության ու անձամբ վարչապետ Թերեզա Մեյի վրա գործընթացը սահուն անցկացնելու ու հանրաքվեի որոշումը իրականություն դարձնելու առումով:

Սակայն վերջինն անհնար է դառնում առանց ցնցումների, քանի որ ՄԹ խորհրդարանի, ինչպես նաեւ հասարակության տրամադրությունները էականորեն խմբավորված են եւ անպատկերացնելի է, թե ինչպես Մեյի պես երերուն ոտքերի վրա կանգնած վարչապետը կկարողանա համոզել եւ համախմբել գոնե մեծամասնությանը: Վարչապետը անգամ վստահության խնդիր ուներ սեփական կուսակցությունում, երբ ներկուսակցական խմբավորումներից մեկը ստիպված եղավ հրապարակավ աջակցություն հայտնել նրան խափանելու համար վարչապետի հրաժարականի հեռանկարը:

Սակայն դա չի կարող հուսալի լինել եւ առավել եւս լուրջ դեր խաղալ առաջիկայում, երբ Մեյի կառավարությունը ստիպված կլինի խորհրդարան բերել Բրեքզիթի պայմանագիրը` քվեարկության ներկայացնելով այն: Այս հարցում էլ են արդեն դրսեւորվել կառավարության թույլ դիրքերը, քանի որ դեկտեմբերի 11-ին նշանակված նիստը հենց այս հարցով հետաձգվել է Մեյի առաջարկով: Հետաձգումը, պարզվում է, որեւէ կապ չունի տեքստում փոփոխություններ անելու կամ հավելյալ ինչ-որ բան բանակցելու հետ:

Ըստ բրիտանական վերլուծաբանների ու պատգամավորների` փաստաթուղթը որեւէ փոփոխություն չի կրելու հունվարի կեսին նախատեսվող քվեարկության համեմատությամբ: Ուստի առաջանում է հարց` ինչո՞ւ է վարչապետը հետաձգում քվեարկությունը: Ակնհայտ է, որ ներկայիս պայմաններում Մեյը չի կարողանալու ստանալ խորհրդարանի հավանությունը, ուստի փորձում է որքան հնարավոր է հետաձգել քվեարկությունը իրավիճակին այլընտրանք գտնելու հույսով: Սակայն երկուսուկես տարվա ժամանակահատվածը եթե չի բավարարել կառավարությանը, դժվար թե այս մեկ ամիսը որեւէ լուրջ նշանակություն ունենա:

Ի դեպ, ոչ միայն անորոշության մեջ է կառավարությունը, այլեւ ընդդիմությունը` հանձին լեյբորիստների: Վերջիններիս առաջնորդ Ջերեմի Քորբինը օրեր առաջ առաջարկում էր խորհրդարանում դնել Թերեզա Մեյի վստահության հարցը եւ քվեարկություն անցկացնել, սակայն կառավարությունը անիմաստ էր համարել նման զարգացումը: Քորբինը, սակայն, չի շտապում առաջադրել կառավարության վստահության հարցը, ինչը վարչապետն ու նրա վարչակազմը չեն կարող նույնպիսի անտարբերության մատնել եւ ստիպված կլինեն խորհրդարանում քվեարկություն կազմակերպել:

Դրա տապալումն ուղիղ տանելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչից պահպանողականները խուսափում են: Սակայն խուսափում են նաեւ լեյբորիստները, իսկ Քորբինը նման վճռական քայլի չի գնում, քանի որ չգիտի` արդյոք ի՞նքն է լինելու հաղթողը:

Եվ ահա այժմ Միացյալ Թագավորությունը հայտնվել է ծանր սպասողական փակուղում, երբ թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության յուրաքանչյուր քայլ կարող է աշխատել իրենց իսկ դեմ: Մի կողմում պետական շահն է, մյուսում` կուսակցականը, սակայն քանի որ իրավիճակն էլ լիովին անկանխատեսելի է, ոչ ոք չի ուզում առաջին քայլն անել` վախենալով բումերանգի էֆեկտից ու քաղաքական փլատակների տակ մնալուց: Ներկայումս քննարկվում է նաեւ առանց պայմանագրի ԵՄ-ն լքելու հավանականությունը, ինչը առկա կուլիսային ցնցումները կդարձնի անթաքույց` սպառնալով հարուցել լուրջ սոցիալ-քաղաքական ընդվզումներ:

Թեպետ Մեյն ու քաղաքական մյուս ուժերը հրաժարվում են նոր հանրաքվե անցկացնել ԵՄ-ն լքելու հարցով, սակայն դա կարող է լինել քաղաքական ճգնաժամից առանց ծանր կորուստների դուրս գալու եզակի հնարավորությունը: Ակնկալելի է, որ ՄԹ քաղաքացիների մեծամասնության համար արդեն իսկ պարզ է, որ ԵՄ-ն լքելը անիմաստ արկածախնդրություն էր, եւ նոր հանրաքվեն կարող է վերջ տալ այս արհեստական լարվածությանը` պետությունը կրկին վերադարձնելով նորմալ զարգացման ռելսերի վրա:

Ն. Հովսեփյան




Լրահոս