ՊՆ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԿԱՐՏՈՖԻԼԸ ՓՈՔՐ ՉԱՓԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է մատակարարների դեմ «արշավը»: Այս անգամ անհարմար դրության մեջ է ընկել ՊՆ-ին կարտոֆիլ մատակարարող «Դեագա» ընկերությունը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Դեագա» ընկերության միջեւ այս տարվա սեպտեմբերի 20-ին կարտոֆիլի գնման պայմանագիր է կնքվել: Ըստ այդմ, «Դեագա» ընկերությունը այս տարվա հոկտեմբերին Կոտայքի տարածաշրջանի զորամասեր պետք է մատակարարեր 53 հազար 543 կգ կարտոֆիլ: Սակայն, ըստ ՊՆ-ի, նոյեմբերի 11-ի դրությամբ ընկերությունը մատակարարել է 16 հազար 70 կգ կարտոֆիլ:
Արդյունքում Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 19-ին միակողմանի լուծել է ընկերության հետ պայմանագիրը հոկտեմբեր ամսվա ընթացքում մատակարարման ենթակա, բայց չմատակարարված 37 հազար 473 կգ կարտոֆիլի խմբաքանակի հետ կապված: Բացի այս, ՊՆ-ն ընկերությանը պարտադրել է Ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվեհամարին փոխանցել մոտ 19 հազար դրամ` որպես տույժ, ինչպես նաեւ 451 հազար 200 դրամ տուժանք` որպես պայմանագրի կատարման ապահովում (պայմանագրի ընդհանուր գումարի 10 տոկոսը): Այս պայմանագրին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, թե ընկերությունը թերացել է եւ զինվորին չի կարողացել ապահովել պայմանագրով նախատեսված կարտոֆիլով: Սակայն ընկերության տնօրեն Գեւորգ Ղասաբօղլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այլ պատմություն ներկայացրեց:
«Իրենք մեզ հոկտեմբեր ամսվա համար տվել են ժամանակացույց մինչեւ հոկտեմբերի 30-ը մատակարարելու կարտոֆիլի մեր խմբաքանակը: Բայց մենք արդեն հոկտեմբերի 30-ին ուզում էինք մատակարարել մեր խմբաքանակը, կապ ենք հաստատել զորամասի հետ եւ զգուշացրել, որ վաղը ապրանքը տեղափոխելու ենք, բայց այնտեղից մեզ պատասխանեցին`չէ, մի՛ բերեք, հոկտեմբերի 15-ից հետո մատակարարե՛ք, որովհետեւ կարտոֆիլը պահեստավորելու խնդիր կա»,- ներկայացրեց ընկերության տնօրենը:
Այնուամենայնիվ, ընկերությունը հոկտեմբերի 15-ից հետո կարտոֆիլը տեղափոխել է համապատասխան զորամաս, որտեղ, սակայն, հրաժարվել են այն ընդունել`պատճառաբանելով կարտոֆիլի փոքր չափսերը: «Ասում էին, որ կես սմ-ով փոքր է տեխնիկական բնութագրում նշված չափսերից: Իրենց պահանջած չափսերն են` 4 սմ-ից մինչեւ 7 սմ: Ավելին, այդ 4 սմ կարտոֆիլի քանակը պետք է կազմի պարկի 5 տոկոսը: Բայց մեր մատակարարած կարտոֆիլի մեջ եղել է ե՛ւ 5 սմ, ե՛ւ 4 սմ, ե՛ւ 7 սմ: Ախր կարտոֆիլը գործարանի արտադրանք չէ, ի վերջո, այստեղ բնության մատն է խառը»,- լրացրեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության ներկայացուցիչները անգամ եղել են պաշտպանության նախարարությունում մատակարարաների հետ հանդիպմանը, որտեղ բարձրաձայնել են այս եւ անցած տարվա բերքի փոքր չափսերի մասին: «Բայց մեր մատակարարվելիք կարտոֆիլը որակական խնդիր չի ունեցել, առողջ է եղել, ուղղակի իրենց պահանջած չափսի կարտոֆիլ այդ գնով չի եղել երկրում: Միայն ես չեմ այդ խնդրի շուրջ բարձրաձայնել, այլ ինձ նման շատ մատակարարներ: Խնդրել ենք պաշտպանության նախարարությանը, որ վերանայի պահանջված կարտոֆիլի չափսերը, քանի որ այս եւ անցած տարվա բերքը այդքան էլ իդեալական չի եղել եղանակային վատ պայմանների պատճառով: Իրենք էլ արձագանքեցին ու ասացին, որ դիմում գրենք»,- տեղեկացրեց «Դեագա»-ի ներկայացուցիչը, ապա փոխանցեց, որ դիմումը գրվել է, բայց այդպես էլ արձագանք չի ստացել: Ավելին, խոստացել են անգամ, որ կվերանայեն կարտոֆիլի չափսերը: Ըստ ընկերության տնօրեն Գ. Ղասաբօղլյանի` ՊՆ-ի պահանջած կարտոֆիլն այսօր 150 դրամից պակաս չէ: Այս ամենից հետո ընկերությունը ոչ միայն տուգանվել է մոտ 500 հազար դրամով, այլեւ ՊՆ-ն նախատեսում է դիմել գնումների բողոքարկման խորհուրդ «Դեագա»-ին գնումների գործընթացին մասնակցելու մասնակիցների ցանկում ներառելու պահանջով:
Այժմ ընկերության տնօրենը շիվարած է, չգիտի` ինչ անի, բողոքարկի՞ տուժանքը, թե՞ սեւ ցուցակում ներառելու պահանջը: «Անգամ լրացուցիչ գնացել եմ Պաշտպանության նախարարություն եւ խնդրել եմ երկու օր ժամանակ տալ իրենց ուզած չափսերով կարտոֆիլը գնելու համար: Անգամ որոշել էի գնալ շուկա եւ 150 դրամով կարտոֆիլ գնել` թեկուզ վնաս կրելով, միայն թե ընկերության հետ այսպես չվարվեն: Չտվեցին ժամանակ»,- ափսոսանքով նկատեց «Դեագա»-ի տնօրենը:

 

ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄԵԿ ՔՄ-Ն 1100 ԴՈԼԱՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է

Հայաստանում վերջին մի քանի ամիսներին անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ:

Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ Ամանոր դրանք ավելի են բարձրանալու: Պատճառը վերջին շրջանում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճն է: Անշարժ գույքի գործակալների խոսքերով` Հայաստանում բնակարաններ ձեռք բերելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները: Պաշտոնական վիճակագրության տվյալներով` այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Միայն Էրեբունի վարչական շրջանում է բնակարանի մեկ քմ-ն հոկտեմբերին պահպանել սեպտեմբեր ամսվա գնի մակարդակը. Էրեբունիում ե՛ւ սեպտեմբերին, ե՛ւ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն կազմել է 260 հազար 800 դրամ:
Իսկ ահա կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերին բնակարանի մեկ քմ գերազանցում է շուրջ 1100 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` կենտրոնում բնակարանի մեկ քմ հոկտեմբերին վաճառվել է 560 հազար 600 դրամ, մինչդեռ սեպտեմբերին այն կազմել է 552 հազար դրամով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում 8600 դրամով թանկացել է: Համաձայնեք, որ բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց:
Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2300 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 2800 դրամով: Նույնքան բնակարանը թանկացել է Շենգավիթ վարչական շրջանում: Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանի մեկ քմ-ի գինը զգալի բարձրացել է (4050 դրամով): Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 295 հազար դրամով, Ավանում` 261 հազար դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 244 հազար 200 դրամով, Նոր-Նորքում` 246 հազար 700 դրամով:
Ի դեպ, նշենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում եւս բնակարանների գները բարձրացել են (3300 դրամով): Բայց զբոսաշրջային քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանների մեկ քմ-ն հոկտեմբերին կազմել է 285 հազար դրամ: Այն Ծաղկաձորում ավելի թանկ է, քան Երեւանի մի շարք վարչական շրջաններում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաեւ, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին թանկանում են: Բայց այս երեւույթը նկատելի է Երեւանի ոչ բոլոր թաղամասերում: Օրինակ` Կասկադի մոտակայքում մինչեւ 20 տոկոսով թանկացել են հողատարածքները:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ ՉԵՂԱՎ
Տավուշի մարզի 3 տարածաշրջաններում` Դիլիջանում, Բերդում եւ Նոյեմբերյանում, 2016թ. եւ 2017թ. տեղի է ունեցել համայնքների խոշորացում: Արդյունքում ստեղծվել են Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ խոշոր համայնքները: Համայնքների խոշորացում տեղի չի ունեցել միայն մարզի Իջեւանի տարածաշրջանում: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առնվազն 2 տարի է հարկավոր համայնքների խոշորացման արդյունքները տեսնելու համար, որ այսուհետ առանց համայնքների բնակիչների ցանկության համայնքների խոշորացում տեղի չի ունենա: Տավուշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Թամրազյանը 2018թ. նոյեմբերի 28-ին որոշել է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան եւ Ակնաղբյուր համայնքներում համայնքի ղեկավարի, Իջեւան եւ Գետահովիտ համայնքներում համայնքի ավագանու անդամների հերթական ընտրություններ նշանակել 2019թ. փետրվարի 17-ին:

 

 

ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ
Արդեն մեկ տարի է, ինչ Իջեւան քաղաքի գլխավոր հատակագիծը չի հաստատվում: Պատճառն այն է, որ Իջեւանի քաղաքապետարանը հետամուտ է, որ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ ընդգրկվի Իջեւանի կիսակառույց ճոպանուղու վերջնամաս կազմող, քաղաքի Երազանքի սարում գտնվող տարածքը: Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը հայտնեց, որ Երազանքի սարում է գտնվում ճոպանուղու վերջնամաս հանդիսացող ընդունող կառույցը, ՀՀ անտառային կոմիտեն այդ տարածքի 1.5 հեկտարի համար անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ է ստացել, սակայն դրանցում այդ տարածքը նշված է որպես բաց, առանց կառույցի գոտի, սակայն այնտեղ ճոպանուղու ընդունող շենքն է գտնվում: Իջեւանի քաղաքապետարանը ցանկանում է, որպեսզի Երազանքի սարի տարածքները լինեն համայնքի սեփականություն, ընդգրկված լինեն քաղաքի գլխավոր հատակագծում: Դրանք հետագայում կարող են ծառայել ճոպանուղու գործարկման, Իջեւանում զբոսաշրջության զարգացման նպատակով: Մինչ քաղաքի գլխավոր հատակագիծը չի հաստատվում, Իջեւանում անշարժ գույքի տիրապետման վերաբերյալ բազմաթիվ գործարքներ իրավաբանական ձեւակերպում չեն ստանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս