Փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան կէժանանա 10 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։

Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Նշված հարցը, նախապես քննարկելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց համակարգում ձևավորված ընդհանուր դրական արդյունքն ուղղել միայն սոցիալապես անապահով ընտանիքների սակագների նվազմանը՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝

ա. ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)`ներառյալ ԱԱՀ-ն,

բ. գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից:




Լրահոս