ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ի սկզբանե որոշված էր, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ երկրների առաջնորդները կրկին պետք է հավաքվեին եւ քննարկեին կազմակերպութան գլխավոր քարտուղարի հարցը: Սակայն երեկ պարզ դարձավ, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստում այդ հարցին անդրադարձ այդպես էլ չի լինի: Այս հանգամանքն, իհարկե, առաջին հերթին ձեռնտու է հենց ռուսական կողմին:
Բանն այն է, որ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել, որ դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում այդ հարցը չներառվի: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որոշում է կայացվել աշխատանքային ընթացակարգերով հասնել հարցի լուծմանը` ընդգծելով, որ մինչ այժմ որեւէ լուծում չի գտնվել:
Իսկ սա էլ գալիս է փաստելու այն հանգամանքը, որ ՀԱՊԿ երկրները ցանկանում են պարզապես ժամանակ ձգել, եւ այսպես շարունակելու պարագայում հնարավոր է, որ մինչեւ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը հարցը չի լուծվի, եւ երբ ժամանակը գա, ինքնաբերաբար ռոտացիայի սկզբունքով այն կփոխանցի Բելառուսին: Իսկ մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունն էլ կկատարի ներկայիս պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ով, ի դեպ ՌԴ-ից է եւ փաստացի այս տարբերակն ամենաձեռնտուն է հենց Վլադիմիր Պուտինի համար:
Հարցի հետաձգումը նշանակում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը Հայաստանից առաջադրելու հարցը դուրս է գալիս օրակարգից: Ինչպես իր խոսքում նոյեմբերի 8-ի նիստից հետո նաեւ ակնարկել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, կարճ ժամանակ է մնացել, եւ նոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներ այցելել: Հիմա առավել եւս այս հարցը կդառնա անիմաստ, եւ մի քանի ամսվա համար ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի:
Իսկ այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է ասում, թե առայժմ կոնսենսուս ձեւավորել չի հաջողվել, իր հերթին նշանակում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կա՛մ ինքը չի ցանկացել, կա՛մ պարզապես չի կարողացել ազդել Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների վրա:
Սակայն այս ամենում թերեւս մի կարեւոր հանգամանք կա. եթե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վերջինս ամենավերջինն էր իմանում Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին, եւ ամեն ինչ որոշում էին առանց իրեն, ապա հիմա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է ամեն ինչ համաձայնեցնում Նիկոլ Փաշինյանի հետ: Դրա վկայությունն էր Պուտինի հետ հեռախոսազանգը: Եվ սա արտահերթ խորհրդարանական ընտրություններից ընդամենն օրեր առաջ լավություն էր հենց Փաշինյանին:
Հիմա Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, եւ փաստ է, որ սկանդալից կամ հակահայկական հարցեր ու որոշումներ չեն կարող լինել, որոնք կարող էին ազդել Փաշինյանի վարկանիշի վրա, եւ որից կարող էին օգտվել նրա ընդդիմախոսները:
Սակայն սա էլ իր հերթին չի նշանակում, թե հարցի շուրջ հետագա քննարկումներն առկախվում են: Բանն այն է, որ թե՛ նոյեմբերի 8-ից հետո, թե՛ նաեւ մինչ այդ էլ արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաների, պաշտպանության նախարարությունների պաշտոնյաների մակարդակով քննարկումներն ակտիվ են լինում, եւ ամենեւին էլ չի բացառվում, որ այնպես ստացվի` այդ քննարկումների արդյունքում հնարավոր լինի ընդհանուր հայտարարի գալ:
Եվ այս ամենում պետք է հասկանալ մեկ հանգամանք եւս: Շատ է նշվել այն մասին, որ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում հիմնական որոշողը հենց ՌԴ-ն է: Եվ այն հանգամանքը, որ հենց Վլադիմիր Պուտինն է առաջարկել հետաձգել ՀԱՊԿ նիստում այդ հարցի քննարկումը, նշանակում է, որ նա այս հարցում պարզապես չի աջակցում Բելառուսին եւ Ղազախստանին: ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրներ Ղրղզստանն ու Տաջիկստանն էլ շարժվում են մեծամասնության սկզբունքով, եւ այս պարագայում նրանք էլ Պուտինի կողքին են: Հակառակ պարագայում ՀԱՊԿ-ում իրավիճակը կլիներ հինգն ընդդեմ մեկի, եւ ակնհայտ է, որ Փաշինյանի կողմից չհամաձայնելը կարող էր ճակատագրական լինել: Իսկ եթե Պուտինն աջակցում է Փաշինյանին, նշանակում է` շանսեր կարող են լինել իրավիճակը փրկելու:
Մյուս կողմից Պուտինն էլ չի ցանկացել սրել իրավիճակը, քանի որ ակնհայտ է` ՀԱՊԿ նիստը բավական լարված էր անցնելու, եւ ինչպես ասել էր Նիկոլ Փաշինյանը` նա բացատրություն էր պահանջելու Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներից: Եվ այս պարագայում Պուտինը խուսափեց հրապարակային սկանդալից, եւ այժմ բացատրությունները կարող են տեղի ունենալ փակ դռների հետեւում եւ դեմ առ դեմ. ի վերջո, ԵԱՏՄ նիստի օրակարգը չեն խառնի ՀԱՊԿ ներքին հարցերի հետ: Ստացվում է` մեկ քայլով ՌԴ նախագահը մի քանի հարց լուծեց:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԶՐԿՈՒՄ ԵՆ
Ազգային ժողովն այսօր հերթական նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված են նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ու նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցերը: Բայց ենթադրվում է, որ այդ նիստը տեղի չի ունենա՝ քվորումի բացակայության պատճառով: Երեկ պետք է գումարվեր նաեւ ԱԺ խորհրդի նիստ, որպեսզի հաստատվեր եւ որոշվեր օրակարգը, սակայն քվորումի բացակայության պատճառով այն տեղի չի ունեցել: Բայց անգամ առանց օրակարգի հաստատմանն էլ այսօր հերթական նիստը պետք է գումարվի իրավունքի ուժով. այդպես է նախատեսված օրենսդրությամբ: Ու քանի որ հիմա բոլորը զբաղված են նախընտրական քարոզարշավով, հազիվ թե «ժամանակ» գտնեն ու գան ԱԺ, մանավանդ ՀՀԿ-ականներն իրենց ներսում «հայհոյանք են դրել», որ իրենց կուսակից ընկերներին անձեռնմխելիությունից զրկելուն էլ կողմ չեն քվեարկի. «Ժողովուրդ» օրաթերթն ամիսներ առաջ էր տեղեկացրել այդ մասին: Երեկ ՀՀԿ-ականներն այս բացահայտումը էժանագին փիառ համարեցին:
Իսկ ինչ է սպասվում, եթե ԱԺ-ն այդ հարցը չքվեարկի: Բանն այն է, որ ըստ Սահմանադրության` մինչ նոր ԱԺ-ի առաջին նիստը, հնի լիազորությունները դեռեւս գործում են: Իսկ սա նշանակում է, որ նվազագույնը մինչեւ հունվարի 7-ը Արամ Հարությունյանը համարվելու է անձեռնմխելի: Իսկ սա նվազագույն դեպքում, քանի որ եթե ԱԺ ընտրությունների արդյունքները մասնակից ուժերից որեւէ մեկը բողոքարկի ՍԴ-ում, ապա նոր ԱԺ-ի առաջին նիստն ավելի ուշ կգումարվի: Հավելենք, որ առաջին անգամ Փաշինյանը կոռուպցիայի մեջ եղած պատգամավորի մասին խոսել էր հոկտեմբերի 24-ին եւ դրանից հետո մինչ այժմ Արամ Հարությունյանը ոչ մի նիստի չի մասնակցել:
ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո դատապարտյալներին ներում շնորհելու կարգը փակուղի է մտել: «Ժողովուրդ» օրաթերթին զանգահարած դատապարտյալները հայտնեցին, որ դեռեւս 7 ամիս առաջ իրենք դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներման խնդրագրով: Ըստ «Ներման մասին» ՀՀ օրենքի` ներման հարցերի խորհրդակցական հանձնաժողովը 20-օրյա ժամկետում պետք է ներման խնդրագրի եզրակացությունն ուղարկի վարչապետին: Իսկ վերջինս իր հերթին ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներում շնորհելու կամ մերժելու մասին որոշումն ուղարկում է ՀՀ նախագահին: Այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ մերժելու որոշման նախագիծը: «Բոլոր ժամկետները սպառվել են, ոչ մի տեղից չենք կարողանում տեղեկություն ստանալ մեր գործերի մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին վրդովված պատմեցին դատապարտյալները: Ի դեպ, ներման հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է, որը ԱԺ ընտրություններում թեկնածու է եւ զբաղված է քարոզարշավով:
ԹՈՒՅԼ ՉԷԻՆ ՏԱԼԻՍ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Վանաձորում հայտարարեց, թե նախկինում իրենց թույլ չէին տալիս գործ անել։ Տարիներ շարունակ իշխանության մաս կազմած կուսակցության ղեկավարը չմանրամասնեց, թե ինչ արգելքների մասին է խոսքը եւ ում կողմից, բայց խոչընդոտները կապեց «վերեւներում» եղած նախանձի հետ։ «Մենք ունենք մեր ծրագրերը, ինչ որ արել եմ, արել եմ, անում եմ, անելու եմ։ Իհարկե, ասենք թե, առաջներում չէին էլ թույլ տալի անեմ։ Թույլ չէին տալի ես անեմ, իրանք էլ չէին անում։ Բայց միշտ պատրաստ եմ եղել անելու, կազմակերպելու։ Մի լավ բան անելով իմ ժողովրդի համար՝ ես ինձ լավ եմ զգացել, – դիմելով աջակիցներին` ասաց Ծառուկյանը,- մենք նախանձ ազգ ենք, ասեմ։ Դա սովորական ժողովրդին չի վերաբերում։ Դա վերեւները… Այ, քու ցավը տանեմ, դու էլ արա, քեզ էլ հարգեն-սիրեն։ Հա՛մ չես անում, հա՛մ ուզում ես հարգեն-սիրեն»։
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ
Մասիս քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին երկրաշարժի 30-րդ տարելիցն է, եւ այդ օրը քարոզչություն չեն իրականացնի, կլինեն աղետի գոտում: Այդ օրը կառավարության արտագնա նիստ է տեղի ունենալու Գյումրիում: Ն. Փաշինյանը դեկտեմբերի 7-ին կայցելի նաեւ Սպիտակ եւ Վանաձոր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Նախատեսված էր, որ այդ օրն անցկացվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, սակայն նախօրեին վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չի անցկացվի, քանի որ գլխավոր քարտուղարի հարցում կոնսենսուս չկա: Հարցը քննարկվելու է աշխատանքային կարգով: «Քարոզչության այդ մի օրը բաց կթողնեմ, բայց հույս ունեմ` ՀՀ քաղաքացիները դրան ներողամտորեն կվերաբերվեն»,-հայտնել է նա:
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի` ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ»-ի բազայի պետ Հ. Հովսեփյանին: Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Բ. Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանի հետ միասին «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ: Պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավապահ մարմիններին դիմելու եւ օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն բռնության գործադրմամբ, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Բ. Բեգլարյանին եւ Հ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Էլմար Մամեդյարովը: Նշենք, որ Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Նյու Յորքում: