Անասնագողերի բանդա` Վարդենիսում. ուշագրավ բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգել Վարդենիսի բնակիչները` հայտնելով, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց քաղաքում գործում է անասնագողերի բանդա, սակայն իրավապահները չեն ցանկանում բացահայտել, թե ովքեր են պարագլուխները:

Եվ այսպես, Վարդենիս քաղաքի բնակիչ Վարդան Ասլանյանը հայտնեց, թե ինչպես է անասնագողերի բանդան մտել տարբեր քաղաքացիների անասնագոմեր եւ գողացել նրանց ցուլերն ու կովերը. «Դեկտեմբերի 18-ին գողացել են երկու ցուլիկներս, այդ օրը գիշերը` մինչեւ ժամը երկուսը, հեռուստացույց եմ նայել, գնացել եմ գոմ, նայել եմ ցլերին, հետ եմ վերադարձել: Երեւի դրանք հետեւել են ինձ, իմ գնալուց հետո եկել են, մտել են գոմ ու տարել են: Վարդենիսում այսպիսի համատարած գողություններ չեն եղել, այս վերջին երեք ամիսը սարսափելի է. ոնց որ ոստիկանությունը չցանկանա բացահայտել, կառավարությանը սաբոտաժ է անում: Սա բանդա է, որ չեն ցանկանում բռնել, կրկնում եմ` ոչ թե չեն կարողանում բռնել, այլ չեն ցանկանում:

Վարդենիսում բոլորն էլ լավ գիտեն` ով ոնց է ապրում, ու եթե իրավապահները ցանկանան, ապա կարող են իմանալ` ով է: Դա այնպես չէ, որ գցեցին գրպանները ու գնացին տուն, դա անասուն է, պետք է տանեն, իրացնեն , առերեւույթ հետքեր կան, ոտնահետքեր կան, մարդիկ կան` ոստիկանությանը գողության հետքերն են ցույց տվել: Եղել են մարդիկ, որ գնացել են, դիմում են գրել, ասել են` մի՛ բողոքի, մենք կհայտնաբերենք, ու ոչ մի բան էլ չեն հայտնաբերել»:

Արդյունքում Վարդան Ասլանյանը ներկայացրեց այն քաղաքացիների անունները, որոնք դարձել են անասնագողերի բանդայի զոհերը. «Սեպտեմբերի 30-ին գողացել են Վարդենիս քաղաքի բնակիչ Արկադի Գրիգորյանի 6 ոչխարը, Կամո Ասլանյանից գողացել են նրա մեկ ձին: Դեպքը եղել է հուլիս ամսին , ինքը եւս դիմել է ոստիկանություն, ոչ մի բան չի բացահայտվել: Հոկտենբերի 28-ին Ատոմ Անտոնյանից տարել են մեկ ցուլ, այս մարդուն ասել են` դիմում մի՛ տուր, մենք կհայտնաբերենք, ու ոչինչ չեն արել: Հակոբ Մելքումյանի հորթն են գողացել, դիմում է տվել ոստիկանությանը, ասել են` արի՛, դիմումը հե՛տ վերցրու, գողի անունն էլ պետք է տաս: Ստիպված այդ մարդը գնացել է, հետ է վերցրել իր դիմումը:

Նոյեմբերի 17-ին գողացել են Արմեն Հակոբյանի մեկ ցուլիկը, կրկին դիմումը կա ոստիկանությանը: էլի գյուղերից էլ են գողություններ արել: Հոկտեբերի 2-ին Մեծ Մասրիկի բնակիչ Շիրվանյան Մակիչից տարել են 4 գառ, մեկ ցուլ, նոյեմբերի 28-ին թալանել են Մեծ Մասրիկի բնակիչ Պետրոսյան Սերգեյի խանութը. 4-5 միլիոն ապրանք են տարել: Ծովակից` Նվերի տանից, տարել են 500 կգ սխտոր, մեկ հատ երինջ, մեկ հատ էլ կով: Մեկ-երկու անգամ գնացել ենք ոստիկանություն, մեզ ասեցին` արխային եղե՛ք, կբացահայտվի. ոչ մի բան չի բացահայտվում, մեր հանքից երկու բուռ հողի համար բռնում դատում են, իսկ սրա համար ո՞վ պետք է պատասխան տա: Միլիցիան ինչի՞ համար է. մեզ ասում են` ձեր ապրանքը լավ պահե՛ք` չգողանան, այսինքն` այս ժողովուրդը մի գիշերվա քուն ունի, դա էլ չանի, չքնե՞նք»:

«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի հետ կապված դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ 2018 թվականի հաշվետու ժամանակահատվածում Վարդենիս քաղաքում գրանցվել է անասնագողության ընդամենը 5 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննական մարմնի վարույթում:

Դատելով իրավիճակից` իրավապահները գողության ոչ բոլոր դեպքերն են արձանագրել, ինչը ենթադրել է տալիս, որ քաղաքացիները հույսները կորցրել են իրավապահներից:

Քնար Մանուկյան




Լրահոս