ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՀՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մշակույթի նախարարի պաշտոնակատար, Երեւանի թիվ 2 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Մակունցի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
-Բավականին ակտիվ քարոզարշավ է ընթանում` հաշվի առնելով բակային հանդիպումների, ընտրողների հետ թեկնածուների քննարկումները: Ողջունելի է, որ հենց այս մթնոլորտում է անցնում: Շատերը ընդգծում են, որ այն այդքան էլ հետաքրքիր չէ, որովհետեւ տեղի չեն ունենում արտակարգ միջադեպեր, բայց իմ գնահատմամբ` սա շատ լավ արդյունք է:
-Միջադեպեր տեղի չեն ունենում, բայց կա խոսքի փոխհրաձգություն նախկին իշխանությունների եւ այսօրվա կառավարության թեկնածուների միջեւ: Հանրապետականները շատ հաճախ դժգոհում են, որ իրենց նկատմամբ ագրեսիվ քարոզարշավ է իրականացվում:
-Ես նման գնահատական չէի հնչեցնի, որովհետեւ տեղի են ունենում սադրանքներ ՀՀԿ-ի կողմից առանձին դրվագներով, արտահայտություններով եւ, բնականաբար, նաեւ օգտագործվում է ապատեղեկատվության մեթոդը, ինչին «Իմ քայլը» դաշինքը արձագանքում է: Եւ բնական է, որ պիտի արձագանքենք, որովհետեւ այս փուլում շատ կարեւոր է, որ ընտրողի մոտ նման մեկնաբանություններով փորձ չարվի այլ կարծիք ձեւավորել:
-ՄԻՊ-ը խոսել էր քարոզարշավի ժամանակ անհանդուրժողականության մասին: Կա՞ անհանդուրժողականության տոնայնություն:
-Եթե դրվագներ բերեք` ինչ նկատի ունեք, ես կմեկնաբանեմ: Այս փուլում կա լարվածություն եւ չակերտավոր փոխհրաձգություն: Անհանդուրժողականության մասով չեմ կարող ասել, որովհետեւ միգուցե ես լավ չեմ հետեւել մյուս թեկնածուների խոսքերին: Համենայնդեպս, նման գնահատական տալ չեմ կարող:
-ՀՀԿ-ն կառավարության այս ամիսների աշխատանքը քննադատելիս հարցնում է` ո՞ւր է ձեր խոստացած տնտեսական աճը եւ այլն: 6 ամիսը քիչ ժամանակ է, բայց, այնուամենայնիվ, ո՞ւր են նոր իշխանությունների գրանցած արդյունքները:
-Նոր կառավարությունը ձեւավորելիս մենք մեր առջեւ հստակ օրակարգ ենք ունեցել: Առաջին հերթին մեզ համար սահմանել ենք, որ մեկ տարվա մեջ պետք է իրականացվեն արտահերթ ընտրություններ, եւ մեր քայլերը առաջնահերթ ուղղված են եղել հենց դրան: Մեզ համար կարեւոր է եղել օրենքի գերակայությունը եւ նաեւ կոռուպցիայի դեմ պայքար մղելը: Բոլոր երեք ուղղություններով աշխատանքներ տարվել են, բայց մենք չենք սահմանափակվել միայն դրանով: Կատարվել են բազմաթիվ լայնածավալ աշխատանքներ տարբեր գերատեսչությունների ուղղություններով, այդ թվում եւ` մշակութային ոլորտում: Դրա մասին բազմիցս խոսել եւ ներկայացրել եմ: Ուզում եմ ընդգծել, որ այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում, եւ նաեւ ուզում եմ ասել` այն օրակարգը եւ այն խնդիրները, որոնք մեր առջեւ դրել էինք` որպես ժամանակավոր կառավարություն, դրանք հասցրել ենք նպատակին:
-Հաջորդ կառավարությունում լինելո՞ւ եք, թե՞ նախընտրելու եք մանդատը:
-Այս անգամ պատասխանս էլի օրիգինալ չի լինի եւ չի տարբերվի նախորդներից, որովհետեւ մենք մեր քաղաքական թիմով որոշում կկայացնենք եւ կորոշենք, թե որն է ավելի նպատակահարմար, որտեղ ենք տեսնում մեզնից յուրաքանչյուրի դերակատարությունը արդեն վերջնական ձեւավորված իշխանության պարագայում:
-Այսօր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը չէր բացառել Մշակույթի եւ Կրթության եւ գիտության նախարարությունների միավորումը: Հիշենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը եւս չէր բացառել, որ նախարարությունների կրճատում է լինելու: Կա՞ նման օրակարգ:
-Վարչապետը ոչ միայն չէր բացառել, այլեւ ասել էր, որ լինելու են նախարարությունների միավորումներ, եւ դրանք սպասվում են: Բոլոր նախարարությունների մասով այս պահին վերջնական որեւէ որոշում չկա, եւ կարող ենք ընդամենը ենթադրություններ անել այդ մասին: Ամեն ինչ հնարավոր է:
-Խորհրդարանական ընտրությունները այս անգամ կարծես մի առանձնահատկություն ունեն. Որեւէ ուժ, բացի «Իմ քայլը» դաշինքից, չի խոսում հաղթելու մասին, այլ խոսում են երկրորդ տեղի պայքարի մասին: Ձեր կարծիքով` ովքե՞ր կլինեն ապագա խորհրդարանում:
-Չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին կանխատեսելը իսկապես դժվար է, թե ովքեր կմտնեն խորհրդարան, բայց կարծում եմ` քարոզարշավի շրջանակներում բոլորը ամեն ինչ անում են, որ համոզեն ՀՀ քաղաքացուն, որ հենց իրենք պետք է հայտնվեն ԱԺ-ում եւ մասնակից լինեն խորհրդարանական ձեւաչափով որոշումների կայացմանը: Նույնիսկ մոտավոր չեմ կարող ասել` ովքեր կլինեն, որովհետեւ վերջին ամիսներին անակնկալները շատ են լինում:
-Ինչո՞ւ ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին:
-Մի շարք հանգամանքերով պայմանավորված: Առաջին հերթին նրա համար, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, եւ սա հեղափոխության փուլերից մեկն է, որով վերջնականապես ամրագրելու ենք, որ տեղի է ունեցել ամբողջական իշխանափոխություն: Մինչ այժմ ընդամենը տեղի է ունեցել կառավարության փոփոխություն, եւ դա մեզ բավարար չէ, որ կարողանանք իրականացնել այն փոփոխությունները, որոնք ուզում ենք:
-Մեկ կուսակցության իշխանության, իշխանության մեջ մենաշնորհ հաստատելու վտանգը չե՞ք տեսնում: Ձեր քննադատները հաճախ են այդ մասին խոսում:
-Ինչպե՞ս կարող է նման վտանգ լինել, երբ նախորդ իշխանությունն ընդունել է մի օրենք, որով բացառվում է ԱԺ-ում միակուսակցական համակարգը: Օրենքը դա թույլ չի տալիս, եւ զարմանում եմ, որ կան մարդիկ, որ այդ հանգամանքը շահարկում են, եւ այդ հանգամանքը շահարկում են մարդիկ, որոնք էլ ընդունել են այդ օրենքը: Չի կարող ԱԺ-ում ներկա օրենսդրության պարագայում լինել միակուսակցական համակարգ: Կարող է խորհրդարանում որեւէ կուսակցություն կազմել մեծամասնություն, ինչպես տեղի է ունենում բոլոր երկրներում, բայց միակուսակցական համակարգը բացառվում է:
-Ընտրողներին հուսախաբ չե՞ք անի:
-Այդ հարցին պատասխանեմ՝ քարոզարշավից մեկ դրվագ մեջբերելով. որոշ հարցեր են բարձրացվում, խնդրանքներ հնչում տարբեր հարցերի լուծում տալու մասին: Միգուցե քաղաքականապես շահեկան լիներ, որ մենք խոստումներ տայինք, ինչպես նախկին իշխանությունները, բայց ես անկեղծ եմ ընտրողների հետ. ինչն իմ լիազորությունների շրջանակներում չէ, իմ տիրույթում չէ, չեմ կարող անել: Միգուցե դրանով կորցնում եմ պոտենցիալ ընտրողին, չեմ կեղծում եւ չեմ կարող ասել այն, ինչ հաճելի է լսել դիմացինին:
Մյուս հանգամանքն այն է, որ այն եռանդը, ջանասիրությունը, որ դրսեւորվել է այս ամիսների ընթացքում, շարունակվելու է: Սա կարող եմ վստահեցնել:
-Եւ վերջապես, ի՞նչու թիվ 2 ընտրատարածքի բնակիչն ընտրի հենց Լիլիթ Մակունցին:
-Երեւի կհիմնվեմ «Իմ քայլը» դաշինքի կարգախոսի վրա. ինձ համար անհատի երջանկությունը բացարձակ արժեք է, որովհետեւ կարծում եմ՝ հոգատար, նվիրյալ անձինք պետք է մասնակից լինեն որոշումների կայացմանը, եւ որովհետեւ ջանք ու եռանդ չեմ խնայի ունենալու հզոր պետություն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

 

 

 

ՈՉԻՆՉ ՉԵՄ ԱՍԵԼՈՒ. ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ

Օրերս Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հրապարակեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի հրամանի լուսանկարը:

Պարզվում է` նախկին ռեկտորը 2013թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ իրեն ու համալսարանի մի քանի աշխատակիցների գործուղել էր Արարատի մարզ մասնակցելու նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավին:
Նախարարի պաշտոնակատարը իր հրապարակման մեջ նաեւ նշել էր` դեռ չի պարզել` դրա համար ռեկտորն ու մյուսները գումար ստացել են, թե ոչ: Չնայած դժվար չէ ենթադրել, որ միայն ծառայողական մեքենայի օգտագործումն արդեն իսկ վկայում է վարչական ռեսուրսները կիրառելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ:
-Տիկի՛ն Գասպարյան, ի՞նչ կասեք հրամանագրի մասին:
-Ես որեւէ մեկնաբանություն չեմ տալիս, եթե նախարարը որոշել է 2013 թվի հրամանը հրապարակել: Անկեղծ ասած` չգիտեմ, թե դա ինչ նպատակով է արված: Չեմ կարող հասկանալ:
-Ձեզ ո՞վ է տարել քարոզարշավի: Նախկին նախարար Արմեն Աշոտյանը կապ ունի՞ սրա հետ:
-Ոչինչ չեմ ասելու: Եթե էդպես է, այն ժամանակվա բոլոր ռեկտորներին զանգե՛ք, հարցրե՛ք: Այդ հրապարակումը, հավանաբար, որեւէ նպատակ ունի:
-Ձեր ցանկությա՞մբ եք գնացել:
-Չեմ ասի:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ վարչության միջեւ այս օրերին բուռն քննարկումներ են կառավարության կազմի եւ հետագա փոփոխությունների շուրջ: Արդեն բազմիցս նշվել է, որ կառավարությունում պետք է օպտիմալացումներ լինեն, ու նախարարություններ միանան, ըստ այդմ` այժմ նախարարներից մի քանիսն այլեւս գործադիրում չեն աշխատի, այլ կվերցնեն մանդատը: Այդ փոփոխություններն արվելու են արդեն հաջորդ խորհրդարանի կողմից, սակայն որոշումները կայացվելու են մինչ այդ: Հիմա ակտիվ քննարկումներ են, թե ինչպես վարվել, ում գործուղել խորհրդարան, ում թողնել գործադիրում: Որոշում կայացնելիս Նիկոլ Փաշինյանն առաջնորդվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքներով, այլեւ հասարակական տրամադրություններով, քանի որ այս ընթացքում կան նախարարներ, որոնք հասցրել են դժգոհություն հարուցել, եւ կան այնպիսիք, որոնք սիրվել են հասարակության կողմից: Ակտիվ քննարկումներ են նաեւ այն հարցի շուրջ, թե որ գերատեսչությունների օպտիմալացումն է ավելի ճիշտ լինելու:

 

 

ՏԱՐՕՐԻՆԱԿԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնի Մայր Տաճարի տարածքում: Մանուկ Խանյան անունով քաղաքացին տարբեր կրոնական գրքեր կարդալուց հետո որոշել է «վերականգնել պատմական արդարությունը». նա մտածել է՝ խաչը հանդիսանում է հանցագործության առարկա, քանի որ խաչի միջոցով են սպանել Հիսուսին: Եւ իր նպատակը իրականություն դարձնելու համար այս տարվա ապրիլի 27-ին Խանյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խանյանը այս տարվա ապրիլի 29-ին` ժամը 16-ի սահմաններում, նախապես իր հետ վերցնելով մետաղյա սղոցներ, պարան, այցելել է Էջմիածին, միայնակ բարձրացրել է եւ «Մայր տաճարի» նախամուտքին կից գմբեթին տեղադրված մետաղյա խաչի փոխարեն տեղադրել իր կողմից պատրաստված մետաղյա վարդը: Մեզ հայտնի դարձավ, որ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա գործողությունները կանխվել են:

 

 

ՎԱՐԿԵՐՈՎ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը հայտարարագրել է 52 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 590 հազար դրամ: Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ դատավորն ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ բնակարան, արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ բնակելի շենք: Այսինքն` մեկից ավելի բնակարաններ, Նաեւ երեք` «Range Rover sport, «Gaz 322132», «Gaz 24» մակնիշի մեքենա ունի: Իսկ ահա նրա կինը` Գայանե Դարբինյանը, չնայած զրոյական եկամուտին, հայտարարագրել է 44.2 մլն դրամական միջոց: Նշենք, որ Աղասի Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է:




Լրահոս