
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը որեւէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից եւս սպասումները մեծ չեն:
«Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որեւէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք` 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից հետո մեդալով պարգեւատրեց Սահակաշվիլուն, իսկ դրանից առաջ էլ Քոչարյանն էր Մեղրու տարբերակի շուրջ բզբզում»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Բայց Լավրովի, Կարասինի հայտարարություններն այլ բան են հուշում։ «Կա պոտենցիալ եւ իրական մտահոգություն։ Ռուսաստանի միակ մտահոգությունն է, որ Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, ինչն այս պահին չկա»: