Ինչո՞ւ է մտահոգ առողջապահության նախարարի շրջապատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան մի շարք բուհերում հոգաբարձուների խորհրդի փոփոխություններ են արվում. նման մի գործընթաց է սկսվել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանում: ՀՀ Կառավարությունը, Կրթության եւ գիտության նախարարությունը եւ բուհը իրենց կողմից ներկայացրել են հոգաբարձուների խորհրդի անդամների, որոնք պետք է փոխարինեն հին կազմին:

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ խորհրդի նախագահը Արմեն Աշոտյանն էր, անդամներից են Արա Բաբլոյանը, Ռազմիկ Աբրահամյանը, Վիլեն Հակոբյանը, Շավարշ Քոչարյանը, Հրանուշ Հակոբյանը եւ այլք:

Հիմա նոր Հայաստանի նոր նախարարները որոշել են փոխել այս կազմը առավել ապաքաղաքական կադրերով, որպեսզի այդ կադրերը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին վերահսկեն: Եւ այս գործընթացը համակարգային մի լուրջ խնդիր է դարձել: Մուրադյանը համալսարանում եւ այնտեղից դուրս բավականին սիրված եւ ընդունված կերպար է, ինչը, կարծես թե, դուր չի գալիս որոշ շրջանակների:

Եւ այսպես, ՀՀ կառավարության կողմից առաջադրվել են հետեւյալ մարդիկ՝

Իրինա Ղափլանյան – ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Մանե Ադամյան – ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ
Զարուհի Բաթոյան – ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Գրիգոր Բալայան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Հովհաննես Հովհաննիսյան – ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ
Լենա Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ռուբեն Ռուբինյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լիանա Ղալթաղչյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Կրթության նախարարության կողմից առաջադրվել են հոգաբարձուների խորհրդի անդամ թեկնածուներ, որոնց թվում են
Արեն Մկրտչյան – ՀՀ վարչապետի օգնական
Լուսինե Քոչարյան – «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դավիթ Մխիթարյան – «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրենի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Լիլիթ Ղազարյան – «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Դավիթ Պետրոսյան – «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ռոբերտ Սուքիասյան – ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Էդուարդ Համբարձումյան – Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Վահան Արծունի – երգահան, բժիշկ (համաձայնությամբ)

Այսպիսով, թեեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը ցանկանում է հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում տեսնել Էդուարդ Համբարձումյանին, ով նաեւ «Հայբուսակի» արտասահմանցիների պետական ավարտական քննության հանձնաժողովի անդամ է եղել, փաստացի անորակ բժիշկների արտադրությանը նպաստել է եւ բավականին սերտ կապեր է ունեցել նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ (անգամ նրա կազմակերպության միջոցով պարբերաբար սարքեր է ներմուծել Հայաստան, բեռը ճանաչվել է բարեգործական եւ ազատվել է հարկերից` բնականաբար, Ռիտա Սարգսյանի հովանավորչությունը ունենալով), սակայն բժշկական համալսարանի պրոֆեսորական կազմը ԿԳՆ-ի կողմից ներկայացված ցուցակում այլ թեկնածուի է որոշել սատարել՝ ի դեմս ԵՊԲՀ հիմնադիր Վահան Արծրունու թոռան՝ մասնագիտությամբ բժիշկ Վահան Արծրունուն:

Սակայն ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատին կարծես դուր չի գալիս Կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի կողմից առաջարկված Վահան Արծրունու թեկնածությունը: Նրանց խիստ անհանգստացնում է նաեւ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի բարձր վարկանիշը, ինչը ստվերելու համար Արսեն Թորոսյանի շրջապատը գործի է անցել:

Օրինակ` առողջապահության նախարարի անմիջական ենթակայությամբ աշխատող հիմնարկի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը որոշել է իր կարծիքը հայտնել ԵՊԲՀ -ի ղեկավարության մասին. «ԵՊԲՀ-ի ներկա ղեկավարությունը չի ուզում հրաժեշտ տալ այդ արատավոր ավանդույթներին, ցանկանում է մնալ հին ձեւերով կառավարվող եւ անհսկելի վիճակում:

Կարծում եմ, որ Ձեր անձին նախագահի դիրքում տեսնելը ԵՊԲՀ-ի կառավարիչը կապում է հենց այդ հանգամանքի հետ` համարելով, որ Ձեր` մարդկանց վստահելու սովորությունը եւ միգուցե ստեղծագործողին բնորոշ ռոմանտիզմը և, իհարկե, գործի հանդեպ անտեղյակությունը թույլ չի տա Ձեզ պրպտուն կերպով փորձել վերահսկել, նկատել սխալ զարգացումները եւ, ընդհանրապես, չնկատել այն, որ ԵՊԲՀ-ն վերջին տարիներին ապրում է հետադարձ շարժընթաց»:

Իսկ, օրինակ, Արսեն Թորոսյանի մյուս ենթական՝ Բազարչյան Ալեքսանդրը, նման կերպ է արտահայտվել. «Չեմ հասկանում` որն է ավելի բռնում` Qween խմբի «Show must go on» գո՞րծը, թե՞ Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր, Աստված» երգը, որը կատարվում է Վահան Արծրունու հետ։ Հասկանում եմ, որ իմ վրա վերցնում եմ մի մեծ քննադատության ալիք, բայց «Amicus Plato, sed magis amica veritas» կամ «Платон мне друг, но истина дороже»:

Իհարկե, ողջունելի է, որ Առողջապահության նախարարի թիմի աշխատակիցները իրենց սեփական կարծիքը ձեւավորելու հարցում բացարձակապես հաշվի չեն առնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները, ով բազմիցս իր ելույթներում խոսել է բժշկական համալսարանի ներկա վիճակի մասին եւ դրական շեշտադրուներով անգամ ՀՀ կրթական համակարգում օրինակելի բուհի տեսակ մատնանշել է ԵՊԲՀ-ն: Բայց ուշագրավն այն է, որ ՀՀ Վարչապետի պաշտոնակատարի հայտարարած միտքը այն մասին, թե բուհերի խորհուրդների նախագահները չպետք է լինեն պետական պաշտոն զբաղեցրած մարդիկ, անգամ դա է անտեսվում: Լուրեր կան, որ Առողջապահության նախարարությունում քննարկվում է որպես ԵՊԲՀ խորհրդի նախագահ փոխնախարար Լենա Նանուշյանի թեկնածությունը:

Ստացվում է` Առողջապհության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի մարդիկ գրոհ են սկսել ոչ միայն ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացված Վահան Արծրունու թեկնածության դեմ, այլեւ առաջ են քաշում բժշկական համալսարանը առողջապահության նախարարությանը նվիրելու թեզը: Մասնավորապես, առաջարկվում է «Առողջպահության եւ բժշկական կրթության նախարարություն» ստեղծել. այս տրամաբանությամբ եթե շարունակվի, ապա պետք է նաեւ «Ֆինանսների եւ տնտեսագիտական կրթության» կամ «Արտաքին գործերի եւ միջազգային հարաբերությունների կրթության» նախարարություններ ձեւավորվեն:

Նկատենք, որ այս իրավիճակում ամենահետաքրքիրը Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի լռությունն է, որը հենց առաջադրել է Վահան Արծրունուն հոգեբարձուների խորհրդում, սակայն չի կարողանում կամ չի ցանկանում իր ընկեր-նախարարի շրջապատի սանձերը քաշել:

Մեր բոլոր փորձերը Հարությունյանից մեկնաբանություններ ստանալու ապարդյուն անցան: Բայց ուշագրավն այն է, որ Առողջապահության նախարարի շրջապատի ներկայացուցիչները այդպես էլ չեն հասկանում կամ հասկանում են, որ, Արծրունուն վիրավորելով, վիրավորում են նաեւ նրան առաջադրող նախարար Հարությունյանին:

Իսկ Արսեն Թորոսյանից երբ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ինչու է իր թիմը դուրս եկել ԿԳՆ-ի եւ բժշկական համալսարանի ռեկտորի դեմ, նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց նախարարի ԺՊ-ի խոսքերը. «Հոգաբարձուների խորհուրդը անկախ մարմին է, ու դրանում նախարարը չկա»։ Բայց չնայած սրան՝ նախարարի ԺՊ-ի խորհրդական Վահե Տեր-Մինասյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ դեմ է Վահան Արծրունու՝ հոգաբարձուների խորհուրդի նախագահ առաջարկելուն։ Ահա թե ինչպես է նախարարի ԺՊ-ի թիմը «հեռու» անկախ մարմնից:

Քնար Մանուկյան




Լրահոս