ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՆՑԵԼ Է ՋՐԻ ՀԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր, թե թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում գոյություն ունեցող բարքերը փոխվել են, եւ դեռ ավելին` փոխվել են պատկերացումները ՀՀ իշխանության մասին: Սակայն պարզվում է` իրականությունը որոշ դեպքերում միանգամայն հակառակն է: Մարզերում, հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, որ պետք է արտոնյալներ չլինեն, պարզվում է` դեռ կան տեղական իշխանիկներ, որոնք եւ «խայտառակում են ռեսպուբլիկան»:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, օրինակ, ՀՀԿ իշխանություններին հատուկ բարքերն ավելի են թեժացել նախընտրական շրջանում: Ընտրակեղծարարության համար դատապարտված երիտասարդ քաղաքապետը` Վազգեն Ադամյանը, չի հանդարտվում անգամ դատարանի վճռով փորձաշրջան անցնելուց հետո:
Ամեն ինչի մասին ամենասկզբից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս 2017 թվականի ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Վազգեն Ադամյանն իր ողջ թիմով պայքարում էր ՀՀԿ-ի հաղթանակի համար: Նրան, իհարկե, հաջողվել էր սպասված արդյունքին հասնել: Բանն այն է, որ այդ ընտրություններից հետո Վազգեն Ադամյանի նկատմամբ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Ըստ դատավճռի հիմնավորման` 2008 թվականից Ճամբարակի ավագանու անդամ Վազգեն Ադամյանը ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով: Ընտրախախտումը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի 20/24 ընտրական տեղամասում, որտեղ քվեարկելու էր գնացել Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Ղուլյանը: Վազգեն Ադամյանը ցանկացել է իմանալ, թե համաքաղաքացին ում օգտին է քվեարկում: Քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով նա մոտեցել է Ղուլյանին, ու չնայած վերջինիս մերժումներին՝ Ադամյանը նրան հանգիստ չի թողել, հետեւից քայլելով մոտեցել է քվեախցիկին եւ հսկել: Այդքանից հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Բայց, դե, դատարանը շատ մեղմ պատժի է արժանացրել` կեղծարարին ընդամենը տուգանելով: Ասել է թե` Ադամյանը «ջրից չոր դուրս եկավ»:
Մաս երկրորդ
Այսքանով, սակայն, քաղաքապետ Ադամյանի արկածները չեն ավարտվել: Նա մեկ անգամ եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վազգեն Ադամյանը մեղադրվել է խուլիգանություն կատարելու մեջ: 2013 թվականին նա «տղայական ռազբորկայի» կիզակետում է հայտնվել` հարցերը փորձելով լուծել բռունցքների օգնությամբ: Ըստ մեղադրական եզրակացության` Ճամբարակում գործող խորտկարանի բակում ավտոմեքենաների կայանման առիթով առաջացած վիճաբանության ընթացքում, օգտագործելով այդ չնչին առիթը, սանձարձակ, անզուսպ եսասիրությամբ, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից մղված բռունցքով հարվածել է Սամվել Սարգսյանին: Ապա Վազգեն Ադամյանին են միացել նրա ընկերները: Եվ չորս ընկերներով ոտքերով եւ ձեռքերով ծեծել են երիտասարդին:
Ադամյանն իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանն էլ որոշել է տաքարյուն երիտասարդին դատապարտել մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ըստ էության, քաղաքապետը փորձաշրջան է անցել եւ «խելոք մնալու երդում տվել»:
Ծեծ ու ջարդով հարց լուծող երիտասարդը պետք է դառնար քաղաքապետ` պայքարելով այն թեկնածուի դեմ, ում համար ժամանակին «դոշ էր տվել»: Խոսքը իր նախորդի` ՀՀԿ-ական Յուրա Ավալյանի մասին է: Մամուլում նախորդ տարվա նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններից առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ավալյանի եւ Ադամյանի միջեւ տարաձայնություններ են ծագել բենզալցակայան կառուցելու հարցի շուրջ: Ավալյանը հրաժարվել է իր շահերի համար պայքարած Ադամյանի ցանկությունը կատարել:
Վիրավորված երիտասարդի վրեժը չի ուշացել: 2017-ի ապրիլին ՀՀԿ-ի հաղթանակի համար ջանք ու եռանդ չխնայած Ադամյանը նույն տարվա նոյեմբերին պայքարում էր ՀՀԿ-ի թեկնածուի դեմ:
Դե, բնականաբար, նրա հրահանգով աշխատած «ստաժավոր» ընտրակեղծարարներն այդ ժամանակ անցան գործի` արդեն սպասարկելով Ադամյանի շահերը:
Արդյունքում, պատկերը հետեւյալն էր. Յուրա Ավալյանը չընտրվեց, նա հավաքեց 1424 ձայն: Փոխարենը ընտրվեց ընտրակեղծարար Վազգեն Ադամյանը: Բայց չնայած սրան` Ադամյանին քաղաքապետ «ընտրեց» 4349 ճամբարակցի:
Ու հիմա ժամանակին ընտրակեղծարարության համար դատապարտված քաղաքապետը փորձում է ներքին կարգով միջամտել ընտրական գործընթացներին՝ չմոռանալով իրեն հռչակել անկուսակցական ու պատրանք ստեղծել, թե ոչնչի հետ գործ չունի: Եւ զարմանալին այն է, որ նոր իշխանությունները հանդուրժում են ամենատարբեր քրեական գործերով անցած քաղաքապետին, փոխանակ զբաղվեն նրա կատարած արարքներով:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար փորձեց դիմել Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին, սակայն մեր բոլոր ջանքերն ու փորձերն ապարդյուն անցան: Այսպես ասած՝ քաղաքապետը իջել է «ջրի հատակը», մինչեւ անցնեն ընտրությունները:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ թեկնածուները մեկը մյուսի հետեւից հայտարարեցին, թե իրենց համախոհներին սպառնում են, ահաբեկում են, ուղղորդում են: Մասնավորապես, վերջին թարմ դեպքերը Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Մարգարիտ Եսայանի գրեթե նույնաբովանդակ հայտարարություններն են:
Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն` հաղորդելով, որ համացանցում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում: Երեկ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը հրավիրվել է բացատրություն տալու: Մինչ այդ Արփինե Հովհաննիսյանի` սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ ոստիկանությունը հայտնել է, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա ոստիկանությունը հայտնել է, որ այն ստահոդ է եւ պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ. ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին եւ հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը:
Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հայտարարեց, որ ինքն այսօր է հրավիրված ոստիկանություն:
«Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլ Փաշինյանի վախեցած եւ խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ», – իր խոսքում հավելել է Աշոտյանը:
Այդուհանդերձ, ՀՀԿ-ական պատգամավորների արձագանքներն անհասկանալի են: Մինչ իրավապահներն ընթացք են տալիս իրենց հայտարարություններին` փորձելով պարզել նրանց թիմակիցներին ահաբեկողներին, ՀՀԿ-ականներն այդ գործողությունները որակում են որպես քաղաքական հետապնդում, նախընտրական ճնշում եւ այլն: Ընդ որում, խոսքը ոչ թե շարքային ՀՀԿ-ականների, այլ ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցրած, այսօր դեռ պատգամավորի մանդատ ունեցող անձանց մասին է, որոնց հազիվ թե կարելի է ոստիկանություն հրավիրելով ճնշել: Հետաքրքիր է` եթե ոստիկանությունը որեւէ կերպ չարձագանքեր «օրենսդիրականների»` իրավական երանգներ պարունակող հրապարակային խոսքերին, այդ ժամանակ ի՞նչ մեկնաբանություն կլիներ նրանց կողմից: Որ իրավապահներն անտեսո՞ւմ են իրենց թիմակիցների նկատմամբ ապօրինությունները, անգործությո՞ւն դրսեւորում:
Ի դեպ, քննության ընթացքից ելնելով` հայտնի չէ անգամ` սպառնալիքների եւ ահաբեկումների մասին հայտարարություն արած ՀՀԿ-ականները որեւէ փաստ, ապացույց ներկայացրել են արդյոք իրավապահներին:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

2-4 ՏԱՐԻ ԿՍՊԱՍԵՆ
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Երեւանում քարոզարշավ իրականացրեց անգամ քաղաքային տրանսպորտում. սկզբում նա երթեւեկեց մետրոյով` այդ ընթացքում զրուցելով քաղաքացիների հետ, նրանց նախընտրական բուկլետներ բաժանելով: Հետո նա նաեւ ավտոբուսով երթեւեկեց: Մասնավորապես, 54 համարի ավտոբուսում մի կին հետաքրքրվեց` ուսապարկի պարունակությունը նո՞ւյնն է, թե՞ փոխվում է, կոնֆետ կա՞ այնտեղ: Փաշինյանն իր թիկնազորից հետաքրքրվեց` կա՞ կոնֆետ, եւ հյուրասիրեց տիկնոջը: Վերջինս պատմեց, թե հեղափոխությունից հետո ավտոբուսներն ու երթուղայինները նույն կերպ գերբեռնված են լինում, բայց դժգոհող մարդկանց թիվը նվազել է: Նիկոլ Փաշինյանը տեղում զանգահարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: «Պարո՛ն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ, ու մարդիկ հարցնում են, թե երբ «Գազել»-ներից կազատվենք: Ի՞նչ ասեմ»,- հետաքրքրվեց Փաշինյանը: Մարությանի հետ բավականին երկարատեւ քննարկումից հետո Փաշինյանն ուղեւորներին տեղեկացրեց, որ տրանսպորտի բարելավման գործընթացը կտեւի 2-4 տարի: «Ոչինչ, էսքան տարի դիմացել ենք, մի քիչ էլ կդիմանանք»,- արձագանքեցին ուղեւորները:

 

 

ԿՐԿԻՆ ՏԱՊԱԼՎԵԼ Է
Հայաստանի արդեն լուծարված Ազգային ժողովի նիստը երեկ կրկին տապալվել է քվորում չլինելու պատճառով: Գրանցվել էր ընդամենը 11 պատգամավոր: Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ հերթական նիստի սկզբում Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա էր 12 պատգամավոր, մինչդեռ նիստը սկսելու համար անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայությունը: Նշենք, որ երեկվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացված միջնորդության քննարկումը, որը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի հանդեպ քրեական հետապնդման հարուցմանը, ինչպես նաեւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու մասին հարցին:

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ
Երեկ գիշերը կրակոցներ են հնչել Երեւանում. «Էրեբունի» բկ են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ` սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով: Պարզվել է, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից: Վիրավորներից 2-ի ինքնությունը պարզվել է. նրանք են` 29-ամյա Գեւորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են: Նշված հասցեում` բաղնիքի ներսում, հայտնաբերել են նաեւ «Մակարով» ատրճանակի պահունակ, որի վրա կան արյան հետքեր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս