Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Բողոքի ակցիան մեկնարկել էր արդարադատության նախարարության շենքի մոտ, որտեղից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի դատախազության շենք:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Նրանք նշում են, որ իրենց պայքարը հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար է:
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջում են նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը իջնի և հանդիպի դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ է արձակվել 25 միլիոն դրամի գրավի դիմաց: