Օրենսդրական խութեր. քաղաքացիները կրկին բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ Վանիկ Թորոսյանը: Նրա ներկայացմամբ` դեռ 5 տարի առաջ իր մեքենան վաճառել է քաղաքացի Հայկ Դովլաթբեկյանին, որը մաս-մաս վճարել է գումարը, բայց 1700 դոլար պարտք մնացել: «Լավ պատկերացնելով օրենսդրական դաշտի առանձնահատկությունները` Դովլաթբեկյանը չի հրաժարվում իմ գումարը վերադարձնելուց եւ տարիներ շարունակ պնդում է. «հո չե՞մ հրաժարվում, կաշխատեմ, կտամ»: Բայց նա մշտապես աշխատում է ստվերում, իր անունով ոչ մի սեփականություն, շարժական ու անշարժ գույք չունի: Իմ բոլոր դիմումները չեն բավարարվում, եւ հարկադիր կատարողներն էլ լավագույն դեպքում կարող են կազմել անվճարունակության արձանագրություն: Դուրս է գալիս, որ ՀՀ-ում ամեն ոք անպատիժ կարող է յուրացնել քաղաքացու վաստակը` ծիծաղելով ու արհամարհելով»: Քաղաքացին շարունակում է իր նամակում հղումներ անել ՀՀ օրենսդրությանը. «ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ քաղաքացու սեփականության իրավունքն անձեռնմխելի է եւ չի կարող տիրապետվել այլ անձի կամ այլ մարմնի կողմից: Այնպես որ, իմ պատասխանը պետք է բխի արդարության, այլ ոչ թե արդարադատության` նման դեպքերին վերաբերող իմպոտենտ հոդվածների վկայակոչումից: Վերադարձրե՛ք տարիների իմ վաստակը, 80-անց մարդ եմ, ժամանակ չունեմ»:

Քաղաքացու զայրույթը հասկանալի է. հինգ տարի շարունակ նա, բախվելով արդարադատության ամենատարբեր ատյանների կամայականություններին, ինչպես նաեւ օրենսդրական խութերին, ճարահատյալ կոշտ նամակ է գրել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Այն, որ իրավական կամայականություններ մեր երկրում կան, վաղուց հայտնի իրողություն է, եւ պետք է որ հեղափոխությունից հետո մթնոլորտի էական փոփոխություն լիներ: Բայց օրենսդրական խութերի մասով դեռ լրջագույն անելիքներ կան: Մասնավորապես, եթե խարդախություն կատարողը հրաժարվում է վճարել դիմացինին պատճառված վնասը, ապա նրան օրենքով պատժի ենթարկելուց բացի արժի ստիպել աշխատել, եւ, ըստ այդմ, աշխատած գումարը բռնագանձել` մարելով կուտակված պարտքը: Իսկ եթե պարտատերը չի հրաժարվում վճարել, ապա օրենքն այստեղ բաց է: Ու հիմա 80-ամյա Վանիկ Թորոսյանը երկրորդ տարբերակի ծուղակում է. իրավիճակ, որ պատիվ չի բերում նոր Հայաստանին:

Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս