Թեեւ Ամանորին մնացել է 27 օր, բայց Հայաստանի հանգստյան տներն ու հյուրանոցներն արդեն զբաղված են: Շատերի համար ամանորը համարվում է ընտանեկան տոն, եւ նրանց մեծ մասը նախընտրում է ընտանիքի անդամների հետ միասին այն նշել տներում: Բայց մյուս կողմից` վերջին մի քանի տարիներին մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է Նոր տարին դիմավորել հարեւան Վրաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի հանգստյան տներում եւ հյուրանոցներում:
Բանն այն է, որ հայ կանանց մի մասը հոգնել է ամանորյա վազվզոցից, ավելորդ ծախսերից: Ավելին` հենց նրանք են ոգեւորվում հանգստյան տներում կամ այլ երկրում Նոր տարին դիմավորելու մտքից: Չէ՞ որ նրանք վերջապես ազատվում են բլինչիկի, տոլմա փաթաթելու, խոզի բդի եւ աղցաններ պատրաստելու պարտադրված աշխատանքներից: Բայց ֆինանսապես ոչ բոլորն են ի վիճակի Ամանորը նշել հանգստյան տներում, հյուրանոցներում: Նրանց սոցիալական վիճակը դա թույլ չի տալիս իրենց: Փոխարենը ծախսելով քիչ գումար` Ամանորը նշում են համեստ, բայց հարազատների միջավայրում:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքր հաշվարկ կատարեց եւ պարզեց, թե որքան գումար են ծախսում մարդիկ ամանորյա տոնակատարությունը տանը նշելու դեպքում: Այսպես, Նոր տարին տանը դիմավորելու եւ անցկացնելու համար ծախսվում է միջինը 250-300 հազար դրամ: Իսկ Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի հանգստյան տներում, հյուրանոցներում ամանորյա փաթեթների արժեքը սկսվում է հիմնականում 500 հազար դրամից: Եթե ցանկանում ես դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը անցկացնել Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս հոթել Դիլիջան» հյուրանոցային համալիրում, ապա դրամապանակումդ պետք է պատրաստ ունենաս 700 հազար դրամ: Բայց 700 հազար դրամը երկու անձի համար է: Իսկ եթե ընտանիքը երկու հոգուց ավելի է, ապա գինը կրկնակի բարձրանում է եւ 1 մլն դրամը գերազանցում:
Բայց այս տարի մեր քաղաքացիների հիմնական մասը ամանորյա ծախսերը կկրճատի: Պատճառը շոշափելի գնաճն է եւ աշխատավարձի չբարձրանալը: Արդյունքում, անցած տարվա համեմատ, այս տարի ամանորյա գնումներին ավելի քիչ գումար կհատկացնեն: Չնայած որ դեկտեմբերի 31-ին մնացել է ուղիղ 27 օր, բայց արդեն ամանորյա փաթեթով հետաքրքրվողները շատ են: Ավելին` Հայաստանում կան հյուրանոցներ, որտեղ Ամանորը դիմավորելու համար այս օրերին քիչ թվով է ազատ տեղ մնացել կամ ընդհանրապես չկա: Մարդիկ դեռ մեկ-երկու ամիս առաջ են սկսել ամրագրել հյուրանոցների համարները: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեց, որ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի «Արմենիա» հյուրանոցում 2 անձի համար դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ամանորյա փաթեթը առաջարկում են 700 հազար դրամով, իսկ 4 հոգու համար` 1 մլն 400 հազար դրամով: Եթե 2 հոգանոց ընտանիք է, ապա ամանորյա վազվզոցից փախչելը, կարելի է ասել, ձեռնտու է: Ծաղկաձորում գտնվող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրը երկու անձի համար դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը ամանորյա փաթեթը առաջարկում է 450 հազար դրամով: Նշենք, որ այս հյուրանոցային համալիրը պատկանում է «Ոսկու աշխարհի» սեփականատեր հայտնի Վաղարշ Վաղարշյանին: Այս գնի մեջ մտնում է երեքանգամյա սնունդը, նաեւ ամանորյա տոնական միջոցառումը: Իսկ ահա «Դիլիջան ռեզորթ» հյուրանոցային համալիրը երկու անձի համար առաջարկում է 590 հազար դրամ: Ծաղկաձորում գործող «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում երկու անձը Նոր տարին կարող են դիմավորել եւ անցկացնել 900 հազար դրամով: Իսկ 4 հոգանոց ընտանիքի դեպքում վճարը կկազմի 1 մլն 300 հազար դրամ, ինչը ահռելի մեծ գումար է 5-6 օրվա հանգստի համար: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը ամանորյա փաթեթի դիմաց պահանջում է վճարել 400 հազար դրամ, որի մեջ մտնում են սնունդը եւ տոնական միջոցառումը:
Ու սա է պատճառը, որ վերջին տարիներին հայաստանցիների մեծ մասը հիմնականում նախընտրում է ամանորյա հանգիստն անցկացնել Վրաստանում, Դուբայում եւ Եգիպտոսում, քանի որ գներն ավելի մատչելի են: Իսկ Հայաստանում գները շատ բարձր են, հատկապես` Ծաղկաձորում: Հայաստանի գրեթե բոլոր տուրիստական ընկերությունների աշխատողները հետաքրքրվողներին միաբերան առաջարկում են Ամանորը անցկացնել Վրաստանում, քանի որ այնտեղ առաջարկվող ծառայությունները անհամեմատ մատչելի են, քան Եգիպտոսում, Դուբայում եւ, իհարկե, Հայաստանում: Օրինակ` Վրաստանի հյուրանոցներից մեկում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 4-ը Ամանորն անցկացնելու համար մեկ անձի արժեքը կազմում է 200 դոլար, որի մեջ մտնում է դեպի Վրաստան գնալն ու գալը, ընթրիքը, տոնական շոուն եւ մի քանի էքսկուրսիաներ:
Ի դեպ, նկատենք, որ Ծաղկաձորի հյուրանոցային համալիրները այս ընթացքում հիմնականում զանգեր ստանում են Ռուսաստանի քաղաքացիների կողմից: Չէ՞ որ Ծաղկաձորը զբոսաշրջիկների համար գրավիչ է ձյան առատությամբ, դահուկասպորտով զբաղվելու հնարավորությամբ: Ինչպես հայտնի է, նախորդ տարի Ծաղկաձորի հյուրանոցներն ու հանգստյան տները այդքան էլ մեծ պահանջարկ չունեին զբոսաշրջիկների կողմից ձյան պակասի պատճառով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ