«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարության աշխատակիցները կառավարության շենքի մոտ երեկ բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով չլուծարել այդ երկու գերատեսչությունները: Ինչպես հայտնի է, կառավարությունը մտադիր է կրճատել նախարարությունների թիվը` 17-ից դարձնելով 11-12-ը:
Նախօրեի երեկոյան արդեն նախարարությունների աշխատակազմերին է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ինչն էլ արդարացի դժգոհություն է հարուցել: Ի վերջո, կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մարդիկ հայտնվել են աշխատանքից զրկվելու վտանգի առաջ:
Ու տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները պետք է օպտիմալացում նախաձեռնելուց առաջ մտածեին նաեւ այդ մարդկանց ճակատագրի մասին. ի վերջո, Հայաստանում այսօր աշխատանք գտնելը հեշտ չէ, մեղմ ասած:
Մյուս կողմից` սակայն, նկատենք, որ կառավարության նախաձեռնությունը պետական շահերի տեսանկյունից արդարացված է. ՀՀԿ իշխանությունը տարիներ շարունակ պահի թելադրանքով, կոնկրետ անձանց (կամ ուժերի) պաշտոն տալու անհրաժեշտությունից դրդված, ավելացրել է նախարարությունների թիվը` պետական բյուջեի վրա դարձնելով ահռելի բեռ:
Ու հիմա այդ բեռից ազատվելը դարձել է հրամայական, առավել եւս, երբ 1991-2006 թվականներին գործել է Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն: Այսինքն` Մշակույթի նախարարությունը եղել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ միասին: Իսկ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց 2008թ., այնինչ նախկինում դա ԱԳՆ վարչություններից մեկն էր:
Ամեն դեպքում, նման որոշումներից առաջ պետք է համադրել պետական ու մասնավոր շահերը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: