Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին միջպետական ճանապարհը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարորդների ու ակցիայի մասնակիցների միջև ժամանակ առ ժամանակ վիճաբանություններ են տեղի ունենում:
Վարորդները պահանջում են ճանապարհը բացել, ակցիայի մասնակիցներն առաջարկում են ոտքով անցնել մյուս կողմը, որտեղից նրանց տաքսիներով կճանապարհեն: Ոստիկանությունը տեղում աշխատում է և վերահսկում է իրավիճակը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև զրկել նրան գեներալի կոչումից:
Դեպքի վայր է ժամանել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը, ով փորձում է հասկանալ, թե ո՞վ է համակարգում բողոքի ակցիաները, քանի որ զուգահեռ ակցիաներ են իրականացվում նաև Էջմիածնում: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ հավաքներն ինքնաբուխ են: