ՈՎ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը ծնվել է 1982թ. օգոստոսի 14-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:

Թագուհին 1998թ. գերազանցությամբ ավարտել է տեղի թիվ 2 դպրոցը: 2000թ. ավարտել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը` գիդ թարգմանիչ մասնագիտությամբ: 2003թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը` ժուռնալիստիկա մասնագիտությամբ: 2008թ. ավարտել ՀՀ Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը: 2013թ. ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան:
2003-2004թթ որպես կամավոր սկսել է թղթակցել «Իրավունք» թերթին: Իսկ արդեն 2004թ. անցել է աշխատանքի «Իրավունք» թերթում որպես քաղաքական բաժնի լրագրող: Ահա այսպես Թագուհի Թովմասյանը սկսել է իր լրագրողական գործունեությունը` մշտապես լինելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրինականության համար պայքարի կիզակետում որպես պայքարի առաջամարտիկ: Այդ պայքարի ճանապարհը հարթ չի անցել: Նախկին իշխանությունները պարբերաբար փորձել են խոչընդոտել Թագուհի Թովմասյանի մասնագիտական օրինական գործունեությունը: Ամենացայտուն օրինակն այն ժամանակ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հետ տեղի ունեցած դեպքն էր: Հայաստանյան առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել էին այդ միջադեպին. Սաշիկ Սագսյանը պահանջել էր «Իրավունք»-ի լրագրող Թագուհի Թովմասյանից հայտնել իր մասին հրապարակած տեղեկությունների աղբյուրը, պահանջել, հետո սպառնացել` ասելով. «Եթե չասես, պրոբլեմներ կունենաս, դու գիտես` ես ով եմ»: Հետո, իհարկե, Սաշիկ Սարգսյանը ստիպված էր ընդունել իր սխալը, ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից:
Թագուհի Թովմասյանը 2007-2010թ. աշխատել է «Չորրորդ իշխանություն» թերթում: Մշտապես համարձակ հրապարակումներով նա քննադատել է իշխանությունների սխալներն ու բացթողումները: Իր լրագրողական գործունեությանը զուգահեռ` Թագուհի Թովմասյանը մշտապես աչքի է ընկել քաղաքացիական ակտիվությամբ ու սկզբունքային կեցվածքով: Նա մշտապես եղել է խոսքի ազատության համար պայքարող առաջատար լրագրողներից, ապա խմբագիրներից մեկը: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ Թագուհի Թովմասյանը եւս եղել է դեպքերի կիզակետում, լուսաբանել տեղի ունեցածը: Հետո արդեն Երեւանում հաստատվել էր 21-օրյա արտակարգ ռեժիմ, որի պայմաններում լրատվամիջոցներին թույլ չէին տալիս հրապարակվել: Արգելված էր նաեւ Թագուհի Թովմասյանի համարձակ հոդվածների հրապարակումը:
Անուրանալի է Թագուհի Թովմասյանի պայքարը հանուն Մարտի 1-ի քաղբանտարկյալների ազատ արձակման: Նա մշտապես մասնակցել է հանրահավաքներին, ցույցերին ու երթերին: Թովմասյանն անձամբ ԱԺ-ում ստորագրահավաք էր կազմակերպել Արցախյան ազատամարտի հերոսներից Սասուն Միքայելյանի ազատ արձակման պահանջով:
Նա մշտապես եղել է նաեւ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կողքին` մասնակցելով Փաշինյանի ազատ արձակման պահանջով անցկացված բողոքի ակցիաներին:
Արդեն 2011թ. Թագուհի Թովմասյանը հիմնադրել է իր լրատվամիջոցը` «Ժողովուրդ» օրաթերթը, ապա ArmLur.am լրատվական կայքը: Լրատվամիջոցի գործունեության սկզբունքն է եղել «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին», սկզբունք, որով լրատվամիջոցն առաջնորդվել է առաջին իսկ օրվանից եւ որից չի նահանջել երբեւէ: Այս սկզբունքի արդյունքում կարճ ժամանակում նրա ղեկավարած լրատվամիջոցը դարձել է հայաստանյան առաջատար թերթերից մեկը, իսկ ArmLur.am լրատվական կայքի այցելուների թիվը վաղուց գերազանցում է մի քանի հարյուր հազարը: Թագուհի Թովմասյանի հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթի շնորհիվ հազարավոր քաղաքացիներ ոչ միայն Գեղարքունիքի մարզից, այլեւ Հայաստանի ու Արցախի մի շարք բնակավայրերից կարողացել են հասնել իրենց խնդիրների լուծմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի ղեկավարման տարիները եւս հարթ չեն անցել: Օրաթերթի թղթակիցները հայտնվել են արդեն նախկին իշխանությունների թիրախում: Օրաթերթի դեմ պարբերաբար դատական հայցեր են ներկայացվել, որոնցից, ի դեպ, թերթը հաղթող է դուրս եկել:
«Ժողովուրդ» օրաթերթը «Հայփոստ»-ի միջոցով Գուրգեն Աղաջանյանի անունով նամակ էր ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը զրուցել էր տիկին Կիրակոսյանի հետ եւ ներկայացրել նաեւ նրա մեկնաբանությունը: Մեր հրապարակման հաջորդ օրը խմբագրություն էր այցելել Գուրգեն Աղաջանյանը եւ հայտարարել, թե այդ նամակի հեղինակն ինքը չէ, այն ինչ-որ մեկը գրել է իր անունից: Ապա որոշել էր դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին: Գ. Աղաջանյանը դիմել էր դատարան` «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել 800 հազար դրամ: Սակայն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը վճիռ կայացրեց մերժել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը:
Ես մեկ դատական հայց ներկայացվել էր «Ժողովուրդ» օրաթերթի եւ թերթի լրագրողի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից, որի նպատակը թերթի փակումն էր: Սակայն փաստն այն է, որ մինչեւ այսօր թերթը շարունակում է իր ակտիվ գործունեությունը:
Ուշագրավ էր «Ժողովուրդ» օրաթերթի դեմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկշին» ընկերության ներկայացրած հայցը: «Ժողովուրդ» օրաթերթը հաղթեց այդ դատական գործը ե՛ւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, ե՛ւ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ կազմակերպությունը դեռ այս տարվա մարտին դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, թե իբր մենք զրպարտել ենք նրանց: Ու սա այն դեպքում, երբ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը լուսաբանել էր կառավարության շենքի մոտ «Միկշին» ընկերության դեմ քաղաքացիների բողոքի ցույցը, ավելի ուշ մեկնաբանությունների համար դիմել այդ ընկերությանը` չստանալով պատասխան: Եւ ահա «Միկշին» ընկերությունն այս ամենը համարել էր զրպարտություն, դիմել դատարան: Օգոստոսին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժեց «Միկշին» ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դրանից հետո ընկերությունը վճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բայց այստեղ եւս նրանք պարտվեցին. Վերաքննիչ դատարանը մերժեց ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:

շարունակությունը՝ էջ 6-7

 

ՆՎԵՐ` ՊԱՊԱԿԱՆ ԳՅՈՒՂԻՆ
2018 օգոստոսի 11-ին խոշորացված Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին բնակավայրում շուքով նշվեց գյուղի 200-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհավորեց գյուղի տոնը` նշելով գյուղի հին անունը` Ջարխեչ: Փաշինյանը հայտարարեց, որ ինքը այդ գյուղի թոռ է (ըստ մեր տեղեկությունների` մայրական կողմից): Փաշինյանն ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, հորդորեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու` հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «դրուժբաները, եւ միացնել միտքը»: Վարչապետը հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել տնտեսական գործունեություն նախաձեռնողները առանց բնությանը վնասելու: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները տրվում են անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով: Նիկոլ Փաշինյանը Հաղարծնի բնակիչներին կոչ արեց օգտվել Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններից: Ն. Փաշինյանի կողմից իր հայրենակիցներին խոստացած նվերը խորհրդարանական ընտրություններից առաջ տեղ հասավ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվող 140 հազար դոլար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Հաղարծին եւ Թեղուտ գյուղերի բնակիչների կողմից ներկայացված զարգացման ծրագրերի 245 դրամաշնորհային հայտերից բավարարվել են 50-ը, որից 36-ը Հաղարծին գյուղից եւ 14-ը` Հաղարծին գյուղի հարեւան Թեղուտից: Հայտերի գնահատումն իրականացվել է գնահատող հանձնաժողովի կողմից, որի նախագահն է Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են բնապահպանության նախարարի օգնական Նատալի Սահակյանը (հանձնաժողովի քարտուղար), «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանը: Տավուշի մարզպետարանի ստորաբաժանումները շարունակական կապի մեջ կլինեն նշված 50 հայտատուների հետ` տրամադրելով խորհրդատվություն, փորձագիտական աջակցություն եւ այլն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս