ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ: Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հանդիպումից հետո թերեւս վերջնականապես կտրվի հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերից մեկը` գազի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ, անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: Եվ այժմ ՀՀ-ՌԴ բանակցությունների մասին տարբեր, ընդ որում, իրարամերժ կարծիքներ են հրապարակվում ընդհուպ այն մասին, թե դրանք ավարտվել են, եւ գազի սակագինը կբարձրանա` տարբեր հաշվարկների համաձայն` դառնալով 215 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:
Երեկ հայկական կողմը հերքել է տեղեկություններն այն մասին, որ գազի սակագնի բարձրացման շուրջ որոշում է առկա` ասելով, թե քննարկումները շարունակվում են: Երեկ հայտնի դարձավ՝ հաջորդ շաբաթ արդեն տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումը, որը տալու է շատ հարցերի պատասխանները:
Գաղտնիք չէ, որ գազի սակագնի վերաբերյալ որոշումը քաղաքական տարրեր է պարունակելու եւ մեծամասամբ կախված է լինելու հենց Փաշինյան-Պուտին անձնական հարաբերություններից: Դատելով Փաշինյան-Պուտին հանդիպման կադրերից` նրանց հարաբերությունները ջերմ են, բարեկամական: Երեկ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հասկացրեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ոչինչ չի փոխվել:
Պուտինը, պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն ինչպես է վերականգնելու Հայաստանի հետ հարաբերությունները ԱԺ ընտրություններից հետո, ասել է. «Ի՞նչ է նշանակում վերականգնել: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, որը վերականգնելու կարիք ունի: Հայաստանը տարածաշրջանում եւ, ընդհանրապես, աշխարհում մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ: Ի՞նչը վերականգնենք»: Պետք է զարգացնել Ռուսաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի հետ իրենց ունեցած փայլուն, աննախադեպ փայլուն հարաբերությունները։
Հավելենք, որ մեկ անգամ էլ Փաշինյան-Պուտին հանդիպումներից մեկից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ ոչ մի ուղղությամբ»: Բացի այդ, Փաշինյանն առաջին իսկ հանդիպումից հետո հայտարարել էր գազի սակագնի նվազեցման հնարավորության մասին, որ այդ թեման խոսել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Եվ հիմա առաջին իրական փորձությունը, որի ժամանակ գործնական մակարդակի վրա պարզ կլինի ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամրությունը, հենց գազի սակագինն է: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով։
Ավելի վաղ էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ բանակցում են գազի գնի շուրջ, եւ նպատակը գազի գնի է՛լ ավելի նվազեցումն է, իսկ եթե բանակցությունը չունենա հաջողություն կամ չավարտվի մինչեւ հունվար, գազի գինը կմնա այնպես, ինչպես այժմ՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց: Ընդ որում, նա օպտիմալ չէր համարել այդ արժեքը:
Եվ այժմ ռուսական, ինչպես նաեւ հայաստանյան շրջանակներում ավելի հավանական են համարում, որ գազի սակագինը մնա նույնը: Իհարկե, ամեն ինչ կախված է Պուտին-Փաշինյան հանդիպումից եւ այդ ժամանակ առաջ քաշվող պահանջներից:
Նաիրա Հովհաննիսյան