ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով ստեղծված «Լազարեւյան ակումբը» երեկ անդրանիկ նիստն է անցկացրել Երեւանում: Երկու օր տեւող միջոցառումը բավական ներկայացուցչական է. այսօրվա նիստին ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ երեկվա նիստին մասնակցել, անգամ ելույթ է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այս ամենի համատեքստում հատկանշական էր «Լազարեւյան ակումբի» նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, չնայած նրան հրավիրել էին այդ միջոցառմանը: Կոստանտին Զատուլինը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց, թե Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու մասին իրենց հստակ պատասխան չի տրվել, սակայն հասկացրել են, որ նա «ավելի կարեւոր գործեր ունի եւ զբաղված է»: Խոսքը նախընտրական քարոզարշավի մասին է, եւ եթե նկատի ունենանք փաստը, որ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու եւ քարոզարշավ անցկացնելու համար արձակուրդ է մեկնել, միգուցե եւ նրա բացակայությունը կարելի էր հասկանալ: Բայց մյուս կողմից` նկատենք` զարմանալի զուգադիպությամբ Երեւանում չի ստացվում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ, ընդ որում՝ չեն ստացվում հենց վարչապետի պատճառով: Ու սա այն դեպքում, երբ Փաշինյանը մշտապես խոսում է հայ-ռուսական հարաբերությունների` նոր մակարդակի վրա բարձրանալու մասին: Երեկ էլ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից նիստին ներկա էր միայն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը, սակայն, ելույթ չունեցավ: Իսկ վարչապետ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին` ասելով, որ ողջունում է բոլոր այն հասարակական-քաղաքական-տնտեսական հարթակները, որոնց նպատակը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկխոսություն ծավալելն է. «Այո, ես միջազգային որեւէ առաջնորդի հետ երեւի այնքան հաճախ չեմ շփվում, որքան ՌԴ նախագահի հետ»,- ընդգծել է Փաշինյանը:
Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործով տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննվածների թվում են եղել ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ Հայկ Հարությունյանը, նրա առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն, թե ոչ: Բանն այն է, որ մարտի 1-ի քրեական գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է այդ օրը առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցը ցրելուն, որից հետո ոստիկանությունում պաշտոնական փաստաթղթեր են կեղծվել` կատարվածը փորձելով ներկայացնել իբր օպերատիվ տվյալների հիման վրա տեղազննություն իրականացնել: Ընդ որում, մարտի 1-ի առավոտյան իրականացված օպերացիայի պատասխանատվությունը դրված է եղել Արարատ Մահտեսյանի վրա:
ՀՀ ՊՆ-ն վերջերս խզել է պայմանագիրը «Դեագա» ընկերության հետ, որը պատրաստվում էր նրանց կարտոֆիլ մատակարարել: Պատճառը, ըստ «Դեագա» ընկերության ղեկավար Գեւորգ Ղասաբօղլյանի, կարտոֆիլի չափերն են եղել. դրանք տեխնիկական բնութագրին զիջել են կես սանտիմետրով: «Ասում էին, որ կես սմ-ով փոքր է տեխնիկական բնութագրում նշված չափերից: Իրենց պահանջած չափերն են` 4 սմ-ից մինչեւ 7 սմ: Ավելին` այդ 4 սմ կարտոֆիլի քանակը պետք է կազմի պարկի 5 տոկոսը: Բայց մեր մատակարարած կարտոֆիլի մեջ եղել է ե՛ւ 5 սմ, ե՛ւ 4 սմ, ե՛ւ 7 սմ: Ախր կարտոֆիլը գործարանի արտադրանք չէ, ի վերջո, այստեղ բնության մատն է խառը»,- ասաց նա: Ըստ Ղասաբօղլյանի` ՊՆ-ում մատակարարների հետ ավելի վաղ հանդիպում է տեղի ունեցել, իրենք բարձրացրել են այդ չափորոշիչները վերանայելու հարցը, նախարարությունից համաձայնել են, բայց եւ չեն դիմել այդ քայլին: Ի դեպ, ՊՆ-ն ընկերությանը պարտադրել է պետությանը վճարել 19 հազար դրամ` որպես տույժ, ինչպես նաեւ 451 հազար 200 դրամ տուժանք` որպես պայմանագրի կատարման ապահովում:
Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճելու միտում են ցուցաբերում: Ըստ վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 59 մլրդ 848.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57 մլրդ դրամի փոխարեն: Նկատենք, որ թավշյա հեղափոխության օրերին ու դրանից անմիջապես հետո ներդրումների ծավալները նվազելու միտում էին ցուցաբերում: Եթե հունվար-մարտին ներդրումները կազմել էին մոտ 40.3մլրդ դրամ, ապա հետո հասան 39.1 մլրդ դրամի: Հիմա ստացվում է, որ այդքանից հետո` երեք ամսվա մեջ, ներդրումների ծավալները բավական աճել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներդրումներն ավելացրել են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԱՄէ-ն, Գերմանիան եւ այլն: Ամենաուշագրավն այն է, որ եթե ՀՀԿ իշխանության ժամանակ ՌԴ-ն անգամ երկրից դուրս էր հանում իր կապիտալը, ապա հիմա բավական մեծ գումարներ է ներդրում՝ այս տարի 11.7 մլրդ դրամ, որից 6 մլրդը միայն Փաշինյանի իշխանության օրոք: Միաժամանակ նվազել են օֆշորային գոտիներից արվող ներդրումները, որոնք հիմնականում ուղղվում էին հանքարդյունաբերության ոլորտ:
ՓԱԿԵՑ ԹԵՄԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ այս օրերին ձեւավորված ՀՀԿ-ՀՅԴ տանդեմին երեկ դառը հիասթափություն էր սպասվում: Մինչ նրանք երկու օր շարունակ փորձում էին ԼՂՀ պաշտոնյաներին Ն.Փաշինյանի՝ իր հայտարարությունների վերաբերյալ ավելորդ մեկնաբանություններ չանելու մասին հորդորը ներկայացնել որպես արցախատյացություն, հայության երկու հատվածների միջեւ սեպ խրելու, մարդկանց արտահայտվելու ազատությունը սահմանափակելու փորձ, հայտարարություն է տարածել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վերջինս, հիշեցնենք, ԼՂՀ-ում իշխող ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարն է, նաեւ ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը:
Ինչպես արդեն կարող եք կռահել, Արայիկ Հարությունյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի տեսակետը պաշտպանելու մասին: «Արցախի հարցում որոշ քաղաքական շրջանակների կողմից այս օրերին հաճախակի հնչող մտահոգություններին ի պատասխան` ասեմ, որ մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի ունեցած մոտեցումը, այն է՝ հակամարտության լուծման հարցում պետք է վճռական լինի ժողովրդի դիրքորոշումը: Ըստ այդմ` կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները: Համոզված եմ՝ դեկտեմբերի 10-ին մենք մեկ անգամ եւս ամրագրելու ենք հայկական երկու հանրապետությունների առաջնորդների լիովին նոր որակի հարաբերություններ, եւ առկա բոլոր տեսակի հարցերը այդ հարաբերություններում հաղթահարելի մանրուքներ են: Այս իմաստով անթույլատրելի էր մամլո պատասխանատուների դրսեւորած անպատասխանատու վարքագիծը, քանի որ վերջիններս հաշվի չեն առել իրենց խոսքի հանդեպ հանրային ընկալումը»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ իրենց կուսակցությունն անվերապահորեն աջակցությունն է հայտնում Փաշինյանի կողմից «իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին»:
Այսպիսով, ԼՂՀ ներկայացուցիչները «փակել են թեման»՝ ընդունելով իրենց պաշտոնյաների սխալն ու այդպես վերջ դնելով ներքաղաքական դաշտում շահարկումներին:
Միաժամանակ, հետաքրքիր էր փաստը, որ երեկ Ստեփանակերտ էին մեկնել ե՛ւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ե՛ւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որոնք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Այդ հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվությունը բավական աղքատիկ էր. ասված է, որ նրանք քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Բայց ակնհայտ է, որ առնվազն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ արցախի պաշտոնյաների պահվածքին: Եւ հետո` Բակո Սահակյանը նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ ենթադրվում է` անդրադարձ է եղել նաեւ ԼՂ խնդրին: