«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած տեղեկություններին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ-ի ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել ընդդեմ Հրանտ Մարգարյանի եւ առհասարակ ՀՅԴ ղեկավարների, քանզի նրանց են վերագրում ձախողումների ալիքը, սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, դեռեւս պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վստահեցնում է, որ ինքը «դժգոհողների» շարքում չէ։
Նա չի բացառում, որ կուսակցությունն ապագայում ռեսթարտ կլինի, կթարմացվի։ «Եթե այդպես չանեինք, 128 տարի չէինք լինի»,- ասում է նա։ Եվ, այդուհանդերձ, գրեթե բացառում է, որ հունվարի վերջերին սպասվող ՀՅԴ ընդհանուր ժողովի ժամանակ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան կուսակցության կարկառուն լիդերները, հատկապես՝ Հրանտ Մարգարյանը․ «Եթե մեր կուսակցությունը գտնում է, որ Հրանտ Մարգարյանը պետք է մեր կուսակցության լիդերների շարքում լիներ 20 տարի կամ 30 տարի, ուրեմն հենց այդպես էլ պետք է լիներ։ Այո, ես ուզում եմ Հրանտ Մարգարյանին կրկին տեսնել Բյուրոյի կազմում»։
Ի դեպ, ժողովի պատվիրակների կազմից շատ բան էր կախված, իսկ տեղերից ընտրվածներն այս անգամ հստակ մարգարյանական թեւից են, ուստի Մարգարյանի մնալը չի բացառվում։ Սակայն դա կնշանակի, որ ՀՅԴ-ն վերջնականապես կկորցնի ռեսթարտ լինելու շանսը, եւ կուսակցությունում էլ արտահերթ ընտրությունների արդյունքներից դժգոհ չեն ու պատրաստ են բավարարվել արտախորհրդարանական կուսակցության համեստ դերակատարմամբ։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: