Վերջապես, Հայաստանի 10 տարվա ինքնահռչակ նախագահը հայերենով գիրք է գրել, չնայած և երրորդ դասարանցու մակարդակով. Շիրխանյանը` Քոչարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր՝ «Կյանք և ազատություն» վերնագրով գրքում անդրադարձել է նաև հոկտեբերի 27-ի ոճրագործությանը։ Նա մասնավորապես գրել է.

«…Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում: Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»:

Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել:

– Ահա, նայեք… եթե համաձայն եք… Էդ դեպքում… ոնց որ թե…մենք… Ու ես պայթեցի:

– Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր: Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի:

Հրամայեցի. «Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն: Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու»:

Գլուխները կախ դուրս եկան…

Կատաղել էի. նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում:

Այդ թուղթը մինչև հիմա էլ իմ սեյֆում է: Այդ պահին ժամանակ չունեի դրա մասին մտածելու:

Պարզապես մոռացա այդ աղբը ու շարունակեցի աշխատել»:

ArmLur.am-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանն անդրադարձավ Քոչարյանի խոսքերին` նշելով. «Վերջապես, Հայաստանի 10 տարվա ինքնահռչակ նախագահը հաղթահարել է, անգլերենից հետո՝ երկրորդ օտար լեզուն՝ հայերենը և հայերենով գիրք է գրել, չնայած և երրորդ դասարանցու մակարդակով։ Այս, ամբողջ ճշմարտությունը գլխիվայր շուռ տված, սկզբից մինչև վերջ ստահոդ, տրամաբանական և քաղաքական մտքից զուրկ «գլուխգործոցին», ես կպատասխանեմ անպայման։ Բայց կսպասեմ, որ մարդը հավեսը հանի ու տպի Գյուլնազ տատի հեքիաթի նոր մասերը, որոնք նույնպես լի են լինելու ինքնագովաբանման, ինքնամեծարման, ինքնահիացման անվերջ զեղումներով»։

Վահան Շիրխանյանը խոստացավ ավելի մանրամասն անդրադառնալ առաջիկայում:




Լրահոս