Այս Նոր տարուն հայերը հանրապետականների միս են ուտելու․ Անդրանիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս Նոր տարուն հայերը ՀՀԿ-ին են դնելու սեղանին, հանրապետականների միս են ուտելու. այդքան տարի իրենք մեր միսը կերան, այս տարի էլ մենք իրենցն ուտենք, ի՞նչ կլինի որ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կատակով նշեց դերասան Անդրանիկ Հարությունյանը:

Նա Ամանորն առանձնապես չի սիրում, ինչպես իր ծննդյան օրը, բայց եթե նշել, ուրեմն այնպես, որ երբեք չմոռացվի. «Իհարկե, ինձ համար անընդունելի է, որ մարդիկ, գումար չունենալով, վարկ են վերցնում, որ Նոր տարի անեն, հետո ամբողջ տարին այդ վարկն են փակում: Այնքան են մրցակցության մեջ մտնում, որ մոռանում են տոնի խորհուրդը: Հիշում եմ, որ մի տարի նույնիսկ կոկորդիլոսի միս էին դնում սեղաններին»,-նկատեց դերասանը:

Շուրջ 7 տարի է՝ Անդրանիկն Ամանորը տանը չի նշում, այլ աշխատանքի վայրում: Տոնական գիշերը նա անցկացնում է որեւէ ռեստորանում որպես հանդիսավար: Այս տարի եւս դերասանն Ամանորին տանը չի լինելու. «Ստիպված ես գումար աշխատել, որ ամբողջ տարին դրանով ապրես»,-ասաց նա: Տան անդամները, սակայն, չեն նեղսրտում, ըմբռնումով են մոտենում:

Անդրանիկն այն համոզման է, որ պարտադիր չէ՝ Ամանորը գա, որ օրը տոն դառնա: Ըստ նրա՝ հայերիս համար ամեն օրն էլ հեշտությամբ տոնի է վերածվում. «Մենք ուտող-խմող, ուրախացող ազգ ենք, այնպես որ, ամեն օր էլ Ամանոր է»,-ծիծաղելով շեշտեց մեր զրույցակիցը:

Նա Ձմեռ պապիկից արդեն 20 տարի է՝ նույն բանն է խնդրում, որ հայ ազգը լավ, բարեկեցիկ կյանքով ապրի: Անդրանիկի խոսքով՝ հիմա արդեն կան բոլոր պայմանները, որպեսզի իր ցանկությունն իրականություն դառնա. «Այնպես, ինչպես մի քանի ամսում ամբողջ ազգը ոտքի կանգնեց, նույն կերպ կարող է պայքարել իր լավ կյանքի համար: Ուզում եմ, որ 2019 թվականից դրվեն մեր ազգի բարեկեցիկ կյանքի հիմքերը»,-եզրափակեց դերասանը:

Անի Անտոնյան




Լրահոս