ՉՈՐՍ ՈՒԺ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ՉԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի առաջնային խնդիրներից մեկը տարիներ շարունակ եղել է աներեւակայելի չափերի կոռուպցիան: Անգամ ՀՀԿ-ն իր իշխանության օրոք խոսում էր կոռուպցիայի առկայության մասին, հայտարարում դրա դեմ պայքար, նույնիսկ տարբեր հանձնաժողովներ ձեւավորում, բայց միեւնույն է, ցուցադրական քայլերից այն կողմ նրանք չէին անցնում: Եւ ինչպես թավշյա հեղափոխությանը հաջորդած բացահայտումներն են վկայում, ՀՀԿ իշխանության տարիներին կոռուպցիան գնալով ավելացել է: Հիմա հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագրեր են այս ուղղությամբ առաջարկում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրութունների մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը:

Հետաքրքիր է, որ 11 ուժերից 7-ն են միայն իրենց ծրագրերում անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին եւ որոշ դրույթներ ներկայացրել: Անդրադառնանք այդ դրույթներին ըստ քաղաքական ուժերի համարների հերթականության:
Օրինակ` Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ մի անդրադարձ չկա: Սա, հավանաբար, այն պատճառով, որ ՀՀԿ-ն իշխանություն վերադառնալու հույս չունի, հետեւաբար, չի ունենա լծակներ այդ գործը կազմակերպելու համար: Եւ բացի այդ՝ ՀՀԿ իշխանության տարիներին կոռուպցիան այն աստիճան շատ է եղել, որ հիմա նրանց կողմից դրա դեմ խոսելը ծաղրի է նման:
Նոր իշխանությունները՝ «Իմ քայլը» դաշինքը, առաջարկում է ստեղծել անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին: Դաշինքը գտնում է, որ, իրենց համոզմամբ, կոռուպցիոն ցանկացած գործարք նվազեցնում է մասնավոր ընկերությունների արտադրողականությունը, խաթարում է ազատ մրցակցությունն ու սոցիալական արդարությունը եւ հանգեցնում է հանրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործմանը: «Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար կոռուպցիայի բոլոր դրսեւորումների համար համապատասխան սահմանումներ ու սանկցիաներ ենք սահմանելու օրենսդրությամբ: Կոռուպցիայի կանխարգելման համար մեծ նշանակություն ենք տալու կոռուպցիայի համար պատիժների խստացմանը»,-նշված է դրույթներից մեկում:
Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքի առաջարկած լուծումների հետ համընկնում են նաեւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրի առաջարկները: Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից պետք է անցում կատարվի կենտրոնացված համակարգի. ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմին, որը իր գործունեությունը կիրականացնի հակակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման եւ պատժի անխուսափելիության հենասյուների հիման վրա: Այս հատվածի համաձայն` պետք է բարելավվի նաեւ գույքի, եկամուտների եւ շահերի բախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով նրանք առաջարկում են վերանայել ու ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները:
ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում եւս առկա է դրույթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նրանք առաջարկում են ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին, որը պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակող եւ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերում, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում եւս անդրադարձ կա կոռուպցիայի դեմ պայքարին: Կուսակցության ծրագրում նշված է, որ Հայաստանում ժողովրադավարացման, տնտեսության զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան է՝ իր բոլոր դրսեւորումներով:
Հակակոռուպցիոն պայքարին որեւէ անդրադարձ չկա նաեւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում:
Իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցութան ծրագրում էլ նշվում է, որ կոռուպցիայի ու հովանավորչության դեմ իրական պայքարի իրականացում է պետք եւ քրեական պատժի խստացում պաշտոնատար անձանց կողմից տվյալ հանցագործությունների կատարման դեպքում։ «Մեր համոզմամբ` կաշառակերության դեմ պայքարի կարեւոր տարրերից է օրենսդրության կատարելագործումը այն հաշվով, որ բացառվեն կոռուպցիոն ռիսկեր ստեղծող իրավակարգավորումները եւ կրճատվեն հայեցողական լիազորությունները»,- ասված է ծրագրում։
«Մենք» դաշինքն իր ծրագրով նախատեսում է պայքար կոռուպցիայի, մենաշնորհների եւ ստվերի դեմ: Նրանք նախատեսում են ունենալ Էապես բարեփոխված հանրային կառավարում: Նախատեսվում է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետ կառուցակարգերի ներդրում՝ հաշվի առնելով միջազգային փորձը եւ չափանիշները: Ծրագրում նշվում է. «Պետք է վերացնել ստվերը՝ բյուջետային եկամուտները ավելացնելով 600 միլիոնից մինչեւ 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Դա իր հերթին նշանակում է՝ բյուջետային ծախսերը բնակչության մեկ շնչի հաշվով կարող են ավելանալ 200-300 ԱՄՆ դոլար կամ միջին ընտանիքի հաշվով՝ 800-1200 ԱՄՆ դոլար: Մենաշնորհների եւ օլիգոպոլիաների վերացում, բիզնեսից պետական իշխանության տարանջատում՝ դադարեցնելով պետական խտրական եւ հովանավորչական քաղաքականությունը, խստացնել տնտեսական մրցակցության օրենսդրությունը»:
ՕԵԿ-ն իր ծրագրում եւս համանման դրույթներ ունի: Մասնավորապես ծրագրում նշվում է կոռուպցիայի եւ գանձագողության դեմ պայքարի ուժեղացման, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական մեխանիզմների ներդրման մասին:
Կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձ չկա նաեւ «Սասնա Ծռեր» եւ ԲՀԿ կուսակցությունների ծրագրերում: Չնայած երեկ` հեռուստաբանավեճի ժամանակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհ որպես մատնանշեց մարդկանց եկամուտների բարձրացումը:
Ամփոփելով կարող ենք նշել, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն երկուսն են համակարգային քաղաքականություն ներկայացրել եւ պայքարը դիտարկում են երեք քայլերի ամբողջականություն` հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում եւ պատժի անխուսափելիություն: Եվ այս պարագայում համընկնում են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը: Իսկ մյուսներինը տրիվիալ հայտարարություններից այն կողմ չեն անցնում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄՏԱՀՈԳԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ վարչության միջեւ այս օրերին բուռն քննարկումներ են կառավարության կազմի եւ հետագա փոփոխությունների շուրջ: Նաեւ Փաշինյանի մակարդակով հայտարարվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կառավարությունում պետք է օպտիմալացումներ լինեն՝ նախարարություններ միանան: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում ակտիվ քննարկվում է Մշակույթի նախարարությունը Կրթության եւ գիտության նախարարությանը միացնելու հարցը: Բացի այս, խոսվում է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը Ջրային տնտեսության պետական եւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեները միացնելու մասին: Իսկ ահա Սփյուռքի նախարարությունը հնարավոր է Արտաքին գործերի նախարարությունում ստանա վարչության կարգավիճակ: Այս խոսակցություններին զուգահեռ գերատեսչությունների աշխատողները խիստ մտահոգված են, քանի որ չգիտեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Այսինքն` տեղյակ չեն` արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո աշխատանքի կգնան, թե փոխարենը աշխատանքից ազատման մասին ծանուցում կստանան:

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
«Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը դարձյալ կերկարաձգվի: Տեղեկացնենք, որ այն ստորագրվել է ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 5 տարի առաջ` 2012 թվականի նոյեմբերի 23-ին, ապա այն երկարաձգվել է մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 23-ը, սակայն հիմա երկարաձգվելու է եւս մեկ անգամ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պահանջում է վարկի հասանելիության ժամկետը երկարաձգել 3.5 տարով` մինչեւ 2022 թվականի մայիսի 23-ը: Նշենք, որ այս համաձայնագրի արժեքը կազմում է 10.3 մլն եվրո: Ըստ համաձայնագրի` Հայաստանի եւ Վրաստանի պետական սահմանին` Սադախլո-Բագրատաշեն անցակետում` Դեբեդ գետի վրա, նոր կամուրջ պետք է կառուցվի: Ի դեպ, կամրջի կառուցման համար հայտարարված մրցույթում հաղթել է իրանական ընկերություն: Մրցույթի բոլոր փուլերում հայկական կողմն ամփոփել է արդյունքները, տվել է համապատասխան եզրակացություններ, սակայն վրացական կողմից պատասխանը եւ հաստատումը ստացվել են զգալիորեն ավելի ուշ ժամկետներում: Այժմ վրացական կողմի հետ քննարկվում են ծրագրի մեկնարկի եւ իրականացման հետ կապված կազմակերպչական խնդիրները:

 

 

ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցի քննարկումը հետաձգելու առնչությամբ որեւէ մեկին որեւէ խնդրանքով կամ առաջարկով չի դիմել, եւ առնվազն տարօրինակ է ռուսական կողմի այդ հայտարարությունը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշել է, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակում է բանակցել իր թեկնածուի շուրջ: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարության մասին Վլադիմիր Պուտինի հետ չի խոսելու, քանի որ ռուս գործընկերոջ հետ ավելի կարեւոր հարցեր կան քննարկելու: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարեւոր հարցը չէ, նույնիսկ երկրորդական է, հանդիպումներին շատ ավելի լուրջ հարցեր ենք քննարկում, մասնավորապես` ՀԱՊԿ անդամ-պետությունների պարտավորությունների կատարման հարցը ՀԱՊԿ անդամ մյուս երկրների առջեւ»,- ընդգծել է Ն.Փաշինյանը: Նշենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատարը մեկնում է Սանկտ Պետերբուրգ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակում կլինեն նաեւ ոչ ֆորմալ շփումներ: Ըստ Ն.Փաշինյանի` Պուտինի հետ հնարավոր է քննարկվի նաեւ գազի գնի հարցը:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ
ՀՀ-ում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այս մասին հայտարարել է Լին Թրեյսին, որին նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար եւ բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարեւանների հետ: Եւ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին»,-հայտարարել է Թրեյսին: Իր ելույթում դիվանագետն ընդգծել է, որ շատերի նման ոգեւորված էր Հայաստանի «Թավշյա հեղափոխությամբ»` ավելացնելով, որ Հայաստանին առջեւում դեռ մեծ աշխատանք է սպասում անցած վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար, իսկ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ազատության ձգտմանը:




Լրահոս