Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: «Ժողովուրդ» օրաթերթը ՃՈ-ից տեղեկացավ, որ մոտ 1000 վարչական ակտ հասցեատերերի դիմելուց հետո է բեկանվել, իսկ 2 տասնյակ հազարից ավել իրավախախտում հեղափոխության օրերին ՃՈ աշխատակիցների կողմից չի արձանագրվել:
Նշենք, որ խոսքը այն իրավախախտումների մասին է, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով եւ կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթեւեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետեւանքով:
«Ժողովուրդ» օրաթերթ զանգահարած եւ տուգանքի ծանուցում ստացած մի շարք վարորդներ ՃՈ-ի հայտարարությունից հետո համարել են, որ ցույցերի օրերի խախտումների վարույթներն ինքնաբերաբար պետք է կարճվեին, եւ նրանց մեծ մասը այս նպատակով հատուկ չի դիմել ՃՈ: Այնինչ այդ վարորդները պետք է գնային ճանապարհային ոստիկանության գլխավոր գրասենյակ եւ դիմում գրեին, թե ինչով է պայմանավորված խախտումը, կամ նամակ ուղարկեին ՃՈ հասցեին: Նրանցից, օրինակ, Գոռ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել եւ հայտնել, որ իր անունով ակտ է ստացել, որի մասին չի իմացել: Արդյունքում գործը հայտնվել է ԴԱՀԿ-ում: Նրա խոսքերով` ակտի մեջ եղած արձանագրությունը կազմվել է հեղափոխության օրերին:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այն տարածքներում, որտեղ բողոքի ցույցեր են եղել, վարորդների կատարած խախտումները չեն արձանագրվել: Խոսքը այն խախտումների մասին է, որոնք կապված են եղել ցույցերին ճանապարհները փակելու, համաժողովրդական շարժման եւ այլ խոչընդոտների հետ:
Ըստ ՃՈ-ի`այդ օրերին ավելի քան 20 հազար իրավախախտում ՃՈ աշխատակիցների կողմից չի արձանագրվել: Այսինքն` ավելի քան 20 հազար իրավախախտում չի արձանագրվել այն տրամաբանությամբ, որ դրանք հնարավոր է կատարված լինեին` ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով: Եթե չեն արձանագրվել ՃՈ աշխատակիցների կողմից, ապա դրանց հասցեատերերը վարչական ակտեր չեն ստանա:
Բայց, այնուամենայնիվ, եղել են իրավախախտումներ, որոնք արձանագրվել են եւ իրավական ընթացք ստացել, այդ խախտումները կապված են եղել ցույցերի հետ: Այս առումով ՃՈ-ն բողոքարկման վարույթներ է իրականացրել, բայց երբ քաղաքացին դիմել է ու հիմնավորել, որ, այո, խախտումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ դիմացի փողոցն է փակ եղել, դրանք բեկանվել են: Ըստ ՃՈ-ի` ապրիլի 13-ից 26-ը ընկած ժամանակահատվածում ավելի քան 1000 վարչական ակտ բեկանվել է:
Պարզվում է, որ վարչական ակտեր կան, որոնց մասով քաղաքացին չի դիմել ՃՈ, հանգամանքներ չի ներկայացրել: Բայց սա չի նշանակում, որ քաղաքացին կարող է պահանջել կարճել վարչական վարույթը, պայմանական ասած, Արմավիր, Գորիս կամ Կապան քաղաքներում թավշյա հեղափոխության օրերին արագությունը գերազանցելու համար:
Եթե կան մարդիկ, որոնք իրականում ցույցերի հետ կապված կատարած իրավախախտման համար ունեն ստացած վարչական ակտ, ապա կարող են դիմել ՃՈ: Իհարկե, իրենք դիմումում պետք է հիմքեր ներկայացնեն այն մասին, թե ինչու չեն կարողացել ժամանակին դիմել ՃՈ` հեղափոխության օրերին վարչական վարույթը կարճելու պահանջով:
Սյունէ Համբարձումյան