ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ ծառեր են հատվել Գեղարքունիքի մարզում. սանիտարական մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 19-ի համարում հրապարակել էր, որ Գեղարքունիքի մարզում փշատերեւ ծառեր են հատվել, ինչին հաջորդեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պարզաբանումը, ըստ որի` թերթում հրապարակված սոճենու ճյուղերը գտնվում են ոչ թե Վարդենիսի, այլ Վարդենիկի մասնաճյուղի տարածքում: Բացի այս, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդում են, որ ըստ կազմակերպության տնօրենի հոկտեմբերի 1-ի հրամանի եւ անտառհատման տոմսի` իրականացվում են սանիտարական հատման աշխատանքներ ջրի մեջ հայտնված ծառերը դուրս բերելու համար: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված լուսանկարներում երեւացող ճյուղերը, ըստ պարկի, մնացել են տարածքում ջրի մեջ հայտնված ծառերը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերելու հետեւանքով:

Բայց մեզ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պարզաբանումը չբավարարեց, եւ մենք մեկ անգամ էլ այցելեցինք այդ տարածք ավելի մանրամասն ծանոթանալու այդ իրավիճակին եւ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Այսպես, երբ ավարտվում է Վարդենիսի (Կարճաղբյուր) հատվածը, սկսվում է խնդրահարույց գոտին, որը Արծվանիստի տարածքն է, այլ ոչ թե Վարդենիկի: Այնտեղ մենք բացահայտեցինք, որ հատուկ տեխնիկա ընդհանրապես գործի չի դրվել: Մեր օպերատորը արձանագրել է կադրեր, որտեղ կան ինչպես արմատից հատված ծառեր, այնպես էլ ծառերից պոկված գեղեցիկ ու խոշոր ճյուղեր: Եւ այս տեսարանները համարել սանիտարական հատում, մեղմ ասած, սխալ է, քանի որ սանիտարական հատում ձեւակերպելը որեւէ առնչություն չունի այն իրավիճակի հետ, որն առկա է ավտոմայրուղուն հարակից անտառում:

Նկատեցինք նաեւ, որ գետնին թափված կան եղեւնու շատ ճյուղեր: Այս դեպքում եւս սանիտարական բառը օգտագործել, մեղմ ասած, նշանակում է բառի ստուգաբանությունը առնվազն չիմանալ, որովհետեւ այն, ինչ արձանագրել է «Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը, հակասանիտարական հատումներ են, անփույթ իրավիճակ, եղեւնու փնթի թալան:

Իսկ եթե «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը թույլատրել է այս հատվածում սանիտարական հատումներ իրականացնել, որպեսզի լճի ափի մոտ գտնվող ծառերը մաքրվեն (ջրի բարձրանալուն պես որ ծառերը չհայտնվեն ջրի մեջ), ապա իրավիճակը միանգամայն այլ է եւ կապ չունի ՊՈԱԿ-ի կողմից կայացված որոշման հետ: Եթե որոշմանը հետեւին, ապա ծառերը ըստ հերթականության պետք է կտրվեին լճի ափը մաքրելու նպատակով: Բայց կոնկրետ այս հատվածում ուղղակի գեղեցիկ ծառեր են կտրված, որոնք, ենթադրվում է` մարդիկ ամանորի նախաշեմին տարել են որպես տոնածառ օգտագործելու կամ վաճառելու համար:

Այնուամենայնիվ, այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դարձյալ դիմեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ: «Ինչ որ նկարել են, այդ հատվածի ծառերը, թփերը, ճյուղերը պետք է հանվեն, մաքրվեն: Սանիտարական աշխատանքները կիսատ են մնացել, չեն ավարտվել: Հաջորդ տարի գաք այդտեղ, ընդհանրապես ծառ չի լինելու:

Մենք փայտանյութը տեղափոխում ենք մեր պահեստ, հետո կոճղերը, թփերը հեռացվում են: Բոլոր կոճղերը երեւում են, եւ կա համապատասխան հանձնարարություն, թույլտվություն նիշից ցածր ջրի տակ մնացող, թեքված ծառերի սանիտարական աշխատանքների վերաբերյալ: Այս ամեն ինչի մասին մենք տեղյակ ենք, դա օրինական է: Բայց անտառահատման տոմսերի ժամկետները չեն ավարտվել, մինչեւ դեկտեմբերի 31-ն է: Եթե մինչ այդ նրանք չտեղափոխեն, ապա սանկցիա կկիրառվի նրանց նկատմամբ: Չնայած որ ժամկետը երկարացնելու իրավունք էլ ունեն միայն հիմնավոր պատճառ բերելու դեպքում»,- բացատրեց պարկի տնօրենը:

Մենք կհետեւենք ափամերձ այս հատվածի մաքրման աշխատանքներին հասկանալու համար` մարդիկ ծառեր են կտրում, երբ ցանկանո՞ւմ են, թե՞ իրականում մաքրում են Սեւանի ափամերձ հատվածը սանիտարական նպատակով:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս