Անկեղծ ասած՝ ես չգիտեմ` դատարանն ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել. Նիկոլ Փաշինյանը` Մանվել Գրիգորյանի ազատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

«Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իր կարծիքն այն է, որ քրեական գործի նախաքննությունը ամեն դեպքում պետք է շուտափույթ ավարտվի, դատաքննություն տեղի ունենա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում, որ Էջմիածնում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման՝ Փաշինյանը նշեց, որ բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ իր համար դատարանի որոշումն անակնկալ է եղել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ է արձակվել 25 միլիոն դրամի գրավի դիմաց:




Լրահոս