Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12: Ենթադրվում է, որ Կրթության եւ գիտության նախարարությունն իր թեւի տակ կվերցնի Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Գերատեսչությունների ձեւափոխության մասին վերջնական դատողություններ կարելի է անել միայն այն բանից հետո, երբ դա հաստատվի, թերեւս, նոր տարում: Մինչ այդ, սակայն, չեն դադարում բանավեճերը: Մշակույթի ոլորտում, օրինակ, բուռն կերպով քննարկվում է՝ մեզ պե՞տք է մշակույթի նախարարություն, թե՞ ոչ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ:
Չեմ կարող ասել՝ մշակույթի նախարարության կրճատումը կամ այլ գերատեսչության հետ դրա միացումն ինչ արդյունք կարող է տալ: Կան երկրներ, որոնք, առաջնորդվելով այդ սկզբունքով, հաջողություն են գրանցել: Անշուշտ, կարելի է կիրառել այդ փորձը: Միեւնույն ժամանակ, դժվար է ասել՝ նույն մեթոդը մեզ մոտ կհաջողի, թե ոչ: Հարցը, թե ինչ է տալիս մեզ Մշակույթի նախարարությունը, նույնն է, թե ինչ է տալիս մեզ մշակույթը: Արդյունավետ ղեկավարման, համապատասխան գործիքակազմի կիրառման պարագայում կարելի է գրանցել դրական արդյունք: Իմ ցանկությունն այն է, որ նախարարության գործունեությունը մեկ անձով, մասնավորապես՝ նախարարով պայմանավորված չլինի: Անհատի գիտակ, ոչ գիտակ լինելը չպետք է ընդհանուր եղանակ ստեղծի: Նախորդ տարիներին ոլորտը թողնվել է բախտի քմահաճույքին. եթե նախարարը շիտակ է եղել, մի բան ստացվել է անել, եթե ոչ՝ ոչ: Հիմա եթե ստեղծվի մի համակարգ, որն անկախ կլինի անհատի գործոնից, ես միայն կողջունեմ այն:
Աննա Բաբաջանյան