ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, կկալանավորվի, թե ոչ: ՀՀ վերաքննիչ դատարանում հինգ օր շարունակ դռնփակ նիստում ընթանում էր այս հարցի քննությունը, որին որպես մեղադրող կողմ մասնակցում էր անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քոչարյանի փաստաբանները դիմել են նաեւ նախկին նախագահի խափանման միջոցի ընտրության հարցը ՍԴ քննության ուղարկելու միջնորդությամբ, քանի որ, ըստ նրանց, գործ ունենք սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության դրույթի հետ: Մինչդեռ դատախազությունը պնդում է անձեռնմխելիությունը բացարձակ չէ, Քոչարյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս դուրս է եկել սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակներից, եւ, վերջապես, ազատության մեջ մնալով` նախկին նախագահը կարող է թաքնվել քննությունից, իր դիրքն ու հեղինակությունն օգտագործել նախաքննությանը խոչընդոտելու, վկաների նկատմամբ ազդեցություն գործադրելու համար:
Որքան էլ ներկայացված խնդիրը բացառապես իրավական տիրույթում է, հաշվի առնելով քրեական գործի բնույթը, Ռոբերտ Քոչարյանի անձը, պետք է արձանագրենք՝ հարցն, այնուամենայնիվ, քաղաքական նշանակություն ունի: ԵՒ այդ առումով պատահական չէ, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը դատարանը որոշելու է դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր առաջ: Միգուցե զուգադիպություն է, միգուցե՝ ոչ: Ամեն դեպքում, սպասենք դատարանի որոշմանը` միաժամանակ արձանագրելով, որ նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը դեռ չի մեղմվել:

 

 

Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ եւս դատական հայց ներկայացնել, քանի որ կիսում են ՀՀԿ-ի մասին փոխվարչապետի կարծիքը: «Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Աշոտյանից փորձեց պարզել` վերջինս իսկապես պատրաստվո՞ւմ է դատի տալ Միրզոյանին, թե՞ դա պարզապես քաղաքական հայտարարություն էր. «Ընթացքի մասին կտեղեկացնեմ: Հիմա բուռն ընտրությունների մեջ ենք: Մեզ ամեն կերպ փորձում են շեղել ընտրարշավից: Առանց այդ էլ բոլոր կուսակցությունների վզին բերել, փաթաթել են այս ընտրությունները: Ամեն կերպ փորձում են մեզ շեղել: Այս ընթացքում բոլոր փաստերը արձանագրվում են, քաղաքական որոշումները կայացվում են, իսկ մնացածը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո»,-եղավ պատասխանը:

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այս առումով ուշագրավ է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կաշառք ստանալու կամ կաշառքի միջնորդության համար հարուցվել էր 431 գործ, նախորդ տարի՝ 132-ը: Ընդ որում, այս տարի հարուցված գործերից միայն 88-ն է բացահայտվել ՀՀԿ իշխանության ժամանակ` հունվար-ապրիլ ամիսներին: Մյուս 343 գործը բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է ընդհանրապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ապա այս տարի հարուցվել է 1237 նման գործ նախորդ տարվա 515-ի փոխարեն: Եւ կրկին կոռուպցիոն բնույթի գործերից 857-ը բացահայտվել է թավշյա հեղափոխությունից հետո:

 

 

Թեեւ Ամանորին մնացել է 26 օր, բայց Հայաստանի հանգստյան տներն ու հյուրանոցներն արդեն զբաղված են: Ընդ որում, Հայաստանի հանգստյան տներում Ամանորն անցկացնելը տարեցտարի ավելի ու ավելի թանկ հաճույք է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքր հարցախույզ է իրականացրել ու պարզել՝ Նոր տարին տանը դիմավորելու եւ անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-350 հազար դրամ, իսկ Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի հանգստյան տներում, հյուրանոցներում ամանորյա փաթեթների արժեքը սկսվում է հիմնականում 500 հազար դրամից: Իսկ եթե ընտանիքը բազմամարդ է, այդ թիվը կարող է հասնել, անգամ գերազանցել 1 մլն դրամը: Տուրիստական գործակալություններից շատերի պնդմամբ` հայաստանցիների մեծ մասը հիմնականում նախընտրում է ամանորյա հանգիստն անցկացնել Վրաստանում, Դուբայում եւ Եգիպտոսում, քանի որ գներն ավելի մատչելի են. միայն Վրաստանում կարելի է Ամանորն անցկացնել 200-300 դոլարի սահմաններում:

 

 

ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ
ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով 2017թ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հանրապետականների կողմից ընտրակաշառքի բաժանման կապակցությամբ հարուցված քրեական գործին, հայտարարել է. «Եթե ինչ-որ մի անձ կատարում է հանցավոր արարք, դա ամենեւին չի նշանակում, որ որեւէ մեկը պետք է գայթակղություն ունենա դա տարածել ողջ կուսակցության վրա»: Խոսքը, հիշեցնենք, «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի մասին է: Այդ գործով անցնում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, որն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը` տալով խոստովանական ցուցմունքներ: Ու հիմա Դավիթ Հարությունյանը պնդում է, թե ՀՀԿ-ականի կատարած այս արարքը չպետք է տարածել կուսակցության վրա: Եթե ՀՀԿ-ականը մեղադրվեր գողության մեջ, մարդուն վնասվածք հասցնելու մեջ, սպանության մեջ, Դավիթ Հարությունյանի տեսակետի հետ միգուցե կարելի էր համաձայնել: Բայց այս դեպքում խոսքն ընտրական հանցագործության մասին է՝ ընտրակաշառք բաժանելու մասին, մի արարք, որը նախկին իշխանությունների օրոք իրականացվել է տարիներ շարունակ համակարգված, մանրակրկիտ ծրագրավորված կերպով:
Այսօր ամենամիամիտ մարդն անգամ դժվար թե հավատա, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականները կհամարձակվեին ինքնագլուխ ընտրակաշառք բաժանել առանց ունենալու ՀՀԿ վերնախավի թույլտվությունը, այն էլ՝ Երեւանի ավագանու ընտրությունների նման մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ: Ընդհակառակը, նախկին իշխանությունների օրոք Հայաստանում հաստատված կարգուկանոնի համաձայն, ՀՀԿ-ականների կողմից նման ինքնագործունեությունը պարզապես բացառված էր: Չէր կարող որեւէ թաղապետարանի աշխատակից, ՀՀԿ նախընտրական շտաբի որեւէ ներկայացուցիչ ընտրակաշառք բաժանել առանց այդ հարցը կուսակցության վերնախավի հետ ճշտելու: Նույնն է նաեւ այս դեպքում:
Եւ հետո` հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ ընտրակեղծիք իրականացնելու, ընտրակաշառք բաժանելու համար հիմնականում մեղադրվում են ՀՀԿ-ականները, ի դեպ, նաեւ իրենց իշխանության օրոք հարուցված քրեական գործերով: Հիշում եք սահմանադրական հանրաքվեին հաջորդած քրեական գործերի շարքը, երբ բացահայտվել էր ընտրակեղծիքների մի հսկա շարան:
Մեկ փաստ էլ. հիշո՞ւմ եք 2017թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումը, որտեղ արձանագրված էր, թե «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ»։




Լրահոս