ԻՄ ՖԻԼՄԻՆ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ 60 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։

2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի հետեւանքով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին կինոկենտրոնը ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից 3 տարի առաջ ստանձնած ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ Ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային կինոկենտրոնի։ Մինչեւ 2018-ի ավարտը կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների եւ կրած վնասների փոխհատուցում։ «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսոր եւ համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ է սկսել եւ պահանջում է կինոնախագծի հանդեպ Ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ, կինոնախագծից 2017-ին վերցրած գումարի վերադարձ, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» հայտերի հանդեպ ապօրինի որոշման չեղարկում։ Նրա խոսքով՝ հացադուլը Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երեւույթները հրապարակայնացնելու եւ կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլն է: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հովհաննես Գալստյանի հետ:
-Պարո՛ն Գալստյան, Դուք առաջին ռեժիսորը չեք, որը իր խնդրի մասին բազմիցս բարձրաձայնելուց հետո դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլի: Ամիսներ առաջ ռեժիսոր Արամ Շահբազյանը եւս նման քայլ արեց, եւ արդեն հայտնի է, որ «Չնչիկ» ֆիլմի համար պահանջվող 16 ու կես միլիոնը հատկացվել է: Գուցե նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով՝ հույս ունեք, որ Ձեր պահանջը եւս կբավարարվի:
-Անչափ ուրախ եմ, որ Արամի ֆիլմի հարցը լուծվել է: Ինչ վերաբերում է մեր ֆիլմին, մենք դատարան ենք դիմել, եւ չի կարող խնդիրը չլուծվել, պարզապես ես ուզում եմ, որ հնարավորինս շուտ լինի դա, որպեսզի միջազգային ներդրողների չկորցնենք:
-Հացադուլից հետո պետական պաշտոնյաներից, մշակույթի նախարարությունից որեւէ մեկն արձագանքե՞լ է Ձեզ, խոսե՞լ է Ձեզ հետ:
-Ո՛չ, ոչ ոք չի արձագանքել, ի՞նչ ասեն, ինչ էլ ասեն՝ իրենց դեմ է օգտագործվելու: Անկեղծ ասած՝ պաշտոնյաներից որեւէ մեկի հետ խոսելու ցանկություն չունեմ, որովհետեւ ոչ ոք ադեկվատ չէ, կինոյի ոլորտից ոչինչ չեն հասկանում: Ես չէի ուզենա, որ միջազգային ատյանները դատեին Հայաստանին. դա վնասելու է ե՛ւ ֆիլմին, ե՛ւ, որ ավելի վատ է, Հայաստանի Հանրապետությանը: Կինոկենտրոնին բազմիցս զգուշացրել եմ, որ 2018-ին իրենց ստանձնած պարտավորությունները կատարեն, բայց այդ մարդիկ այնքան անտեղյակ են, որ չեն հասկանում՝ ինչ է նշանակում միջազգային համատեղ ֆիլմարտադրություն: Չեն հասկանում, որ Հայաստանը տույժերի տակ է ընկնելու, վճարելու է ներդրումների սառեցման եւ կանխատեսվող շահույթի համար: Իմ նպատակն է խնդրի հրապարակայնացումը: Ի դեպ, ես աշխատել եմ բացառապես համատեղ ֆիլմարտադրության դաշտում, մշտապես համագործակցել եմ միջազգային գործընկերների հետ ու գիտեմ, թե որքան դժվար է դա. 5-6 տարում ենք գտնում գործընկերների: Հիմա եթե խնդիր լինի, 15 տարի որեւէ ֆիլմարտադրող չի գա Հայաստանի հետ աշխատելու: Կինոկենտրոնը հույս ուներ, որ Բուլղարիայի եւ Գերմանիայի իմ գործընկերները հետ կկանգնեին նախագծից, ես կմնայի մենակ եւ կդադարեի իրենց դեմ պայքարել: Բայց այդպես չի լինելու: Հայաստանում կինոյի զարգացման համար ամենամեծ խոչընդոտը կինոյի պետական կառավարումն է: Արդեն 30 տարի է՝ Հայաստանում միջազգային շուկային հարիր ֆիլմ չի նկարահանվում: Խնդիրը ոչ թե ռեժիսորներն են, այլ պետական կառավարումը, որը կատարվում է կեղծիքով, ստվերային, թայֆայական մեթոդներով:
-Այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո մշակույթի նախարարությունում, կինոկենտրոնում իրավիճակ չի՞ փոխվել:
-Նոր իշխանությունը մշակույթի ոլորտում անհնարին բան է արել՝ կարողացել է լինել ավելի վատը, քան իր նախորդները: Վերջիններս այնքան վատն էին, որ թվում էր՝ ավելի վատը չի կարող լինել, բայց, փաստորեն, եղավ: Եթե Արմեն Ամիրյանը մեր ֆիլմին հասցրել է 6 ու կես միլիոն դրամի վնաս, ապա Լիլիթ Մակունցը՝ 60 միլիոն դրամի վնաս: Նրանք պետական հանցագործներ են. կասեցրել են մի ֆիլմի ֆինանսավորում, որում ներառված են եղել պետական միջոցներ: Ես թույլ չեմ տա, որ ոչ կոմպետենտ մշակույթի նախարարի, փոխնախարարի, Ազգային կինոկենտրոնի տնօրենի պատճառով որպես պրոդյուսեր 375 հազար եվրոյի չափ ներդրում կորցնեմ: Համբերությանս բաժակը լցվել է:
Հ.Գ. Մշակույթի նախարարության արձագանքը «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի ավելի ուշ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԱՆՊԱՅՄԱՆ ԷԼԻ ԲԱԼԻԿ ԿՈՒՆԵՆԱՄ»

«Վերջին տարիներին անընդմեջ Ամանորը դիմավորել եմ բեմում երգելով. երազում եմ, որ այս տարի այլ կերպ լինի ամեն բան, որ ընտանիքիս հետ լինեմ, տանը, բայց եթե չստացվի, չեմ տխրի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նրա համար կարեւոր է ամանորյա մթնոլորտը վայելել թե՛ գործընկերային մթնոլորտում, հանդիսատեսի հետ, թե՛ ընտանիքում, մասնավորապես՝ որդու հետ:

Սոնան ամեն տարի անհամբերությամբ է սպասում Ամանորին, հատկապես սիրում է Սուրբ Ծնունդը, ոգեշնչվում տոնի խորհրդով. «2018-ին մարդկային կորուստներ շատ ունեցանք. խոսքը ե՛ւ անվանի մարդկանց, ե՛ւ պարզապես մտերիմների մասին է: Կցանկանամ, որ գալիք տարում նման կորուստներ չլինեն: Ամենակարեւորը դա է»,-շեշտեց Սոնան:
Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո երգչուհին հույս ունի, որ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրներ գալիք տարում կլուծվեն. «Անկեղծ ասած՝ դրական եմ տրամադրված եւ վստահ եմ, որ հիասթափություն չեմ ապրի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Ձմեռ պապիկից նյութական որեւէ բան խնդրում է անձամբ իր համար, երգչուհին պատասխանեց. «Ինքս լավ վաստակում եմ, ֆինանսական հարցում ոչ ոք ինձ չի օգնում, եւ ես հպարտ եմ դրա համար: Փողի գերի չեմ, բայց Աստված միշտ տալիս է ինձ: Շատ ծախսող եմ, սիրում եմ հատկապես նվերներ անել, թեպետ երբ անհրաժեշտ է լինում, կարողանում եմ նաեւ խնայել: Այնպես որ, նյութական ոչինչ չեմ խնդրում»:
Հետաքրքրվեցինք՝ 2019-ին կլինեն արդյոք անակնկալներ երկրպագուների համար. «Այո՛, մի շարք նոր նախագծեր կլինեն. ե՛ւ երգում եմ, ե՛ւ հասցնում եմ նկարահանվել, գրաֆիկս շատ սուղ է, ամեն բան հասցնում եմ անել»,-մեկնաբանեց Սոնան: Մի փոքր էլ զրուցեցինք անձնականի մասին, հարցրինք՝ Սոնան երկրորդ բալիկն ունենալու ցանկություն արդյոք ունի. «Ես այն մարդկանցից չեմ, որոնք ամուսնանում են ամուսնանալու համար, երեխա ունենալու համար: Եթե զավակ ես ունենում, պետք է կարողանաս ըստ արժանվույն նրան պահել, խնամել, դաստիարակել, լավ մարդ մեծացնել: Դեռեւս այդ ուղղությամբ չեմ մտածում, բայց անպայման էլի բալիկ կունենամ, մեկով չեմ սահմանափակվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏԻ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն առաջին անգամ «Ոսկե գնդակին» արժանանալուց հետո հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել Արքայական ակումբում: «Դեռ 2 տարվա պայմանագիր ունեմ «Ռեալ»-ի հետ: Հույս ունեմ, որ կլինի եւս մեկը: Ակումբում շատ լավ են վերաբերվում ինձ, եւ կցանկանայի կարիերաս ավարտել «Ռեալ»-ում: Ընտանիքս լավ է զգում այստեղ, եւ ցանկանում եմ վայելել ֆուտբոլն այս մեծագույն ակումբում: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին» արժանանալուն, դա եղել է մանկական երազանքս»,-ասել է Մոդրիչը:
Հիշեցնենք, որ 33-ամյա Մոդրիչը 2012թ. խաղում է «Ռեալ»-ում: Նախօրեին նա դարձավ «Ոսկե գնդակի» առաջին խորվաթ դափնեկիրը: 2008թ. «Ոսկե գնդակին» արժանացել էին միայն Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

 

 

ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ
Մյուխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, որն ավելի վաղ հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին, չի բացառել, որ կարող է ավարտել կարիերան. «Իհարկե, ես շատ եմ մտածել իմ ապագայի մասին: Անցած տարի նույն իրավիճակն էր, երբ մենք երկարաձգեցինք պայմանագիրը մեկ տարով: Այս տարի մենք եւս քննարկեցինք այս հարցը, եւ արդյունքում ես որոշեցի, որ ժամանակը եկել է: Ամռանը կդառնամ 35 տարեկան, եւ ես կարծում եմ, որ որոշումս օգտակար կլինի թե՛ ինձ, եւ թե՛ ակումբին: Առաջվա պես երջանիկ եմ այս ակումբում, բայց գալիս է պահ, երբ հասկանում ես, որ բավական է: Ինչ վերաբերում է կարիերաս ավարտելուն, ապա այդ հարցը բաց է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Հիմա բոլորը գիտեն, որ սա իմ վերջին մրցաշրջանն է «Բավարիա»-ում: Հնարավոր է` ես առհասարակ կավարտեմ կարիերաս»,-ասել է Ռոբենը:




Լրահոս