«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սիրելի՛ ընթերցողներ, ավարտին է մոտենում 2018 թվականը, տարի, որ Հայաստանի համար լի էր քաղաքական բուռն իրադարձություններով: Մինչեւ վերջին պահը համաժողովրդական շարժման հաղթանակն անհավատալի էր թվում, բայց կատարվեց անսպասելին. թավշյա հեղափոխությունը հաղթեց առանց զոհերի, առանց արյան: 20 տարի շարունակ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չնայած իշխանությունը դեռ երկար պահպանելու տարատեսակ ծրագրերին, համաժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հեռանալ, նաեւ համաձայնել իրավունքի ուժով ԱԺ արձակմանը:
Կարելի է ասել` վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան իսկապես ազատ եւ արդար, միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ քաղաքացին վերստին տերը դարձավ իր երկրի։ Ըստ այդմ` 2019 թվականը հույսերի եւ հույզերի տարի է, մեծ են ակնկալիքները ու սպասումները նոր իշխանություններից։ Արդ պետք է աշխատել արդարացնելու համար այն ակնկալիքներն ու հույսերը, որոնք ժողովուրդն ունի` տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ավելի քան 70 տոկոս քվե: Այնպես որ, սիրելի՛ ընթերցողներ, շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: