Աշխատատեղերի հաշվին` խնայումներ. որքան գումար կտնտեսվի օպտիմալացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կառավարության կառուցվածքում փոփոխություններ եւ օպտիմալացումներ կատարելու ցանկության մասին։ Եվ ահա արտահերթ խորհրդարանական ընտրություններում լիակատար հաղթանակից հետո նրանք անցել են գործնական քայլերի, որոնք, սակայն, դրական չեն ընդունվել օպտիմալացման ենթակա գերատեսչությունների աշխատակիցների կողմից:

Եվ, ահա, երեկ արդեն լուծարված խորհրդարանի դեռեւս ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Այս նախագիծը դեռեւս գտնվում է սաղմնային փուլում եւ նույնիսկ տեղադրված չէ իրավական ակտերի ընդհանուր միասնական կայքում: Սակայն նախկինում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած, հետո պատգամավոր դարձած Հովհաննիսյանին հաջողվել է ունենալ այդ նախարարությունում մշակված նախագիծը։ Ինչեւէ, երեկ Արփինե Հովհաննիսյանի կողմից հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ կառավարությունը նախատեսում է 17 նախարարության փոխարեն ունենալ 12-ը։

Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

Ֆինանսների նախարարություն։

Նախագծի համաձայն՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Ջրային կոմիտեն միավորվում են Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն: Նոր անվամբ նախարարությունը, որն իր մեջ նաեւ պարունակում է ռազմաարդյունաբերություն բառը, միավորում է Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը եւ կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն:

Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը եւս չի պահպանվում որեւէ այլ նախարարության վերտառության մեջ, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն:
Եվ ինչպես տեսնում եք , կարծես թե ձեւավորվելու են նոր «սուպեր» նախարարություններ` ի դեմս Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, որի տիրույթում կլինեն նաեւ տրանսպորտը, պետական գույքի կառավարման կոմիտեն: «Սուպեր» նախարարություն է թերեւս Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը։ Եվ այդ «սուպեր» նախարարությունների կողքին մյուսները կգործեն առանձին։

Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով այս նախարարություններին մեծ գումարներ են հատկացվել։ Օրինակ` 2019 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 15 մլրդ դրամից մի փոքր ավել գումար: Ընդ որում, այդ գումարը ավել է եղել 2018 թվականի պետական բյուջեի հատկացումներից, այն ժամանակ հատկացված է եղել 11 մլրդ դրամ։ Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 16 մլրդ 85 մլն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածնքերի եւ բնական պաշարների նախարարությանը՝ 47 մլրդ 947 մլն դրամ։ Գրեթե նույնքան գումար է հատկացված եղել Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ։ Այս նախարարությունից, ինչպես հայտնի է, տրանսպորտի ոլորտն առանձնացվելու է։

Ամենաքիչ գումարը ստացած է եղել Սփյուռքի նախարարությունը, որն էլ առհասարակ լուծարվում է։ 2019 թվականի բյուջեով հատկացված է եղել 1 մլրդ 148 մլն դրամ։ Իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված է եղել 4 մլրդ դրամ։ Այսինքն` այդ գումարների մեծ մասը տնտեսվելու է, չնայած դա արվելու է մեծ թվով աշխատատեղերի կրճատման շնորհիվ նաեւ։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը երեկ, ի պատասխան հրապարակված նախագծի, նշել է․«Ես չգիտեմ՝ կառավարության կառուցվածքի մասին օրինագծի ինչ տարբերակ է շրջանառվում։ Դա Արփինե Հովհաննիսյանի կողմից հրապարակված ինչ-որ փաստաթուղթ է, որի մասին ես պատկերացում չունեմ։

Կա ներքին շրջանառության համար տարբերակ, որը վերջնական տեսք կստանա բոլոր գերատեսչություններից ստացված նկատառումները եւ առաջարկությունները հաշվի առնելուց հետո»։ Այսինքն` չի բացառվում, որ բոլոր նախարարություններում քննարկումներից հետո փոփոխություններ լինեն։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս