Հրազդանում ձուկ վաճառելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 25 ամյա բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի` 1993 թվականին ծնված բնակիչը, ձուկ վաճառելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 46 ամյա համաքաղաքացու հետ: Վիճաբանության ընթացքում երիտասարդը հրել է համաքաղաքացուն և վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել՝ ստանալով միջին ծանրության վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




Լրահոս