ՀՀԿ-Ի ԽՆԴԻՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, քարոզարշավին հետեւո՞ւմ եք: Ի՞նչ տպավորություն ունեք ընթացքից:
-Հայաստանում երբեք նման քարոզարշավ չի եղել: Սա խարխլել է ժողովրդի կենսագործունեությունը: Մեր ժողովուրդը չգիտի` հետո ինչ պիտի լինի: Ծրագրեր չկան: Ընտրություններից հետո ժողովուրդը ինչպե՞ս պետք է ապրի, ի՞նչ միջոցառումներ կան, ի՞նչ նոր մոտեցումներ կան. սրանք բոլորը ետին պլանում են: Ընդհանրապես գաղափարական քարոզարշավ չէ: Հանրապետականը ցանկանում է գաղափարական ուղղություններով գնալ, բայց գաղափարական մոտեցումներ չկան: Ասում են` մենք եկել ենք իշխանության եւ ամեն ինչ կանենք` ասֆալտին պառկացնել կամ չգիտեմ ինչեր, որ առաջ գնանք: Խոսքը ոչ թե գաղափարների մասին է, այլ բոլորը պարզապես ուզում են պատգամավոր դառնալ: Բացի ՀՀԿ-ից` այլ ընդդիմադիր չեմ տեսնում, որովհետեւ այսօրվա իշխանությունը իր հարազատ ընկերներին հեռացրեց իրենից:
-Ասում եք` ընկերներին հեռացրեց: Խոսքը ԵԼՔ դաշինքի բաժանման մասի՞ն է:
-Եվ ոչ միայն: Խոսքը նաեւ Լեոն Տեր-Պետրոսյանին հեռացնելու մասին է: Վերջին հաշվով վերջինս կարողացել է իր ներդրումը ունենալ մեր քաղաքական կյանքում եւ ստեղծել է մարդիկ, իսկ ինքը չի մասնակցում ընտրություններին:
-Դուք ինչո՞ւ ռեյտինգային ընտրակարգով չառաջադրվեցիք:
-Ես ԱԺ նախագահ եմ եղել եւ չեմ կարծում, որ կուսակցական աշխատանքը պետք է թողնեմ եւ զբաղվեմ ընդդիմության գործունեությամբ: Այն տարածքը, որտեղ ես պետք է առաջադրվեի, իմ որդին է դրել այդտեղ, եւ ես նրան եմ պաշտպանում: Նա բավականին բարձր տրամաբանությամբ քաղաքական գործիչ է:
-Փաստորեն, քանի որ ՀՀԿ-ն հիմա իշխանություն չէ, Դուք չեք ուզում ընդդիմադիր պատգամավոր լինել:
-Ես ոչ թե ընդդիմադիր պատգամավոր եմ, այլ իմ բնույթն է ընդդիմադիր: Այնուամենայնիվ, բացատրեցի` ինչու չեմ առաջադրվել:
-Տեսնելով հասարակության տրամադրվածությունը դեպի ՀՀԿ-ն, ըստ Ձեզ` վերջինս ի՞նչ շանսեր ունի խորհրդարանում հայտնվելու:
-Հասարակության տրամադրվածությունը հիմա այսպիսին է, որովհետեւ, դե, մարդիկ են բռնում, ասում են` կողոպտել են երկիրը: Մեր ժողովուրդն էլ բավականին վատ վիճակում է, եւ այս խոսքերը ազդում են իր վրա: Բայց դա երկար չի տեւի, քանի որ ժողովուրդը պիտի կարողանա ստեղծել պետություն ոչ թե փողոցներում քայլելով, այլ իր ամբողջ կարողությունները ներդնելով: ՀՀԿ-ն, անպայմանորեն, կլինի ԱԺ-ում, բայց եթե նույնիսկ այդպես էլ չլինի, այն կլինի առաջին գործոնը, որն ընդհանուր երեւույթները կներկայացնի ժողովրդին, կքննադատի իշխանություններին:
-ՀՀԿ-ն մի օր կվերդարձնի՞ իշխանությունը:
-ՀՀԿ-ի խնդիրը իշխանության գալը չէ: ՀՀԿ-ի խնդիրն է ունենալ այն պետությունը, որը երազել են մեր պապերը: Իշխանությունը անընդհատ կարող է փոփոխվել:
-Մի՞թե հեղափոխությունից հետո որեւէ դրական բան չեք տեսնում:
-Դեռեւս որեւէ ծրագիր չեմ տեսել: Խորհրդարանում կառավարության ծրագիր չենք ունեցել: Խոսք չի ասվել, թե հետագայում մեր երկիրը ինչ ճանապարհով է գնալու: Ղարաբաղի մասին ասվում է` Ղարաբաղի ժողովուրդը կորոշի հետագան: Բա դա բնական է. ամեն ինչն էլ ժողովուրդն է որոշում: Բայց եթե պետության ղեկավար ես, պիտի քո տեսակետը ասես: Ամբողջ պրոցեսի ընթացքում ասվում էր` ներդրումներ են լինելու եւ այլն, բայց որեւէ ներդրում Հայաստանում չի եղել: Տնտեսությունը խոտանման ճանապարհին է: Իշխանության 2-3 ամիսների ընթացքում ունեցանք զարգացում, բայց այս զարգացումն էլ մեր արածների արդյունքն էր:
-ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում ժողովրդից, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել: ՀՅԴ-ն ասում է` մեր վարկանիշն ընկել է ՀՀԿ-ի հետ համագործակցելու արդյունքում: Ինչո՞ւ են նման հայտարարություններ լինում:
-Նրանք բոլորն էլ կարողացել են իշխանությունը տարբեր առիթներով կիսել ՀՀԿ-ի հետ եւ եթե խնդիրներ ունեին, կկարողանային լուծել: Բոլորն էլ հնարավորություն էին ուզում ստեղծել, որ ուժեղացնեն կապերը մեզ հետ, բայց ՀՀԿ-ն էլ միշտ մեծաքանակ պատգամավորներ ունենալով` կազմավորում էր իշխանություն եւ գտնում էր, որ մյուս ուժերն էլ պիտի լինեն իշխանության մեջ: Իսկ այսօր որ ասում են` էսպես, էնպես, չեմ ուզում դրան պատասխանել, որովհետեւ ես ամեն բան տեսել եմ եւ գիտեմ` ով ինչի համար էր ուզում ՀՀԿ-ի հետ լինել եւ առաջ գնալ:
-Ձեր ցուցակը ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի գլխավորում:
-Որովհետեւ նա չի ուզում պատգամավոր լինել: Նույնիսկ եթե նա ուզենար պատգամավոր դառնալ, ես անհատ եմ, բայց կխոսեի ու կասեի` ինչի՞ համար պատգամավոր: Երբ այնպիսի պրոցեսներ կլինեն, որ մենք նորից իշխանության գանք, բնականաբար, այդ ժամանակ կարելի էր խոսել այդ մասին: Այս ԱԺ-ում, որը նշեմ` շատ կարճ է մնալու, լինելու են քաղաքական գործիչներ Հանրապետականից, եւ լինելու են քայլող մարդիկ, որոնք ոչ օրենսդիր աշխատանքին են վարժված, ոչ էլ քաղաքական պրոցեսներին: Եթե այսպես շարունակվի` առանց ծրագրերի եւ այլն, չեմ կարծում, որ 5 տարի կմնա խորհրդարանը:
-Գլխավոր դատախազը ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ` 14 միլիոն դոլար կաշառքի գործի հետ կապված: Այս մասին ի՞նչ կասեք:
-Հիմա ընտրություններ են: Կա՛մ Արամ Հարությունյանը պիտի լիներ, կա՛մ մի ուրիշը, որ գործ հարուցեին, որպեսզի ժողովրդին ցույց տային, որ տեսեք` էլի գնում ենք առաջ: Ես չգիտեմ` նա մեղավոր է, թե ոչ. ոչ մի տվյալ չի ներկայացվել: Այն, ինչը այսօր տեղի է ունենում, դրանց մեջ մեծ հիմնավորումներ չկան: Ասում են` ՀՀԿ-ն թալանեց, բայց չեմ տեսել մեկ ՀՀԿ-ական, որը թալանել ու տարել է: Կոռուպցիան կանխարգելելու համար ոստիկանություն կա: Կառավարությունը իր գլխավորի հետ միասին ուրիշ բաներով պիտի զբաղվի: Ոստիկանները հիմա պարզապես հանձնարարություններ են կատարում:
-ՀՀԿ-ն մինչ այս Արամ Հարությունյանի մասով ոչինչ չի՞ իմացել:
-Եթե որեւէ բան իմացել է կամ չի իմացել… եթե խախտում է եղել, ով ուզում է լինի, պետք է պատասխան տա: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ ընտրություններից մի քանի օր առաջ դատախազությունը նոր կարողացավ նրա մեջ մի բան տեսնել:
-Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստին ՀՀԿ-ական պատգամավորները ներկա կլինե՞ն: Դուք գնալո՞ւ եք:
-Հետո էլ պիտի ասեն` պատգամավորները չեկան: Յուրաքանչյուրը իր համար իր քարոզարշավն է անում: Սա աբսուրդ, երեխայական խաղ է, ոչ թե քաղաքական գործընթաց: Եթե նա հանցագործ է, ինչ-որ ձեւով պետք է պատժվի: Դա ոչ թե արտահերթ է, այլ հերթական նստաշրջանն է, որ պետք է տեւի 3-4 օր: Այսինքն` պատգամավորներն իրենց գործերը պիտի թողեն, գան, նստեն խորհրդարանում: Եթե նույնիսկ գնամ էլ, մարդ չի լինելու: Եթե առավոտյան հասկանամ` որեւէ խնդիր կա, կգնամ, կգրանցվեմ, հետո դուրս կգամ` իմ գործերով զբաղվելու:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՄԱՆԴԱՏԻՑ ԷԼ ՉԻ՞ ՀՐԱԺԱՐՎԻ
Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտյոմ Ծառուկյանն անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարվեց իր մանդատից: Չնայած ռեյտինգային ընտրակարգով նա ստացել էր ավելի քան 5100 ձայն: Այն ժամանակ նա պատճառաբանել էր, թե մանդատից հրաժարվել է այն պարզ պատճառով, որ այն քաղաքական թիմը, որի հետ 11 տարի ճանապարհ է գնում, ցանկացել է իր ներուժը օգտագործել այլ ոլորտում: Հիմա Ծառուկյանը կրկին ժողովրդի քվեն է խնդրում, ինչը մի տեսակ անլուրջ է թվում, քանի որ պատգամավորի թեկնածուն մեկ անգամ արդեն հրաժարվել է մանդատից: Ու բնականաբար հարց է առաջանում` արդյո՞ք նա այս անգամ էլ նույնկերպ կվարվի: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս փորձեց պարզել` ինքը մտավախություն չունի՞, որ այս անգամ ընտրողը իրեն ձայն չի տա, որովհետեւ անցած անգամ հրաժարվել է մանդատից: «Նման մտվախություն ընդհանրապես չունեմ: Անցած անգամ բացատրել եմ, թե ինչու եմ այդպես վարվել: Բարոյական չէր լինի, որ ես մանդատի պատճառով թողնեի կուսակցությունը»,-մեզ հետ զրույցում ասաց նա: Հարցին` հնարավո՞ր է` այս անգամ էլ հրաժարվի մանդատից, Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց, որ նման բան չի լինի: «Բացառվում է»,- շեշտեց նա:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ԹԵԺ
Որքան մոտենում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան կրքերն ավելի են թեժանում եւ ուժերի ներկայացուցիչները փորձում են իրարից ձայներ խլել: Այդպես է նաեւ Գեղարքունիքի մարզում, որտեղ «Սասնա ծռեր» կուսակցությունից առաջադրված է նաեւ կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը: Լինելով Մարտունի քաղաքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա փորձում է իր համակիրների հետ գործել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Գնել Սանոսյանի դեմ, եւ իրավիճակն իսկապես լարված է, նույնիսկ պատճառ են դառնում ներքին վեճերի: Ու սա այն դեպքում, երբ «Սասնա ծռերի» շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը բազմիցս հայտարարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողքին կանգնելու մասին:

 

 

ԹԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՈՎ
Հայաստանի համայնքների համար սեփական եկամուտների հավաքագրումը իսկական գլխացավանք է դարձել: Ինչպես հայտնի է` մեր հանրապետության գյուղերի մեծ մասի սեփական եկամուտների հավաքագրումը 50 տոկոսից էլ ցածր է: Քանի որ մարդիկ թեեւ հողագործությամբ զբաղվում են, բայց եկամուտ չեն ունենում, տարիներով չեն վճարում հողի հարկերը` կուտակելով պարտքեր: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի համայնքների եկամուտներն ավելացել են 2.3 տոկոսով` կազմելով 87 մլրդ 722 մլն 300 հազար դրամ: Փոխարենը հարկերն ու տուրքերը նվազել են 1.6 տոկոսով: Օրինակ` այս հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համայնքների հավաքագրած հարկերն ու տուրքերը կազմել են 16 մլրդ 728 մլն 800 հազար դրամ, նախորդ տարվա 16 մլրդ 995 մլն դրամի դիմաց: Ըստ ՀՀ ՎԿ-ի` հիմնականում նվազել են անշարժ գույքից գոյացող գույքային հարկերը՝ 4.9 տոկոսով:

 

 

ԾԱՂԿԱՅԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ծաղկավաճառները փակել են Չարենցի փողոցը եւ ստիպված են եղել ծաղիկները վաճառել փողոցներում, մայթերին: Ինչպես հայտնի է` նրանք իրենց ծաղիկները վաճառում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի ավտոկայանատեղիում, որը հայտնի է որպես ծաղկի շուկա: Ըստ ծաղկավաճառների` նրանք 4 ժամ կանգնելու համար վճարում են 2000 դրամ: Երեկ նրանք, փակելով փողոցը, պահանջել են 2000 դրամը իջեցնել` դարձնելով 1000 դրամ: Սակայն ծաղկի շուկայի պատասխանատուները ծաղկավաճառներից պահանջել են դադարեցնել բողոքի ակցիաները, ապա սպառնացել են, որ հակառակ դեպքում 2000 դրամ վճարը կդառնա 3000 դրամ: Բայց ծաղկավաճառները վճռական են տրամադրված. նրանք այս պահանջի համար այսօր առավոտյան էլ են փակելու Չարենցի փողոցը: Ավելին` շուկայի պատասխանատուները պարտադրում են 1000 դրամ վճարել նաեւ ծաղկի գնորդներին, ովքեր մեքենայով մտնում են շուկա: Բացի այս` վճարելուց հետո ծաղկավաճառներին ՀԴՄ կտրոն չեն տալիս:




Լրահոս