Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12: Ենթադրվում է, որ Կրթության եւ գիտության նախարարությունն իր թեւի տակ կվերցնի Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Գերատեսչությունների ձեւափոխության մասին վերջնական դատողություններ կարելի է անել միայն այն բանից հետո, երբ դա հաստատվի, թերեւս, նոր տարում: Մինչ այդ, սակայն, չեն դադարում բանավեճերը: Մշակույթի ոլորտում, օրինակ, բուռն կերպով քննարկվում է՝ մեզ պե՞տք է մշակույթի նախարարություն, թե՞ ոչ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ:
Մշակույթը միայն արվեստը չէ, այն նաեւ մեր նիստ ու կացն է, մեր ինքնության հայելին՝ այցեքարտը: Մինչ օրս մենք շատ ենք թերացել մեր մշակույթի թե՛ պահպանման, թե՛ տարածման, թե՛ մշակութային կրթության իրականացման առումով: Մշակույթի ոլորտում այսօր շատ կարեւոր է լուծել մի շարք ռազմավարական հարցեր: Նախարարության լինել-չլինելու հարցը չէ էականը, այլ հենց մեր մշակույթի զարգացմանն ուղղված տեսլականի մշակումը: Երբ այդ կոնցեպտն ունենանք, պարզ կլինի՝ ինչ ռեսուրսներով եւ ինչ ժամանակահատվածում է հնարավոր իրականացնել այդ ծրագրերը: Հիմա պետք է նախ այդ բացը լրացնել: Եթե նախարարությունն է ունակ դա անել, ուրեմն պետք է մեզ, եթե ոչ, ապա ինչ-որ մի այլ ինստիտուտ: Բայց որ սա երկրորդական հարց չէ, դա աքսիոմա է:
Աննա Բաբաջանյան