Հայաստանը ՌԴ ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»:
«Մենք չունենք որևէ բան, ինչ քանդվել է և կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»,- հայտարարեց Պուտինը:
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը ՌԴ մտերմագույն գործընկերն է Հարավային Կովկասում: «Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ»,- ասաց ՌԴ նախագահը: