Պայմանագրային զինծառայողները գումար չեն ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խաղաղապահ ուժերի եւ հատուկ նշանակության զորքերի մի շարք զինծառայողներ, որոնք Պաշտպանության նախարարության կողմից ամեն ամիս օրենքով սահմանված կարգով 45 հազարական դրամ գումար են ստացել բնակարան վարձակալելու համար, արդեն 4 ամիս է` չեն ստանում այն: Նշենք` երբ խաղաղապահ ուժերը Երեւանից տեղափոխվել են Բալահովիտ, պայմանագրային զինծառայողներին նախապես զգուշացրել են, որ տրամադրվող գումարը 20 հազար դրամով կրճատվելու է: Իսկ որպես պատճառաբանություն նշվել է, որ Բալահովիտում բնակարաններն ավելի էժան են: Սակայն տեղափոխվելուց հետո չի վճարվել նաեւ 25 հազարական դրամները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` պայմանագրային զինծառայողներին չեն էլ բացատրել, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել: Միայն խաղաղապահ զորքերում աշխատող ֆինանսիստը կցկտուր տեղեկություն է տվել այն մասին, որ հնարավոր է` դեկտեմբերի 25-ից հետո նորից սկսեն գումարը վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս չհերքեց մեր տեղեկությունը եւ բացատրեց` որտեղից է առաջացել խնդիրը:

«Եթե չեմ սխալվում, երկու շաբաթ առաջ կառավարության նիստում ներկայացվել է այս մասին: Մեզ մոտ այդ առումով օրենքի փոփոխություն է եղել: Կառավարությունը հաստատել է, հիմա այդ իրավական գործընթացների փուլում է գտնվում: Երբ որ դա կլինի, կավարտվի, բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն պայմագրի փոփոխություն, վերագրանցած պայմանագիր եւ այլն, իրենց հարցերը կլուծվի: Այդ ահազանգերը, վստահ եմ, այդ կոտեգորիայից եք ստացել, որովհետեւ օրինագծում չափաբաժինների փոփոխության փաթեթ կա: Այն մարդկանց, որոնց պայմանագրերը ուժի մեջ են եղել, վերահաշվարկ կարվի, կտրվի գումարը:

Այն մարդիկ, որոնք չեն եղել, նորից են կնքել, զրոյական կնքած պահից կտրվի: Այսինքն` իրավական խնդիրը կլուծվի», մեզ հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե պայմանագրային զինծառայողներին կոնկրետ չեն բացատրել, թե որն է խնդիրը, իսկ ֆինանիստը կցկտուր տեղեկություն է տվել, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ֆինանսիստները միշտ չէ, որ տիրապետում են այդ ամենին:

«Քանի որ նախարարությունն է զբաղվում այդ հարցով, հետեւաբար չեմ կարծում, որ զորամասի ֆինանսիստը ի զորու է բացատրել, թե հիմնական խնդիրը որտեղ է կամ ինչքան կտեւի»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հետաքրքրվեցինք` ի վերջո ե՞րբ կլուծվի այս հարցը.

«Ո՞վ կարող է ասել: Գիտեք` երկրում ինչ վիճակ է հիմա»,- պատասխանեց ՊՆ մամուլի խոսնակը:

Լուսինե Մինասյան




Լրահոս