Կշահի՞ Հայաստանը, թե՞ ոչ. Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանը այլեւս Բելառուսի համար եղբայրական երկիր չէ, պարզապես ռազմավարական գործընկեր է»,- այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Նկատենք, որ երեկ Մոսկվայում տեղի են ունեցել Լուկաշենկոյի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնց հիմքում ռուս – բելառուսական տարաձայնություններն են նավթի արտահանման եւ վաճառքի ոլորտում Ռուսաստանի հարկային փոփոխությունների շուրջ:

Խնդիրն այն է, որ բելառուսական բյուջեի մի զգալի մասը կազմում է ռուսական նավթի վերավաճառքից առաջացած եկամուտը, իսկ այդ հարկային փոփոխությունների հետեւանքով առաջիկա հինգ տարիներին, բելառուսական կողմի հաշվարկներով, Բելառուսը կարող է կորցնել շուրջ 10 միլիարդ դոլար:

Պաշտոնական Մինսկը Մոսկվայից փոխհատուցում է պահանջում եկող տարվա համար շուրջ 300 միլիոն դոլար: Ըստ Լուկաշենկոյի` Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի սկզբին այս մասին ինքը պայմանավորվել է Պուտինի հետ: Մոսկվան էլ ասում է, թե որեւէ խոստում փոխհատուցման մասին Մինսկին չի տվել, մինչդեռ Բելառուի իշխանությունները հակառակն են պնդում:

«Ժողովուրդ» օրաթերթը «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց` սրա արդյունքում Հայաստանը կարո՞ղ է շահել։

«Լուկաշենկոն շատ հաճախ հայտարարություններ է անում, հետո ներողություն է խնդրում կամ փորձում բացատրել։ Ես չգիտեմ` այդ հարցը ինչպես պետք է լուծվի։ Բելառուսը ռուսական նավթի արտահանման, իր սահմանը հատելուց ստանում էր մեծ գումար։ Եվ Ռուսաստանը այդ հարցը անընդհատ բարձրացնում է։ Վերջում հարցը լուծվում է։ Չեմ կարծում, որ ճիշտ է նման կարգավիճակային գնահատականներ անել։ Կարող է Հայաստանը շահել կամ չշահել հարցը զուտ այդ իրավիճակից շահը չէ։

Հարցն այն է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում անդամ երկրները փորձում են հարցերը լուծել ոչ թե Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններով, այլ օգտագործելով այդ կառույցի ընձեռած հնարավորությունները։ Եթե բոլոր երկրները հավատան, որ այդ կառույցը իրոք կոլեկտիվ կառույց է, այսինքն` այնտեղ կարելի ա հարցեր բարձրացնել եւ իրար աջակցելով` հարցեր լուծել, ապա այդ կառույցը կաշխատի, եւ Հայաստանը կշահի»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Իգիթյանը։

Լուսինե Մինասյան




Լրահոս