Երևանի կենտրոնում ավտոկայանատեղի կազմակերպելու նախագիծը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել ՀԿ-ին գույք նվիրելու որոշման նախագծին։ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող շինությունն ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մարզասրահ հիմնելու նպատակով:

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մարզաձևերի զարգացման, մարզամշակութային միջոցառումների կազմակերպման, հայաստանցի պարամարզիկների միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովման ու մի շարք այլ ուղղություններով: «Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանների անվտանգությունը ապահովելու և/կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև քաղաքացիական հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզասրահում տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն անվճար»,- նշվում է որոշման մեջ:

Ավագանու անդամները քննարկման ընթացքում ներդրումներն ապահովող կողմի վերաբերյալ տեղեկություններ են խնդրել քաղապետարանի աշխատակազմից, ինչպես նաև ճշտել են այն չափանիշները, որոնց դեպքում Ավագանին պետք է կողմնորոշվի՝ նմանատիպ խնդիրները քննարկելու ընթացքում:

Մարզասրահ հիմնելու առաջարկն, ի դեպ, «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Ստեփանյանը քաղաքապետ Հայկ Մարությանին էր ներկայացրել վերջերս՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ:

Աղբահանության վճարը կգանձեն վարչական շրջանների աշխատակազմերը

Օրակարգի մեկ այլ հարցով հաստատվել է «Արևամանուկ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը: Նուբարաշենում կառուցված նոր մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել 2019-ի մարտին: Այն կգործի չորս խմբով՝ վարչական շրջանի 132 նախադպրոցական տարիքի երեխայի համար ապահովելով ուսուցում և խնամք:

Ավագանին որոշել է նաև աղբահանության դիմաց վճարողներին հաշվառելու, գումարը հաշվարկելու և այդ գումարը բյուջե գանձելու գործառույթը համատիրություններից ամբողջությամբ պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք այդ լիազորությունն իրականացնելու են իրենց աշխատակազմերի միջոցով: Կարևորելով որոշման նախագծի հաստատումը՝ ավագանու անդամները նկատել են, որ այս կերպ գործառույթը կիրականացվի ավելի արդյունավետ և ի նպաստ բնակիչների:

Նոր տոնածառը նվիրաբերվել է Երևանին

Արթահերթ նիստում ավագանու որոշմամբ Երևան համայնքին է նվիրաբերվել «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված 85 032 000 (ութսունհինգ միլիոն երեսուներկու հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով: Ի դեպ, որոշման մեջ նշված գումարից հաշվանցվելու է ավելացված արժեքի հարկը: Փաստացի, տոնածառը՝ լուսաշղթաներով, խաղալիքներով ու մոնտաժման աշխատանքներով հանդերձ, համայնքին արժեցել է 70, 810 հազար դրամ:

Արձագանքելով նոր տոնածառի ձեռքբերման անհրաժեշտության ու քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում առկա խնդիրների լուծմանը վերաբերող «Լույս» խմբակցության անդամի կողմից բարձրացված հարցերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է.

«Սանիթեք ընկերության առնչությամբ ասեմ, որ բանակցությունների արդյունքում մենք մինչ այսօր փորձել ենք լուծումներ տալ շատ հարցերի և այդ լուծումներն արդեն երևում են փողոցներում: Մշտապես բարձրացվում է երկրորդ օպերատոր ներգրավվելու հարցը: Վերջին հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեփականատերը կհանդիպի տնօրենի հետ ու կքննարկի այդ խնդիրը: Մենք եզրակացրեցինք, որ առանց ինչ-որ շատ սուր խնդիրների, որոնք կարող են առաջանալ կտրուկ գործողությունների ժամանակ, իրենք արդեն պատրաստ են այդ հարցը քննարկել: Ամեն ինչ արվում է, որ Երևանը լինի մաքուր: Մեր գլխավոր խնդիրն այդ է»,- ընդգծել է քաղաքապետը:

Ավագանին մերժել է քաղաքի կենտրոնում ավտոկայանատեղի կազմակերպելու նախագիծը

Քվեարկությամբ մերժվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու հարցը:

Նախագծին ձեռնպահ քվեարկած քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծեց, որ ոլորտի կանոնակարգման առումով քաղաքապետարանը օրենսդրական փոփոխություններ է նախատեսում՝ առաջարկների փաթեթ ներկայացնելով ԱԺ:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի 25-ին:




Լրահոս