ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ամառային զորակոչի արդյունքների և ձմեռային զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների համակողմանի բուժզննման ոլորտում առկա խնդրահարույց հարցերին:

Ներկայացվել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքներն ու նշյալ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտերի վերաբերյալ վիճակագրական տվյալները:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը, զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ձմեռային զորակոչի գործընթացը և հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:




Լրահոս