Դատախազությունը` կանանց «ռազբորկաների» կիզակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության եւ դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, մասնագիտական գործունեության եւ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող, նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ եւ ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում:

Վերջինս էլ, ըստ այդ հաղորդագրության, խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում, քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:

Լուրեր կան, որ ՊՆ-ում առաջ է քաշվել վարկածը, թե կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ նրա գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել, որից հետո էլ հարուցվել է քրեական գործ: Ասվել է, թե դատախազը «ցանկացել է վրեժ լուծել» գինեկոլոգից, ինչի արդյունքում հարվածի տակ են հայտնվել ՊՆ մի շարք աշխատողներ:

Արդյոք դատախազությունը տրվել է կանանց «ռազբորկաներին»: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի մասով մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր. «Այդ տեղեկատվությունն իրականությանը բացարձակ չի համապատասխանում եւ ակնհայտորեն բամբասանքի ժանրից է… անկախ նրանից՝ ով ինչ է կարծում, քրեական գործը հարուցվել է կոնկրետ փաստական տվյալների հիման վրա, եղել է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ, եւ նախաքննության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն: Այս իմաստով ուղղակի անհեթեթ է դեպքի հայտնաբերումն ու քրգործի հարուցումը տեղափոխել անձնական շահագրգռությունների կամ քինախնդրության դաշտ»:

Եվ, ահա, աղմկահարույց այս քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես` գործով հարցաքննության են հրավիրվել ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակիցները, որոնք իրենց ցուցմունքներում նշել են, թե հոսպիտալում «ապօրինի աբորտի» դեպք չի արձանագրվել, այլ կին դատախազներից մեկը իրենց հետ խնդիր ունի եւ փորձել է իրենց դեմ քրեական գործ սարքել: Ավելին, վերջիններս նախաքննական մարմնին պատմել են, որ դատախազ Զարուհի Խորասանյանը հոսպիտալի աշխատակիցներից պահանջել է իր մտնելու ժամանակ ոտքի կանգնել: Երբ բժիշկները հարցրել են` ինչո՞ւ, նա ասել է, որ ինքը դատախազ է: Իսկ ահա բժիշկներն էլ հակադարձել են նրան` նշելով, որ իրենք էլ բժիշկ են:

Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց դատախազությունը ՀՀ զինվորական քննչական բաժնին հրահանգել է, որ գինեկոլոգ Տ.Թ-ին մեղադրանք առաջադրի, սակայն քննիչները ասել են, որ չեն կարող, քանի որ անհիմն կլինի նրան մեղադրանք առաջադրել:

Ինչեւէ, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս քրեական գործը կարճվել է: Ըստ էության, ստացվեց այն, որ դատախազությունն ինչ-որ պահի տրվել է կանանց «ռազբորկաների»:

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա պետությանը միջոցների վատման համար, ի վերջո, շուրջ մեկ տարի նախաքննական մարմինը քննություն է իրականացրել, մարդկանց է հարցաքննել, ռեսուրս է վատնել եւ այն չեղած թեմայով, պարզապես այն պատճառով, որ դատախազ Զարուհի Խորասանյանի եւ հոսպիտալի աշխատակիցների հարաբերություններն այդքան էլ լավ չեն եղել, եւ դատախազը որոշել է նրանց դաս տալ:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնեցին.

«Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորվել է, որ գործում որպես մեղադրյալ ներգրավված անձի կատարած արարքը թեեւ ձեւականորեն պարունակել է ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն նկատի ունենալով, որ դրա արդյունքում որեւէ անձի առողջությանը վնաս չի պատճառվել, այլ բացասական հետեւանքներ չեն առաջացել, այսինքն այդ արարքներն իրենց նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացրել եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել, 2018 թվականի նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաեւ 2017թ. նոյեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում ՀՀ զինվորական դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին, որի արդյունքներով` ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ բոլոր հոսպիտալները համապատասխան կարգով լիցենզավորվել են, իսկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի համապատասխան բաժանմունքը լիցենզավորվել է որպես կնախտաբանական բաժանմունք, եւ արգելվել է դրանում իրականացնել մանկաբարձական-գինեկոլոգիական (այդ թվում նաեւ` հղիության արհեստական ընդհատման) միջամտություններ»:

Քնար Մանուկյան




Լրահոս