ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ԻՐ ՏԵՂԱԿԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործը նոր ընթացք ստացավ, եւ իրավապահ մարմինները մեկը մյուսից հետեւից մեղադրանք առաջադրեցին այդ իրադարձությունների ժամանակ պատասխանատու նախկին պաշտոնյաների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մարտի 1-ի գործով կան այլ մեղադրյալներ եւս, սակայն նախաքննական մարմինը չի հրապարակում նրանց անունները գործին չվնասելու համար:

Ինչպես հիշում եք, հուլիսի 3-ին ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ նրան դեռեւս չեն հայտնաբերել:
Հուլիսի 26-ին մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այժմ ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
Նույն գործով սահմանադրական կարգը տապալելու համար հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Իսկ ահա օգոստոսի 3-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւս մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար` 332 հոդվածի 3-րդ մասով, բայց նրա քրեական գործը միացվել է մարտի 1-ի մայր գործին:
Հոկտեմբերի 31-ին էլ մեղադրանք էր առաջադրվել ՀՔԾ-ում մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Վահագն Հարությունյանին: Նա էլ մեղադրվում է մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի եւ տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով:
Դատելով պաշտոնական հաղորդագրությունից` բացի վերոնշյալ անձանցից այլ մեղադրյալներ չկան: Ավելին, նոյեմբերի 28-ին` ՀՔԾ-ի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասել էր, որ վերջին վեց ամսում «Մարտի 1»-ի գործով տեղի է ունեցել 1000-ից ավելի հարցաքննություն: Նրա խոսքով` այս գործով վերջին վեց ամսվա ընթացքում նշանակվել է 20-ից ավելի փորձաքննություն, այդ թվում` համալիր, կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ. «Տեղի են ունեցել մի քանի տասնյակի հասնող առգրավումներ»:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն, բացի վերոնշյալ անձանցից, եւս այլ անձանց է մեղադրանք առաջադրել, իսկ թե ովքեր են նրանք, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը չի հայտարարում նրանց անունները, քանի որ կարող է նրանց անունների հրապարակումը վնասել նախաքննությանը:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ հարցաքննված 1000 անձանց մեջ են եղել մարտի 1-ի իրադարձություների ժամանակ լուրջ պաշտոն զբաղեցրած անձինք:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մարտի 1-ի գործով հարցաքննվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, նրա տեղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Ի վերջո, ինչպես հայտնի է, մարտի 1-ի քրեական գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է այդ օրը առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցը ցրելուն, որից հետո սրա վերաբերյալ եւս ոստիկանությունում պաշտոնական փաստաթղթեր են կեղծվել. իբր օպերատիվ տվյալների հիման վրա տեղազննություն է իրականացվել: Նշենք, որ մարտի 1-ի առավոտյան իրականացված օպերացիայի պատասխանատվությունը դրված է եղել Արարատ Մահտեսյանի վրա, եւ նա մարտի 1-ից հետո պարբերաբար հարցազրույցներ էր տալիս արդարացնելու կատարվածը: Եւ հիմա առնվազն տարօրինակ է, որ ո՛չ Հայկ Հարությունյանը, ո՛չ Արարատ Մահտեսյանը, ո՛չ էլ մյուս նախկին փոխոստիկանապետը` Ալեքսանդր Աֆյանը, մեղադրյալի կարգավիճակ չունեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՕՐԵՆՔՈՎ
Երեկ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացրել Կոտայքի մարզում: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ բոլորը պետք է ապրեն օրենքով: «Մենք մեր իմացած ապօրինությանն արձագանքում ենք` մեր ի՞նչ գործն է, թող Նիկոլը զբաղվի. իրեն վարչապետ ենք կարգել: Այստեղ մեզնից յուրաքանչյուրն իր անելիքն ունի»,-ասել է նա: Ըստ Ն. Փաշինյանի` տնտեսական հեղափոխություն անելը բարդ չէ, քանի որ ՀՀ քաղաքացին ցանկացել եւ իրականացրել է արդեն քաղաքական հեղափոխություն: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ի PR տեխնոլոգիային, որ վերցնում են իր նախկին ելույթներից մի հատված եւ փորձում են ինչ-որ տպավորություններ ստեղծել: «Նրանք սովոր են, որ իրենց վարչապետերը ո՛չ ուրախ պետք է լինեն, ո՛չ տխուր, ո՛չ ջղայնանում են, ո՛չ ոգեւորվում են»,-ասել է նա: Ըստ նրա` փորձում են այս հեղափոխությունը կապել ինչ-որ ուժերի հետ: «Ասում են` սա Սորոսի կազմակերպած հեղափոխությունն է, բայց Սորոսն ինչքա~ն հաց ու պանիր պետք է ուտի, որ կարենա անի էն, ինչ մենք արեցինք»,-ասել է Ն. Փաշինյանը:

 

 

ԴԵՌ ՉՈՒՆԵՆ
«Մենք փոխեցինք մեր քաղաքական համակարգն այնպես, որ այսօր հնարավոր դարձավ վարչախմբի փոփոխություն առանց արյունահեղության: Դա կատարվեց խաղաղ այն պարզ պատճառով, որ այլեւս մեկ անձի ձեռքում չէր կուտակված իշխանությունը, մեկ անձով չէր պայմանավորվում Հայաստանի ամբողջ ապագան, եւ այդ մեկ անձը կարողացավ, այդ ամենը հասկանալով, հրաժարական տալ: Այն իշխանափոխությունը, որը կատարվեց այս մայիս ամսին, հիմքում ուներ շատ մեծ գործընթաց, որը հասունացել էր, եւ այդ հասունացման քայլերում, նախադրյալների ստեղծման մեջ «Դաշնակցության» դերակատարությունը եղել է անվիճելի: Բայց մենք դեռ չունենք մեր երազած արդար Հայաստանը»,- ասել է Ռուստամյանը:

 

 

ԾԱԿԵՐՆ ԵՆ ՄՏԵԼ
«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան մարդիկ, որ ասում են` Հայաստանում ի՞նչ է փոխվել որ: «Հայաստանում այն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել եւ չեք կարողանում դուրս գալ եւ դուրս չեք գալու, մինչեւ քավարանի միջով չանցնեք եւ օրինապաշտ քաղաքացի չդառնաք: Այսօր մեր երեխաների իդեալը քաղաքացին է` իր իրավունքներն իմացող, ուրիշի իրավունքները հարգող, օրինականությունը պաշտպանող, ազատության եւ երջանկության ձգտող»,-նշել է Ն. Փաշինյանը:

 

 

 

ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԴԱՏԱՎՈՐԸ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը դատական համակարգում տասնամյա գործունեության ընթացքում հասցրել է մեծ համբավ ձեռք բերել, բացասական առումով, իհարկե:

Դեռ հեռավոր 90-ականներին` 1996թ.-ին, մասնավոր բուհ ավարտած Եսոյանը դատական համակարգ մուտք է գործել 2008թ. հունվարի 1-ից, երբ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր: Եւ անմիջապես նա ձեռնամուխ է եղել իշխանություններին անմնացորդ ծառայելուն: Քանի որ 2008թ. մարտիմեկյան իրադարձություններն իշխանություններին հավատարմություն ցուցաբերելու, նաեւ դատավորի պաշտոնին հայտնվելու համար վարձահատույց լինելու առումով հիանալի հնարավորություններ էին ստեղծել, նորանշանակ Երեմ Եսոյանն առանձնահատուկ ջանասիրությամբ էր ժամանակին դակել քաղբանտարկյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եւ քաղբանտարկյալների նկատմամբ շինծու քրեական գործերով դատավճիռներ արձակել: Ամենավառ օրինակը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանի դեմ հարուցված քրեական գործն էր: ՈՒ չնայած այս գործը ծայրից ծայր շինծու էր, ապացույցները` ակնհայտ կեղծված, Մաթեւոսյանի դեմ տրված ցուցմունքները` ակնհայտ սուտ, բայց դա չխանգարեց, որպեսզի Երեմ Եսոյանը այս գործով դատավճիռ արձակի` քաղբանտարկյալին դատապարտելով 3 տարվա ազատազրկման: Նրա դատավճռով ազատազրկման դատապարտվեց նաեւ մեկ այլ քաղբանտարկյալ` ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը` կրկին սուտ ցուցմունքների եւ կեղծ ապացույցների հիման վրա:
Ի դեպ, մարտի 1-ի քրեական գործերի գերակշիռ մեծամասնությունը բողոքարկվել է ՄԻԵԴ-ում, եւ առաջիկայում ՀՀ-ն նաեւ Երեմ Եսոյանի ժամանակին կայացրած ապօրինի ակտերի պատճառով ստիպված է լինելու պետական բյուջեից ահռելի գումարներ վճարել` որպես տույժ:
Փոխարենը Երեմ Եսոյանն այս տարիներին հասցրել է մի լավ հարստանալ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ վերջին տարիները նրա համար եղել են «արգասաբեր» հարստություն դիզելու առումով: Եթե 2011թ. Եսոյանը հայտարարագրել էր 5 մլն դրամ եւ 30 հազար ԱՄՆ դոլար, ապա 2016թ. դատավորի ունեցվածքը դարձել է 9 մլն դրամ, 28 հազար դոլար, 150 հազար ռուսական ռուբլի: 2017թ. նրա ունեցվածքը հասել է 14 մլն դրամի, 28 հազար դոլար եւ 350 հազար ռուսական ռուբլի: Ի դեպ, այդ տարի դատավորը ստացել է 220 հազար ռուսական ռուբլու նվիրատվություն: Պակաս հարուստ չէ նաեւ դատավորի կինը` Լիլիթ Թազայանը, որ այս տարի հայտարարագրել է 5 մլն դրամ եւ 37 հազար ԱՄՆ դոլար:
Զուգադիպությո՞ւն է արդյոք փաստը, որ ժամանակին մարտի 1-ի գործերից մի քանիսով դատավոր եղած Եսոյանի ունեցվածքը նախկին իշխանությունների օրոք ավելացել է երկրաչափական պրոգրեսիայով, թե՞ ոչ: Ամեն դեպքում, իրավապահ համակարգը ճիշտ կաներ, եթե այս դատավորի ունեցվածքի կուտակման օրինականությունը ստուգեր: Նաեւ հետաքննություն կազմակերպեին մարտի 1-ի գործով ակնհայտ ապօրինի դատավճիռների վերաբերյալ:
Հ.Գ. Ի դեպ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դեռ 2011թ. դիմել էր Արդարադատության խորհրդին Երեմ Եսոյանին ու եւս երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեկ տարվա ընթացքում օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ կատարելու համար:

Ա. Գ.




Լրահոս