Ինչ է հասկացրել ԵԽ-ն հայաստանյան դատական համակարգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ն հայաստանյան դատական համակարգին ներքին խողովակներով հասկացրել է, որ թավշյա հեղափոխությունից իրենք պետք է դասեր քաղեն, քանի որ իրավիճակը փոխվել է Հայաստանում, այլ ոչ թե Եվրոպայի խորհրդում:

Ինչպես հայտնի է, աղմկահարույց քրեական գործերով դատավորների որոշումները հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրին: Ավելին, բանը հասել է այնտեղ, որ դատական համակարգում մեծ փորձառություն ունեցող դատավորները պատրաստվում են դիմում գրել` նախընտրելով դուրս գալ եւ ուրիշ գործունեությամբ զբաղվել: Իսկ ահա ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որն ազատ էր արձակել մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, աղմկահարույց հայտարարություն արեց` նշելով, որ դատական համակարգի վրա բիրտ ճնշում է իրականացվում ինչպես հասարակության, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից:

Բանն այն է, որ Ռոբերտ Ազարյանը որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ ահա նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշում կայացրեց ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ Քոչարյանը կրկին կալանավորվեց:

Այսպիսով, այս եւ այլ նմանատիպ դատական գործերով դատական իշխանությունը հայտնվել է խնդրի առաջ, նույնիսկ օրերս դատավորների միությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով. «Դատավորների միությունը կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների մեծ պատասխանատվությունը եւ ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող ու հանրության առջեւ նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց»:

Ու մինչ դատական համակարգը կռիվ է տալիս դատավորների եւ համակարգի շուրջ հնչող քննադատութունների դեմ, Եվրոպայի խորհրդում դատավորներին այլ բան են հասկացրել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրեր առաջ մոտ 10 դատավորներ հրավիրվել են Եվրոպայի խորհուրդ հատուկ նիստի, որտեղ հանդիպել են Եվրոպայի խորհրդի դատավորների հետ եւ քննարկել դատական համակարգում առկա խնդիրները, ընդունված օրենքները, բացթողումները եւ նման այլ հարցեր, որոնք առնչվում են արդար դատաքննությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում առկա խնդիրներին, որտեղ Եվրոպայի խորհրդի դատավորները իրենց ելույթներով ՀՀ դատավորներին որոշ բաներ են հասկացրել, մասնավորապես, թե որն է լինելու իրենց անելիքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Եվրոպայի խորհուրդը ՀՀ դատավորներին ներկայացրել է իր մոտեցումները, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրոպայի խորհրդի գործունեության մեջ Հայաստանի նկատմամբ որեւէ բան չի փոխվել, եւ իրենք շարունակելու են իրենց նախկին գործելաոճը:

Ասել է թե` հասկացրել են, որ թավշյա հեղափոխությունից հետո ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, ում կկալանավորի ու չի կալանավորի, դա Եվրոպայի խորհրդին չի վերաբերում, իրենք պահպանելու են օրենքի տառը: Ուստի ՀՀ դատական համակարգը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ եթե այնպիսի որոշում կկայացի, որով կխախտի մարդու իրավունքները, ապա բացառապես այդ ամենի համար պատասխան կտա ՀՀ ներկայիս կառավարությունը:

Ըստ էության, ՀՀ դատավորներին Եվրոպայի խորհրդում հասկացրել են, որ թավշյա հեղափոխությունից հետո Եվրոպայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, իրենք օրենքի տառին են հետեւելու, ուստի ՀՀ-ում էլ պետք է այնպիսի որոշումներ կայացնեն, որոնք հետագայում շուռ չգան իրենց պետության դեմ:

Հուսանք` դատական համակարգը սրանից հետեւություններ կանի, քանի որ այս օրերին ՄԻԵԴ-ում իրար են հաջորդում մարտի 1-ի գործով որոշումները: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական գործերի հետեւանքը եղավ այն, որ մարդիկ դիմեցին ՄԻԵԴ եւ հիմա հերթով հաղթում են: Պարզապես ժամանակին քաղաքական գործընթացների ընթացքում որպես մահակ ծառայած դատավորների փոխարեն պատասխան է տալիս կառավարությունը՝ պետական բյուջեից որպես փոխհատուցում մեծ գումարներ տրամադրելով քաղաքացիներին:

Քնար Մանուկյան




Լրահոս