«ԻՐԱՐ ՎՐԱ ՑԵԽ ՇՊՐՏԵԼՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախընտրական քարոզարշավի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, քաղաքական ուժերի պոտենցիալի, գործելաոճի, ընդդիմության ձեւավորման անհրաժեշտության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է երգիչ, երգահան Վահագ Ռաշի հետ: Նա նշել է, որ անցկացվող քարոզարշավն իրեն ամենեւին դուր չի գալիս, որ քաղաքական ուժերը ջանք չեն խնայում միմյանց վրա ցեխ շպրտել, սակայն իրենց հետագա պլանների մասին հազվադեպ են խոսում: Վահագը տեսակետ է հայտնել, որ քաղաքական դաշտը բաժին է ընկել երկու ուժի՝ «Իմ քայլը» դաշինքին եւ «Հանրապետական» կուսակցությանը, իսկ մյուս ուժերը կարծես մնացել են ստվերում:

-Վահագ, ի՞նչ տպավորություններ ունեք նախընտրական քարոզարշավի վերաբերյալ: Քաղաքական ուժերին հաջողվո՞ւմ է երկխոսության մեջ մտնել իրենց ընտրազանգվածի հետ, ճիշտ գործիքակազմ կիրառել:
-Ճիշտն ասած՝ շատ դժգոհ եմ, քանի որ ոչ մի ուժ ռեալ ոչինչ չի առաջարկում: Փոխանակ երկրի ապագայի մասին խոսեն, իրենց հետագա պլաններին անդրադառնան, ամբողջ օրը կռիվների մեջ են, իրար վրա ցեխ շպրտելով են զբաղված: Սա տարօրինակ երեւույթ է ինձ համար: Ի դեպ, ասեմ, որ ի հեճուկս ուժերի ղեկավարների, հայտնի, երեւացող դեմքերի` պատգամավորների թեկնածուների մի զգալի հատված շատ ավելի արդյունավետ քարոզարշավ է անցկացնում:
-Ի՞նչ եք կարծում, հանրապետականները խորհրդարան կանցնե՞ն: Նրանք «մաքրագործվելու» շանսեր ունե՞ն:
-Հանրապետականների վիճակը շատ վատ է: Եթե այս տեմպերով շարունակեն գործել, հնարավոր է՝ անցողիկի շեմն էլ չհաղթահարեն: Ուրիշ բան, եթե այդ կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկվեր, իր միջի կարող ուժերին ներկայացներ, բայց տարիներ շարունակ երկիրը թալանելուց հետո հիմա ի՞նչ են ուզում անել: Անձամբ ես ձայնս տալու եմ «Իմ քայլ»-ին: Երկար տարիներ անց եզակի հնարավորություն է ընձեռվում, եւ մեր քվեն կարող է տեղ հասնել:
-Այսօր ո՞ր ուժը կարող է ռեալ ընդդիմություն լինել, ի՞նչ է հարկավոր, որպեսզի ընդդիմադիրների գործելու համար բարենպաստ դաշտ ստեղծվի:
-«Սասնա ծռերը», օրինակ, կարող է լինել ընդդիմություն: Դե ԲՀԿ-ն, բնական է, կունենա իր կայուն ընտրազանգվածը, ավելին չեմ կարող ասել, ՀՀԿ-ն պետք է ավելի բովանդակային խոսի, ոչ թե քննադատի մակերեսային երեւույթներ: ՀՀԿ-ն կարծես «Իմ քայլ»-ին ասում է. «Մենք վատն էինք, բայց դուք մեզնից վատն եք», սա նրանց կարգախոսն է դարձել (ծիծաղում է): Բայց այդպիսի մոտեցումներով խորհրդարան չեն մտնում: Եվ հետո, զուտ արտաքին գործոնների մասին եթե խոսենք, ինձ դուր չեն գալիս նախընտրական քարոզարշավի նրանց պաստառները, այդ սեւ ֆոնը…Չգիտեմ՝ ում մտահղացումն է, բայց լավը չէ:
-Նիկոլ Փաշինյանը դրանք անվանել է «գիշերվա սատանա» սեւ պաստառներ:
-Դե այդ կուսակցությունը վաղուց է մահացել, այնինչ այնտեղից կարող էին որոշ մարդիկ առանձնանալ, խոսել իրենց սխալների եւ ապագայի տեսլականի մասին, նրանք կարող էին հանդես գալ որպես առողջ ընդդիմություն: Բայց այդպես չեղավ: Նորից նույն դեմքերին ենք տեսնում, որոնք առաջնորդվում են նախկին սկզբունքներով:
-Համաձա՞յն եք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքական դաշտը բաժանվել է երկու ուժերի՝ «Իմ քայլը» դաշինքի եւ «Հանրապետական» կուսակցության միջեւ, իսկ մյուս ուժերը կարծես մնացել են ստվերում, հանրությունն էլ այս երկուսի փոխադարձ «մարտերին» է հետեւում, եւ մյուս ուժերի նկատմամբ հետաքրքրությունը, կարծես, քիչ է:
-Համաձայն եմ եւ կցանկանայի մեկ այլ դիտարկում էլ անել: Կան ուժեր, որոնք հայտնվում են ընտրությունից ընտրություն: Երբ գործընթացն ավարտվում է, անմիջապես կորչում են դաշտից: Այդպիսի միտում նկատել եմ, օրինակ, «Ազատ դեմոկրատների» պարագայում, որն այս անգամ հանդես է գալիս դաշինքի կազմում: Կցանկանայի, որ ամբողջ տարին, տեւական ժամանակ ժողովուրդը տեսներ այդ ուժերի գործունեությունը, ծանոթանար նրանց գաղափարներին, որպեսզի դաշտը հնարավորինս բազմաբեւեռ լիներ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս