Հանրապետության նախագահի նստավայրում այսօր ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպվել երեխաների համար: Նախագահական նստավայրի հյուրերը մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաներն էին:
Փոքրիկների համար կազմակերպվել էր տոնական շոու- ծրագիր՝ տարբեր խաղային համարներով: Մասնագետների օգնությամբ երեխաները սովորել են նաև տոնական խաղալիքներ պատրաստել, որից հետո սեփական ձեռքերով պատրաստված խաղալիքներով զարդարել են դահլիճի տոնածառը: Նրանց նաև նվերներ են հանձնվել:
Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նա զրուցել է երեխաների հետ, հարցրել նրանց հետաքրքրությունների, երազանքների մասին:
Շնորհավորելով երեխաներին գալիք տոների կապակցությամբ՝ նախագահն ասել է, որ նրանք իրականում ամենաթանկն ու ամենակարևորն են: «Ձեզնից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի: Դուք բոլորդ ուժեղ եք, փոքր տարիքից գիտեք հաղթահարել դժվարությունները: Բոլորդ այս կյանքում հասնելու եք հաջողության: Ցանականում եմ, որ միշտ ուրախ լինեք, հավատաք, որ ձեզնից յուրաքանչյուրը տաղանդավոր է: Կարևորը, որ վստահ լինեք, լավ սովորեք, ունենաք երազանք ու հասնեք այդ երազանքին»,- ասել է նախագահը:
Միջոցառումը կազմակերպվել էր «SOAR» (Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: