Հայաստանի նախկին իշխանությունների ստեղծած ամենաթողության հետեւանքները թավշյա հեղափոխությունից հետո դեռեւս շարունակվում են երեւան գալ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին հերթական հաղորդագրությունը տարածեց: Կիզակետում այս անգամ հայկական ատոմակայանն էր:
Այսպես, ըստ ԱԱԾ հայտարարության` «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջեւ վերավաճառքի ձեւական գործարքներ են ձեւակերպել եւ ապրանքների իրական գներն ուռճացրել: Արդյունքում ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող շուրջ 7 մլն դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն դրամ գումարով` այդպիսով մեկ տարվա ընթացքում վատնելով մոտ 25 մլն դրամ:
Բացահայտումից հետո ԱԱԾ-ն կասկածի տակ է դրել ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումները, ստուգվում է նաեւ դրանց օրինականությունը: Թե կոնկրետ ովքեր են անցնում այս գործով, ովքեր են կալանավորված, ԱԱԾ-ն չի հայտնել:
Կատարվածը հերթական անգամ ի ցույց դրեց նախկին իշխանությունների օրոք տիրող ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը: Բանն այն է, որ դեռեւս 2014 թվականին ՀԱԷԿ տնօրինությունը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ամեն ինչ դրանով էլ ավարտվել էր: Տարիներ շարունակ պետության փողերը հափշտակած բարձրաստիճան պաշտոնյաները մնացին անպատիժ` պարարտ հող ստեղծելով հաջորդիվ եկողների քաղցը հագեցնելու համար:
Ըստ քրեական գործի նյութերի` այդ ժամանակ ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանն ու վերանորոգման նախապատրաստման բաժնի պետ Էդիկ Ղազարյանը ատոմակայանից վեց տարի շարունակ ընդհանուր մոտ 783.5 մլն դրամի չափ գումար են հափշտակել: Ու չնայած կատարված հանցագործության ծանրությանը, պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի նյութական վնասին` երեքն էլ մնացին ազատության մեջ:
Կարճ ժամանակ կալանքի տակ պահվելուց հետո միայն փոխվեց նրանց խափանման միջոցը, եւ ՀԱԷԿ ղեկավարներն ազատ արձակվեցին: Նրանց նկատմամբ շատ ավելի ներողամիտ էր գտնվել դատարանը. այս անձանց թեեւ դատապարտել էր ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, ու սահմանվել էր փորձաշրջան: Ակնհայտ է, որ նման քրեական գործերի դեպքում որեւէ դատավոր չէր համարձակվի առանց Բաղրամյան 26-ում համաձայնեցնելու ինքնուրույն դատավճիռներ կայացնել, այնպես որ, այս մեղմ դատավճիռը եւս թելադրված էր Բաղրամյան 26-ից: Իսկ թե ինչու այդպես ներողամիտ էին գտնվել ՀԱԷԿ արդեն նախկին ղեկավարների հանդեպ, մնում է միայն գուշակել:
Դե, ինչ խոսք, նախկին իշխանություններին հատուկ գործելաոճ…
ՀԱԷԿ-ում կազմավորված կոռուպցիոն սխեման ներկայացնենք ավելի մանրամասն. նախկինում կատարվածը լիովին արտացոլում է ԱԱԾ նոր բացահայտումը. ինչպես նախկինում, այս անգամ եւս էժան ապրանքները ձեռք են բերվել թանկ գներով:
Այսպես, նախաքննությամբ պարզվել էր` Գագիկ Մարկոսյանը, Ռուբիկ Մովսեսյանն ու Էդիկ Ղազարյանը ՀԱԷԿ-ի կարիքների համար գնումներ անելու նպատակով մրցույթներ են անցկացրել եւ անհրաժեշտ ապրանքները ձեռք բերել նախընտրելի իրավաբանական անձանցից շուկայականից էականորեն բարձր գներով եւ այդպես` վեց տարի շարունակ:
2008-2014թթ. ընթացքում նրանք շուկայականից մի քանի անգամ բարձր գներով ատոմակայանի համար ձեռք են բերել միջուկային վառելիքի վերբեռնման մեքենայի հատուկ ստորջրյա տեսախցիկներ, աղեղամարիչ խցիկներ, աշխատակիցների համար հատուկ հանդերձանք:
Բացի այդ, 2008թ. հուլիսին առանձին ստորաբաժանման կարգավիճակով կազմավորվել է «Ակնալիճ» հանգստյան տունը` տնօրենի եւ ադմինիստրատորի հաստիքներով, որը, սակայն, ստեղծման օրվանից որեւէ գործունեություն չի իրականացրել, բայց համապատասխան անձինք աշխատավարձ են ստացել: Կարճ ասած` ՀԱԷԿ ղեկավարությունը հնարավոր բոլոր եղանակներով փորձել է գումար «վաստակել»:
Ի դեպ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կատարվածից հետո եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ բյուջեի միջոցների պատշաճ տնօրինման գործընթացը մշտապես պահվելու է օպերատիվ հսկողության ներքո, ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները չարաշահումների եւ յուրացումների հնարավոր դեպքերը կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…
Ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքում հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդի դի` կախված վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ` երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում «Տավուշ» տեքստիլի աշխատակից Դավիթ Խոջոյանի դին մի քանի համագյուղացիներով տեղափոխել են նրանց տուն: Ինչպես ասում են գյուղացիները, մարմնի վրա ակնհայտ բռնության հետքեր չեն եղել: Մինչդեռ հարազատների ներկայացրած պատկերը միանգամայն այլ իրավիճակի մասին է վկայում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթի մայրը` Սվետլանա Խոջոյանը, հայտնեց, որ դեպքից օրեր առաջ որդին ծեծկռտուքի կիզակետում է հայտնվել: Դեպքի մանրամասները նրանց հայտնի չեն դարձել, սակայն կինը չի բացառում, որ որդու անժամանակ մահն այդ ծեծկռտուքի շարունակությունն էր: Այսպես, ըստ Սվետլանա Խոջոյանի` հոկտեմբերի վերջին Դավիթը ավտովթարի է ենթարկվել: Դեպքից օրեր անց գյուղի մի քանի երիտասարդներ որդուն կիսամերկ, անգիտակից վիճակում բերել են տուն` ասելով, թե Դավիթն ընկած է եղել գյուղամեջում, տարել են հիվանդանոց, բժիշկը զննել, հետ է ուղարկել: «Մտքովս անգամ չանցավ` հարցնեի` բա էրեխես ինչո՞ւ է առանց զգեստի, բժիշկն ինչպե՞ս կարող էր անգիտակից էրեխուն տուն ուղարկել գիշերվա այս ժամին: Ո՛չ բժշկի թուղթ տվեցին, ո՛չ մի բան: Դավիթի հետ աշխատողները մի քանի օր հետո պատմեցին, որ գործարանում կոնֆլիկտ է եղել: Թե ինչ կոնֆլիկտ, էդպես էլ չիմացա»,- ներկայացրեց որդեկորույս մայրը:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ Դավիթի եւ նրա գործընկերուհիներից մեկի միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Կարի մեքենայի թելը կտրելու պատճառով Դավիթը նկատողություն է արել գործընկերուհուն, վերջինս էլ ապտակել է նրան: Ի պատասխան` Դավիթը հայհոյել է աղջկան: Ըստ գյուղում տարածված տեղեկությունների` աղջիկը կատարվածի մասին պատմել է իր փեսացուին, սա էլ որոշել է սաստել Դավիթին: Եղբոր հետ գնացել է պարզաբանում պահանջելու: Ըստ երեւույթին, հենց այդ օրն էլ «տղայական ռազբորկա է եղել», ինչի արդյունքում Դավիթին անգիտակից վիճակով հասցրել են տուն: Ու դրանից մի քանի օր անց հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդի դին:
«Ինչո՞ւ պիտի էրեխես ինքն իրեն սպաներ: Ո՛չ պարտք ուներ, ո՛չ առողջական խնդիրներ ուներ»,- գանգատվեց Ս. Խոջոյանը` հավելելով, որ ինքնասպանության վարկածին չի հավատա այնքան ժամանակ, քանի դեռ հիմնավոր փաստեր իրեն չներկայացվեն:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով, այն է` ինքնասպանության հասցնելը, հարուցվել է քրեական գործ: Ի դեպ, Դավիթը 2014 թվականի մարտի 7-ին Ադրբեջանի գերության մեջ հայտնված, մեկ ամիս անց հայրենադարձված Արսեն Խոջոյանի եղբայրն է:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
22 ՄԼՆ-Ի ՎՆԱՍ
Քննչական կոմիտեի տվյալների հիման վրա ձերբակալվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Ա.Մ.-ն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲԸ-ին ընդամենը 22 միլիոն 695 հազար 306 դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված եւ անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված, Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող հազար 882 ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5 հազար 342 ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7 հազար 60 ք/մ թունելը, ինչպես նաեւ ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին: Գույքի գնահատման հաշվետվության համաձայն` 22 միլիոն 695 հազար 305 դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244 միլիոն 600 հազար դրամ:
ՎԹԱՐ Է ԵՂԵԼ
Երեկ կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից: Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է. «Վթարի վայրը հայտնաբերվել է, ինքնաթիռը գտել են Բարձրաշեն գյուղի մոտ. Մարալիկի տարածաշրջանում է` լեռներում: Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը»: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրգործ` ՀՀ քր. օր. 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սեւ արկղը:
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում անձամբ կամ միջնորդների միջոցով չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում` առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել եւ ստացել է 180 հզ. դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող` 10 հզ. ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հզ. ՀՀ դրամ: Հարուցվել է քրեական գործ:
ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Երեկ ԱԺ նիստը դեռ չսկսված ավարտվել է: 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 12-ը, իսկ քվորում ապահովելու համար հարկավոր է 53 պատգամավորի ներկայություն: Նշենք, որ ԱԺ նիստում պետք է քննարկվեր 14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: