Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպո՞ն էր ուղղորդում Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաները․ մանրամասնում է գործարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ, դատարանի որոշմամբ, փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Վերջինս ազատ արձակվեց գրավի դիմաց: Այդ առիթով Էջմիածի բնակիչները իրենց բողոքի ձայնը բարձրացրին: Ցույցերի օրերին սկսեց շրջանառվել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի անունը: Շատերի պնդմամբ հենց նա էր կանգնած այդ ամենի հետեւում եւ ուղղորդում էր բողոքի ակցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է գործարար Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ:

-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել Հայաստանում: Այն մարդիկ, որոնք ուզում են գալ, ներդրումներ անել, նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծվա՞ծ են:

-Ես հիմա Հայաստանում չեմ: Առողջական հարցերով եկել եմ Իտալիա: Ամսի 10-ին վերադառնալու եմ: Ընտրություններն անցան: Հիմա նոր պետք է կառավարություն ձեւավորվի: Ամեն բան դեռ ապագայում է, ոչ մեկը ոչինչ չի կարող ասել հիմա: Ամբողջ աշխարհում էլ նույն իրավիճակն է. կառավարություն եւ պառլամենտ ձեւավորելուց հետո նոր մարդիկ մտածում են` ինչ քայլեր անել: Հիմա բնական է, որ բոլորը սպասողական վիճակում են:

-Այնուամենայնիվ, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս կառավարությունից:

-Ոչ միայն ես ունեմ ակնկալիքներ, այլ ամբողջ հայ ազգը: Բոլորիս ակնկալիքներն էլ գրեթե նույնն են: Ամեն նոր տարվա հետ սպասում ենք հրաշքների: Որ ասեմ շատ փոփոխություններ եմ տեսել, ոչ: Հայաստանում ապրող ժողովրդի մեջ վստահություն եմ տեսնում դեպի իշխանությունները: Պետք է ամրապնդել այդ վստահությունը, պետք է, որ այն մարդիկ, որոնք կիսահավատի մեջ են, լրիվ հավատան, որ ամեն ինչ դեպի լավն է գնում: Դրանից հետո էլ մարդիկ հետ կվերադառնան, կապրեն Հայաստանում, ներդրումներ կանեն:

-Դուք ազատ եք արձակվել գրավի դիմաց, այսինքն` Ձեր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, որը դեռ ընթացի մեջ է: Կարո՞ղ ենք իմանալ` ինչ փուլում է գտնվում գործը:

-Գործը դեռ քննության փուլում է: Ամսի 10-ին հետ եմ գալու: Երեւի մինչեւ այդ քննությունը կավարտվի, դրանից հետո արդեն ժամանակը ցույց կտա, որովհետեւ ես անմեղ եմ ու ոչ մի հանցանք չեմ գործել: Հետ եմ գալու` առողջական հարցերիս հետ կապված ամեն ինչ թողնելով կիսատ: Գործը կավարտվի, նորից կվերադառնամ բուժումս շարունակելու:

-Փաստորեն չե՞ք ընդունում Ձեզ առաջադրված մեղադրանքը:

-Ես ընդհանրապես ինձ մեղավոր չեմ համարում: Առաջին օրվանից ասել ու հիմա էլ ասում եմ, որ ընդհանրապես կապ չունեմ այդ գործի հետ: Ես հավատում եմ, որ արդարությունը կհաղթի, արդարությունը կգտնի իր իսկական տեղը, ճշմարտությունը դուրս կգա ջրի երես, ժողովուրդն էլ կտեսնի, կիմանա իրականությունը: Ես հանցանք չեմ գործել: Մարդիկ են եկել, ուզել են սպանել ինձ: Էդպես ասում են: Ամեն ինչ պարզ, արդար ձեւով գրված է, ժողովուրդը տեսել է: Տեսաք` ինչ արձագանք ունեցավ: Մարդիկ ասում էին` եթե նույնիսկ ինքը` այսինքն ես, նման բան եմ արել, սխալ չեմ արել. չէ՞ որ եկել էին ինձ սպանելու: Համենայնդեպս, չեմ արել նման բան: Եթե արած էլ լինեի, դա էլ հանցանք չէր լինի, որովհետեւ ես ընդամենը կանխած կլինեի սպանությունը: Ոչ մի վատ բան արած չէի լինի. ո՛չ գողություն է, ո՛չ էլ ուրիշի հացին վայիս լինել: Բայց նորից եմ ասում` կապ չունեմ դրա հետ:

-Ինչպես տեղյակ եք, Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Սպասելի՞ էր, որ խափանման միջոցը կփոխվի:

-Ես ոչ մեկի կալանքը չեմ ուզում աշխարհում: Ես ինքս տեսել եմ, թե ինչ բան է կալանքը, եւ ես նման բան որեւէ մեկին չեմ ցանկանում: Ինչ որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, հակառակը, ես ուրախ եմ, որ ինքը հիմա շփվելու է իրականության հետ: Ես չեմ ուզում, որ նույնիսկ մեկ օր ինքը բանտում լինի, որովհետեւ բանտում լինելով, իրականությունը չտեսնելով, ինֆորմացիա չունենալով` նա չի հասկանա` ինչ իրավիճակ է փոխվել, ու ինքը իրականում ինչեր է արել: Հիմա ինքը աղոթք ա անելու, որ նստած լինի, որովհետեւ ինքը` որպես տղամարդ, իրականության հետ ծանոթանալով, տեսնելով, որ տարիներ շարունակ ամենամեծ լծակները իր ձեռքում ունենալով, մարդկանց բացի վատությունից լավություն չի արել, կհասկանա ամեն ինչ: Հիմա եթե ինքը խորը մտածի, խորը հասկանա` ինչ է արել, կտեսնի, որ ինքը երկու ճանապարհ ունի. մի ճանապարհը այն է, որ իր ատրճանակով պիտի առանձնանա մի սենյակում, իսկ եթե իր տղամարդկությունը չի հերիքում, որ դա անի, կարող է գնալ, դառնալ ճգնավոր, որ ժողովուրդը ների իրեն:

-Խափանման միջոցի փոխվելը ժողովրդի դժգոհության ալիքը բարձրացրեց: Էջմիածնում մի քանի օր է` ցույցեր էին: Ձեր անունը այս մասով շատ է շրջանառվում: Ասում են` դուք եք ուղղորդել: Ի՞նչ կասեք:

-Իմ անունը բոլոր տեղերում շրջանառվում է: Լեննականում որ ֆայտոն շուռ գա, կասեն, թե ես եմ մեղավոր: 25 տարի է` ես Հայաստանում չեմ ապրում: Արդեն հոգնել եմ այդ մեղադրանքներից: Իսկ ինչ որ անում է ժողովուրդը, դա իր ապրած տարիների արդյունքն է: Մանվել Գրիգորյանը դա իր աչքով է տեսնում: Չկա ավելի մեծ պատիժ, քան այն, որ ինքը համարվում է ազգի հերոս եւ տեսնում է, որ մի ամբողջ ժողովուրդ իր դեմ է դուրս եկել, որ ինքը չկարողանա մտնի իր տուն: Դրանից ահավոր այլ բան չի կարող լինել տղամարդու համար: Կարո՞ղ ա Արթուր Ասատրյանն է իրեն խնդրել, որ 25 տարի շարունակ մարդկանց նեղացնի, մարդկանց տները խլի կամ մարդկանց տուշոնկեքը տանի իրենց տուն: Ամեն ինչի մեջ ինձ են մեղադրում: Ես դրսում եմ ապրել, չեմ էլ հետաքրքրվել` Մանվելը ինչով ա զբաղվում: Ինքը ստանում է իր ապրած տարիների արդյունքը: Ինչ ձեւով ապրել ես, ուշ թե շուտ, դա դուրս է գալու քո դեմ: Թող սա բոլորի համար խրատ լինի, որ ամեն քայլ անելուց առաջ մտածեն, թե ինչ են անում: Ուղղակի մի բան ասեմ. ինչ իմ անունի հետ պտտվում է, դա լավ կարդացվում է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ




Լրահոս