Իշխանություններտ պետք է լուծեն մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը, այլ ոչ թե թողնեն բախտի քմահաճույքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ իշխանությունները պետական կառավարման համակարգը տարիներ շարունակ ձեւավորել են` պահի անհրաժեշտությունից ելնելով, այլ ոչ թե առաջնորդվելով պետության զարգացման տեսանկյունից: Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ գերատեսչություններ են իրար միացվել կամ առանձնացվել: Նպատակը եղել է կոնկրետ անձանց պաշտոններ տալը: Հենց այս մեթոդով էլ նրանք վարձահատույց են եղել իշխանությանը ծառայություններ մատուցած գործիչներին հատկապես ընտրությունների ժամանակ:

Այդ դրդապատճառներից ելնելով էլ` նրանք որոշեցին ՀՀ տարածքային կառավարման ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները վերակազմավորել (2014թ. խնդիր էր տրված ՕԵԿ-ին նախարարական պորտֆել տալը), իսկ ավելի ուշ` անջատել: Կամ նույն որոշման արդյունքում կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ու Ֆինանսների նախարարությունը վերակազմավորվեցին, ապա կրկին առանձնացվեցին: Ստացվում է, որ իշխանությունը ոչ միայն ըստ նպատակահարմարության նախարարություններ է ստեղծում ու վերամիավորում, այլ կոնկրետ անձի կամ անձանց համար պաշտոններ է ստեղծում, նրանց ենթակայության տակ ոլորտներ դնում:
Այդկերպ ժամանակին ստեղծվեցին կառավարության աշխատակազմի ղեկավարի եւ առաջին փոխվարչապետի պաշտոնները:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 2013 թվականին ստեղծեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սկզբում այդ պաշտոնը զբաղեցնում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, իսկ նրանից հետո շուրջ երեք տարի` Դավիթ Հարությունյանը: Այն ժամանակ Տիգրան Սարգսյանը հիմնավորել էր, որ նման պաշտոնի ստեղծումն անհրաժեշտություն է, քանի որ պետք է կոորդինացնել գերատեսչությունների բարեփոխումները: Ընդ որում, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը նախարարին հավասար պաշտոն էր համարվում, եւ պաշտոնյան վճարվում էր, ինչպես նախարարները` ամսական մոտավորապես 793 հազար, տարեկան շուրջ 10 մլն դրամով:

Այդպես ստեղծվեց նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը հատուկ Կարեն Կարապետյանի համար, որպեսզի նա Սերժ Սարգսյանի համար «ազատի» պաշտոնը, բայց եւ հենց ինքը զբաղվի տնտեսությանն առնչվող հարցերով: Սակայն այս տարվա ապրիլյան հայտնի իրադարձությունների հետեւանքով նա չկարղացավ զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ հիմա էլ նոր իշխանությունները որոշել են կրճատել այդ հաստիքը:

Եվ ոչ միայն այդ հաստիքը. կառավարությունը գնում է օպտիմալացումների ճանապարհով, ինչը, բնականաբար, դժգոհություններ է առաջացրել այդ կառույցների աշխատակիցների շրջանում. մարդիկ հայտնվել են գործազրկության շեմին: Մասնավորապես, երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները: Եվ եթե Մշակույթի նախարարությունը ծրագրած է միացնել Կրթության, գիտության եւ սպորտի, երիտասարդության հարցերի նախարարություններին, ապա Սփյուռքի նախարարությունն առհասարակ նախատեսվում է լուծարել, եւ աշխատատեղերի կրճատումն էլ հանգեցրել է դժգոհությունների:

Սակայն Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները եւս ստեղծվել են նպատակահարմարությունից ելնելով: Օրինակ` 1991-2006 թվականներին գործել է Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն, սակայն այդ նախարարություններն առանձնացվեցին: Մշակույթի նախարարությունն առանձնացվել էր Հասմիկ Պողոսյանի համար: Վերջինս, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ընկերուհին էր, եւ այդ անձնական կապի շնորհիվ երկար ժամանակ պաշտոնավարեց: Սփյուռքի նախարարությունն էլ ստեղծվեց 2008 թվականին հատուկ Հրանուշ Հակոբյանի համար, ով այդ պաշտոնը զբաղեցրեց 10 տարի: Սա էլ նպատակ ուներ նախարարի կարգավիճակ տալ երբեմնի կարկառուն կոմունիստ, հետո ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանին:

Սփյուռքի նախարարություն ստեղծելու գաղափարի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր դեռ իր նախընտրական ծրագրում: Եվ նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի առաջին ձեռնարկներից մեկը եղավ այդ նախարարության հիմնումը: Եվ 2008թ. հոկտեմբերից արդեն ՀՀ կառավարության կազմում սկսեց գործել Սփյուռքի նախարարությունը: Ընդ որում, նախորդ տարի, երբ կառավարության կառուցվածքի մասին հարցը քննարկվեց խորհրդարանում, եւ մի քանի գերատեսչությունների անվանումներ փոխվեցին, նախկին իշխանությունները ոչ մի կերպ չդիտարկեցին Սփյուռքի նախարարությունը լուծարելու կամ միավորելու տարբերակը. ավելին` Էդուարդ Շարմազանովն առաջարկել էր այն վերանվանել Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն, սակայն այն չէր ընդունվել:

Եվ հիմա նոր իշխանությունները ցանկանում են օպտիմալացումներ կատարել` համարելով, որ կան գերատեսչություններ, որոնք անարդյունավետ են գործում: Իհարկե, այդ խոսքերի մեջ կա ճշմարտություն, եւ բազմիցս է բարձրացվել այն հարցը, որ այս կամ այն գերատեսչության աշխատակիցները պարապուրդի են մատնված, անարդյունավետ են գործում եւ այլն: Սակայն այդ օպտիմալացումները ոչ մի պարագայում չպետք է կամայական լինեն, այլ տրամաբանական, որպեսզի կառույցների գործառույթները եւս համապատասխանեն միմյանց:

Իհարկե, պետք է դիտարկել նաեւ միջազգային փորձը: Այդ առումով, նկատենք, որ Մշակույթի նախարարություն ունեն գրեթե բոլոր երկրները: Ու որեւէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել այն: Այլ բան, որ այս տարիների ընթացքում այն գործել է անարդյունավետ: Այդ մասին բարձրաձայնել եւ բարձրաձայնում են նաեւ մշակութային գործիչները: Եվ արդյունավետ կառավարման արդյունքում այն կարող է իսկապես շատ կարեւոր եւ առանցքային գերատեսչություն լինել հատկապես զբոսաշրջիկներ ներգրավելու առումով:

Այստեղ էլ նկատենք, որ Հայաստանում Սփյուռքի նախարարություն ստեղծելուց հետո նույնիսկ Ադրբեջանում սկսեցին ակտիվացնել այդ ոլորտը եւ իրենց հայրենակիցների հետ կապերը: Այլ բան է, որ այս նախարարությունն էլ երկար ժամանակ զբաղված է եղել Սփյուռքից մարդկանց ներգրավելով, ովքեր գումարով կօգնեին Հայաստանին: Դե իսկ Կրթության եւ գիտության նախարարությունն ինքնին մեծ կառույց է, եւ միշտ բարձրաձայնվել է այն մասին, որ գիտությանը համարժեք տեղ չի տրվում, եւ այս միավորումից հետո կրկին խնդիր է գիտության հարցը: Եվ այս իրավիճակում մնում է հասկանալ, թե ինչ ուրիշ օպտիմալացումներ կլինեն եւ արդյոք դրանք տրամաբանական կլինեն:

Մինչ այդ անլուծելի խնդրի առաջ են հայտնվել նախարարությունների աշխատակիցները, որոնք զրկվելու են աշխատանքից` համալրելով գործազուրկների առանց այն էլ ստվար բանակը: Եւ հիմա նրանց բողոքն արդարացի է. ի վերջո, օպտիմալացման գնալուց առաջ իշխանությունները պետք է փորձեն լուծել նաեւ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը, այլ ոչ թե թողնեն բախտի քմահաճույքին:




Լրահոս