Արմեն Սարգսյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ գործիչների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման և պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:

«Հայրենիքին մատուցած ծառա­յու­թյուն­ների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի և միջազգային մրցաշարերում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Խաչիկ Ասմարյանին և Վաչագան Վարդանյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաս­տակավոր գործչի, իսկ Աշոտ Գասպարյանին, Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Սարկիսովին՝ ՀՀ վաստակավոր մարզչի կոչումներ:

Շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով պարգևների և պատվավոր կոչումների արժանացած անձանց՝ նախագահ Արմեն Սարգսյանը նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունները կատարելիս երբեք չի մտածում գնահատականի մասին, բայց պետության պարտականությունն է տեսնել ու գնահատել իր լավագույն զավակներին: «Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հայրենանվեր գործունեության սկզբում է և դեռ շատ անելիքներ ունեք: Ձեզնից շատ սպասելիքներ կան»,- նշել է նախագահը:




Լրահոս